ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել

04/05/2012

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեկ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ ի՞նչ խնդիրներ են նկատվել իրենց կողմից, ասել է. «Մենք փորձում ենք լավատես լինել եւ տեսնել լուսավոր կողմը»: Միաժամանակ նա ընդգծել է, թե կան նաեւ մտահոգություն հարուցող փաստեր, որոնք վերաբերում են կուսակցությունների կողմից հանրահավաքների անցկացման հարցում ոչ հավասար վերաբերմունքին եւ վարչական ռեսուրսի օգտագործմանը: Ջ. Հեֆերնը նաեւ հավելել է. «Հայաստանը շատ ընկերներ ունի, եւ մենք ցանկանում ենք միասին աջակցել նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ եւ արդար»:

Նրա խոսքով` ընտրական հանձնաժողովների անդամների համար թրեյնինգները շատ կարեւոր են, սակայն առավել կարեւոր է իրավապահ մարմինների, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության քաղաքական կամքը: Ըստ դեսպանի` «վերջին շաբաթներին մենք տեսնում ենք քաղաքական կամքի դրսեւորում», ինչը, նրա դիտարկմամբ` արտահայտվում է պետական այրերի հայտարարություններում: Մասնավորապես, դեսպանը նշեց իշխանությունների` ընտրակաշառքի դեմ պայքարի եւ ընտրողների ձայների գնման վերաբերյալ հայտնողներին պաշտպանելու վճռականության մասին: