Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հակառակ երեւույթն էր տեղի ունենում: Այս առնչությամբ Կենտրոնական բանկը տարիներ շարունակ ունեցել է բավական սպառիչ ու տեսականորեն հիմնավորված պատասխան. «Արտարժույթի կուրսն ազատ լողացող է, մենք փոխարժեք չենք կարգավորում»: Նոյեմբերի 15-ից գործում է ԿԲ «ստեղծած» նոր կառույցը` Արտարժույթի բորսան, որտեղ «շուկայական» առաջարկի ու պահանջարկի հիմքի վրա ձեւավորվում է փոխարժեքը: Ըստ էության, ԿԲ-ն արդեն ունի իր օրինական քավության նոխազը` Ֆոնդային բորսան: Կարելի է եզրակացնել, որ ԿԲ-ն լիովին նորմալ է համարում այն երեւույթը, որ քաղաքացին կամ տնտեսվարող սուբյեկտը կարող է արթնանալ ու տեսնել, որ դոլարի գինը 5 դրամով նվազել է, իսկ հաջորդ առավոտյան այն նույնքան աճում է: Մի խոսքով, այս առնչությամբ ԿԲ-ից իրատեսական պարզաբանումների հույս այլեւս չունենք:
Տարեվերջին դրամի արժեւորումն ակնկալվող երեւույթ է` կապված արտասահմանից տրանսֆերտների ներհոսքով: Բայց նկատենք, որ «խոպանչիները» դեռ չեն սկսել գումարներ ուղարկել, ուստի այս տեսակետը փոքր-ինչ անհիմն է: Միգուցե օտարերկրյա ներդրումնե՞րն են որոշել կտրուկ աճել եւ մեր բանկային համակարգը «ողողել» արտասահմանյան փողերով: Քաղաքականապես անկայուն այսպիսի սեզոնում վերջին հանգամանքն էլ, հազիվ թե, հնարավոր է: Ի դեպ, երբեմն տեսակետներ են հնչում, որ դոլարի գնի անկումը կարող է պայմանավորված լինել արտասահմանից քաղաքական ընդդիմության ֆինանսավորմամբ: Բայց եթե նույնիսկ տեսականորեն հնարավոր համարենք այս կարծիքը, ապա մինչեւ այդ փողերը շուկայում չշրջանառվեն, փոխարժեքի վրա ազդեցություն չեն թողնի: Իսկ այս օրերին նման վարկածը հիմքեր չունի:
Լավ, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում: Երեւույթին նայենք այլ տեսանկյունից: Ովքե՞ր են շահագրգռված, որ արտասահմանյան ապրանքներն էժանանան: Իհարկե ներմուծողները, բայց ոչ թե մանր ու միջին, այլ` խոշոր, քանի որ միայն նրանք կարող են խաղի կանոնները փոխել: Հիշենք սեպտեմբերի սկիզբը: Բենզինի միջազգային գինը կտրուկ աճում էր, իսկ հայաստանյան շուկայում` ոչ: Փոխարենն ընկնում էր դոլարի գինը: Այսօր կրկին նկատվում են համաշխարհային բենզինի թանկացման եւ զուգահեռաբար` Հայաստանում դոլարի էժանացման միտումներ: Սա խոսում է այն մասին, որ հայաստանյան ներմուծողներին ձեռնտու է` ի պատասխան համաշխարհայինի` տեղական շուկայում իրենց ապրանքների գները չբարձրացնել` միաժամանակ չցանկանալով հրաժարվել գերշահույթներից: Այս դեպքում նրանց «օգնության է հասնում» դոլարի ազատ լողացող կուրսը, որն արդեն ընտելացել է իրենց «դուդուկի տակ պարելուն»: