«Արտ լաբորատորիա» մշակութային հասարակական կազմակերպությունը (հ/կ) «Թումանյանական ընթերցումներ» խորագիրը կրող ցուցահանդեսով կրկին արվեստի տիրույթում «բախեց» իրականության դուռը:
Հովհ. Թումանյանի թանգարանում իրականացվող այս ցուցահանդեսը բավականին բազմաշերտ, կոնցեպտուալ իմաստով թեեւ ռեալիստական, աբսուրդային (որը մեր հասարակական կյանքում առկա է) ենթատեքստերով է, այդուհանդերձ, մտքերը շատ համարձակ ու իրականությունն արտացոլող են: Այս օրերին Թումանյանի թանգարանում հայտնվել են մեր քաղաքային եւ մարզային տարածքների այն «կտորները», որտեղ ոմանք ընտրակաշառք են պահանջում, ոմանք` բաժանում, իսկ ընդհանուր առմամբ` ցուցահանդեսի ձեւաչափն ամբողջությամբ արձանագրել է հասարակական-քաղաքական «վարքագծի» մինի-պրոյեկտը: «Ցուցահանդեսը, որն «Արտ լաբորատորիան» իրականացնում է առաջիկայում կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին, նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հովհ. Թումանյանի պատկերով: Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը»,- սա «Արտլաբի» դիրքորոշումն է, համաձայն որի` կոռումպացված հասարակությունը կործանվում է, որովհետեւ ապրում է անազնիվ գիտակցությամբ, իսկ եթե չի կործանվում, ապա այն այնպես է այլասերվում, որ ավելի լավ է` կործանվի: Բավականին հետաքրքիր ձեւաչափ է մեզ համար ազգային արժեք համարվող Թումանյանի «տանը» տեսնել այն ցուցափեղկը, որտեղ տուկի թելը, կարտոֆիլը, ձուն, այսինքն` ընտրակաշառքը, լույս է սփռել Հայաստանի Երրորդ Հանրապետության «ավանդույթների» վրա: Ցուցահանդեսի հեղինակներից Արթուր Պետրոսյանը ընտրակաշառքի թեմայով ցուցահանդեսի վայրը թանգարանն ընտրելը պատահական չի համարում` բացատրելով, որ Թումանյանն ինքը հեղափոխական էր ու ընդվզող: ««Թումանյանական ընթերցումներ» ցուցահանդեսն ընտրակաշառքին է վերաբերում, քանի որ մինիմալ ընտրակաշառքը սկսվում է 5000 դրամից, հետեւաբար` այն դարձել է սիմվոլ: Երեւի կհիշեք Հրազդանի 5000 դրամ ընտրակաշառք պահանջող կնոջը: Այստեղ Թումանյանի ընթերցման տեսակ էլ կա, օրինակ, Արփին կարդում է Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հրապարակախոսական հոդվածը, ինչպես նաեւ նրա բանաստեղծությունը` կարմիրով զետեղած կա եւ գրողի պատկերով 5000 դրամը: Այսինքն` ներկայացված են ընտրություններին ընդառաջ իրավիճակները, որը բերում է ընտրակաշառքի բացահայտմանը, մեխանիզմներին, տեսանելիությանը, դրդապատճառները եւ այլն»,- ասում է Ա. Պետրոսյանը` հավելելով, որ ցուցահանդեսն իր ինստալյացիաներով, պաստառներով, վիդեոներով, իբրեւ ելակետ` բերում է ապստամբության գաղափարը: Ի դեպ, «Թումանյանական ընթերցումներ» ցուցահանդեսը ներկայացրել է նաեւ Վարդան Ջալոյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Արա Նեդոլյանի հրապարակախոսական հոդվածները, որոնք շատ հետաքրքիր եւ լայնաշերտ են: Թումանյանի թանգարանն իբրեւ գրական, արվեստի տարածք` այս ցուցահանդեսի արդյունքում ոչ միայն չի խախտվել, այլեւ ցուցահանդեսի էքսպոզիցիաները կատարվել են բավականին հետաքրքիր «չեզոք» միջամտություններով: Այլ կերպ ասած` վիզուալ տարածքը փոփոխության չի ենթարկվել, պարզապես Թումանյանի թանգարան է ներխուժել Թումանյանի պատկերով ընտրակաշառքը «վավերագրող» մեր իրականությունը: Այսինքն` Թումանյանի տան ինտերիերի մեջ հիմա նաեւ տեղ է զբաղեցնում Թումանյանի սիմվոլով կաշառքը: Նաեւ շատ զարմանալի է, որ այս նախագիծն առանց խոչընդոտների իրականացվել է Թումանյանի թանգարանում, քանի որ ինքը` ցուցահանդեսն, իր բնույթով` արդեն ապստամբություն է։ «Շատ շնորհակալ ենք թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, որովհետեւ սա, փաստորեն, իր պրոյեկտն է: Սկզբում պատկերացում չունեինք, որ ընդհանրապես մեզ թույլ կտան Թումանյանի թանգարանում իրականացնել ցուցահանդեսը: Ցուցասրահի վրա էինք փորձում կողմնորոշվել, բայց սենյակներն ավելի հետաքրքիր էին, եւ որոշեցինք ներխուժել Թումանյանի տարածքի մեջ»,- ասում է Ա. Պետրոսյանը` նկատելով, որ ցուցահանդեսի բացման ժամանակ շուրջ 100 մարդ է եղել: Մինչդեռ թանգարանում 10 հոգուց ավելի մարդու չի թույլատրվում մուտք գործել, եւ շատ հետաքրքիր էր մարդկանց շարքերով ներս ուղեկցելը: Այդուհանդերձ, «Թումանյանական ընթերցումներ» ցուցահանդեսի էքսպոզիցիան իր բնույթով մեր իրականությունն է` մխրճված միֆական տարածքի մեջ: Հեղինակները մատնանշում են այն հանգամանքը, որ Թումանյանը շատ ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է եղել եւ զբաղվել է քաղաքականությամբ, անգամ ազատազրկվել է գաղափարների համար: Այսինքն` ցուցահանդեսը ոչ միայն չի հակասում Թումանյանին, այլեւ` բացահայտում է Թումանյանի բարձրացրած այն խնդիրները, որոնք այսօր էլ ակտուալ են: «Թումանյանի կերպարը մեզ մոտ աղավաղված է, շատերը նրան ընկալում են որպես մորուքով «ձյաձկա», որը գրել է «Շունն ու կատուն»: Խնդիրը նրանում է, որ 5000 դրամի վրա պատկերված Թումանյանի կերպարն աղավաղված է, որովհետեւ մարդը Թումանյանին ասոցիացնում է 5000 դրամի հետ: Մենք Թումանյանին փորձեցինք օգտագործել հակակաշառակերության, հակաքննադատական իր մասով: Օրինակ` նույն «Դառնացած ժողովուրդ» տեքստով, որի մեջ հստակ քննադատություն կա վերեւից ներքեւ` բոլոր դասերի նեխվածության մասին, ինչն այսօր էլ ակտուալ է»,- ասում է Ա. Պետրոսյանը` հավելելով, որ նման ցուցահանդեսները մեր արատավոր իրականության արձանագրումներն են:
Ընդհանրապես ցուցահանդեսը, բացի վիզուալ տարածքից, ամբողջական է հրապարակախոսական հոդվածներով, քանի որ արհամարհված քաղաքացու, կաշառք բաժանող չինովնիկի, հասարակական ընդվզումների, ապստամբության եւ այս թեմային առնչվող այդ հրապարակումները «բացում» են դրանց շարժառիթներն ու հետեւանքները: «Թումանյանի ընթերցումներն» ընդհանուր առմամբ Թումանյանի թանգարանում մեր իրականության «Թումանյանի» շեշտադրումն է, որը կփակվի մայիսի 7-ին: