Մի խաբվիր, որ չխաբեն

04/05/2012

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ արդեն կարելի է արձանագրել, որ այն ընթացավ ավանդական, հայկական ընտրարշավներին բնորոշ մթնոլորտում ու մեթոդներով: Այս քարոզարշավի, թերեւս, ամենադրական փոփոխությունը հեռուստաեթերի համեմատաբար բաց ու հավասար հնարավորությունն էր բոլոր քաղաքական ուժերի համար: Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս քարոզարշավի հիմնական թեման եւս ընտրակեղծիքները, ընտրակաշառքներն ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն էր: Այսինքն` հերթական անգամ ընտրությունների ենք գնում այն զգացողությամբ, որ դրանք կեղծվելու են: Այդ մասին այնքան է խոսվել, որ մարդիկ ենթագիտակցորեն համակերպվել են եւ ընտրակեղծիքներին ու ընտրակաշառքին վերաբերվում են` որպես անխուսափելի երեւույթի: Նախընտրական շրջանում ընդունված չէ հասարակությանը, ժողովրդին ոչ հաճելի, առավել եւս` մեղադրական գնահատականներ տալ: Այդ պատճառով ընդդիմադիրներից շատերը նույնիսկ կոչ են անում մարդկանց` վերցնել ընտրակաշառքը, բայց քվեարկել խղճի մտոք: Կոչ են անում` չնկատելով, որ ավելի մեծ անխղճություն, քան խիղճ ու կաշառք հասկացությունները համատեղելն է, նույնիսկ իշխանությունը չի կարող մտածել: Ու քանի որ նախընտրական օրերին ընդունված չէ ժողովրդին ոչ հաճո խոսքեր ասել, գրեթե ոչ մեկը չի խոսում, որ իրականում ընտրակեղծիքների, հատկապես` ընտրակաշառքների համակարգը բաղկացած է երկու կողմից, երկու մասնակիցներից` իշխանությունից եւ ժողովրդից, ընտրողից: Ակնհայտ է` որքան էլ անթերի գործի այս համակարգի մասնակիցներից մեկը` իշխանությունը, մյուսի` ընտրողի դիմադրության կամ անհամաձայնության դեպքում, համակարգը կդադարի գործել: Այսինքն` իրականում ընտրությունների օրինականությունը, գուցե ոչ հավասարապես, ոչ նույն չափով, սակայն կախված է երկու հիմնական մասնակիցներից` իշխանությունից եւ ընտրողներից: Մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում` հասարակությունը` անկախ կուսակցական պատկանելությունից: Հասարակությունն իրականում եւ ընտրողը (ընտրակաշառք վերցնող), եւ ակտիվիստը (ընտրակաշառք բաժանող), եւ ընտրական բուն գործընթացի մասնակիցն (հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ) է: Եվ որքան անիմաստ է իշխանությունից պահանջել, որ ընտրակաշառք չբաժանեն, նույնքան տեղին է ընտրողներից եթե ոչ պահանջել, ապա գոնե կոչ անել` մասնակից չդառնալ ընտրությունների կեղծման գործընթացին: Պարզ է, որ ընտրակաշառքների մեքենան գործի է դրվել մեկ կամ գուցե մի քանի ամիս առաջ, սակայն, ինչպես միշտ, գումարների մեծ մասը բաժանվելու է առաջիկա երկու օրերին: Եվ եթե հասարակությունն իսկապես ցանկանում է ազատ ու արդար ընտրություններ, ապա գոնե բարոյական պահվածքով կարող է նպաստել դրան: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեզանից կախվածն անել, որպեսզի ընտրակեղծարարներին դատապարտելու իրավունք ունենանք: Գոնե բարոյական: