– Պարոն Զոհրաբյան, ընդդիմության հետ միասին, ձեր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը քննադատում է, որ կա արտագաղթ, չկա աշխատանք, օրենքները չեն գործում: ԲՀԿ-ն, նույն քննադատությունները հնչեցնելուց բացի` ընտրությունների ընթացքը վերահսկող աննախադեպ քայլեր է ձեռնարկում` բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ է տեղադրում: Ստացվում է, որ թե ընդդիմադիր, եւ թե իշխանական դաշտի բոլոր ուժերը դե՞մ են ՀՀԿ-ին:
– Ուժեղներին են քննադատում, միշտ չէ, որ թույլերին հիշում են: Բնականաբար, ՀՀԿ-ն ուժեղ է, այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է իշխանություն լինել եւ որոշակի առաջընթաց ունենալ: Կան ուժեր, որ շատ մեծ խոստումներ են տալիս` այ, եթե ՀՀԿ-ն հեռանա, մենք կյանքը միանգամից կբարելավենք: Եղբայր, կա ընտրության բնական ճանապարհ` եթե դու անող էիր, պիտի քեզ ձայն տային, ու դու պիտի իշխանության լինեիր: Եթե չես եկել, ուրեմն ինչ-որ մի բան քո մոտ այն չէ, եւ ժողովուրդը քեզ ձայն չի տվել: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզչության ընթացքում նաեւ քննադատական մոտեցումներ ունի, խոսում է թերությունների մասին: Այդ ընդդիմությունը որ գա իշխանության, թերություն չի՞ ունենալու, իդեալակա՞ն է լինելու: Մենք ժողովրդին ներկայացնում ենք այն, ինչ արվել է, ինչը չի արվել: Ժողովուրդն էլ մեզ հավատում է: Մենք էլ ասում ենք, թե` հավատացեք մեզ, որ կյանքը փոխենք ավելի լավը:
– Բայց ընդդիմությունն իր չընտրվելը պատճառաբանում է իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու հանգամանքով:
– Ճիշտ չեն այդ խոսակցությունները, որ ընտրությունները կեղծվում են: Մի քանի տոկոս որոշակի թերություններ կարող են լինել, բայց անհնար է ընդհանրապես կեղծելով գալ իշխանության: Նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ դա հնարավոր չէր, այն ժամանակ էլ պետք էր քվեաթերթիկը գցել արկղը: Առավելեւս հիմա, երբ եվրոպական ու ԱՊՀ դիտորդները մանրակրկիտ հսկելու են: Այնպես որ, երբ ասում ենք` արդար ու թափանցիկ, դրան բավականին մոտ ընտրություններ են լինելու:
– Բայց ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվելու են դրսում` մինչեւ տեղամաս հասնելը, որ կոալիցիոն կուսակցությունները համատարած ընտրակաշառք են բաժանելու: Բացի այդ, կարծիք կա, որ իշխանությունները քվեարկություն են կազմակերպելու նաեւ հանրապետությունից բացակայող ավելի քան կես միլիոն ընտրողների փոխարեն:
– Անընդհատ ասում են, թե ընտրակաշառք է բաժանվում, բայց մի օր աչքներս չտեսավ: Մի հարեւանուհի ունեմ, ասում է, այսքան խոսում են, թե փող եք բաժանում, բա ինչո՞ւ մի անգամ մեզ էլ չտվեցիք: Բոլորին էլ այդպես չեն տալիս, դուրս է գալիս, որ ընդամենը ընդդիմության ուռճացված խոսակցություններ են: Կարող է, ինչ-որ տեղ ինչ-որ անձինք մի քանիսին լավություն են անում, մի բան տալիս են, բայց աչքովս չեմ տեսել, որ կուսակցությունները համատարած բաժանեն: Ես նաեւ չեմ հասկանում, թե խոսքը բացակայողների այդ ինչ ցուցակի մասին է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկնողների եւ ժամանողների տարբերությունը մի քանի հազար է լինում, բայց դա չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Եվ պետք չէ նման ցուցակ հրապարակել: Ճիշտ է, դա պետական գաղտնիք չէ, բայց պետք չի, որ հարեւաններն իմանան, թե ովքեր են գնացել, եւ քանիսը չեն վերադարձել: Դրանք մեր ներքին օգտագործման համար են: Բացի այդ, ընտրություններից հետո եթե հրապարակվեն ցուցակները, ընդդիմությունն ամեն օր մի պատճառ է բռնելու եւ դրանք օգտագործելու է, դատական նիստեր է հրավիրելու: Դե արի ու ապացուցի, որ մարդը ընտրել` նոր է գնացել, կամ նրա փոխարեն ինչ-որ մեկն է ընտրել: Սա ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու պատճառ է, որն իրենց չի հաջողվելու:
– ՀՀԿ-ին չի՞ մտահոգում, որ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս:
– Չէի ասի, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, նախընտրական շրջան է, եւ ցանկացած ուժ, նույնիսկ իշխանական, իր քարոզչության մեջ որոշակի քննադատական տարրեր է մտցնում: Եթե չպիտի քննադատի, էլ ի՞նչ քարոզչություն: Նույնն էլ ԲՀԿ-ն` երբ լսում եմ Գագիկ Ծառուկյանի ելույթները: Իսկ վերջերս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանի ելույթները հակասում են այդ կուսակցության ղեկավարների ելույթներին: Գ.Ծառուկյանը 5 տարի կոալիցիայում լինելով` չի կարող այդքան սուր քննադատել, բայց Օսկանյանի համար շատ հեշտ է քննադատել ուրիշի արած-չարածը: Այնպես որ, այնտեղ երկակի մոտեցում կա: Ես ընդունում եմ Գ.Ծառուկյանի քննադատությունը, բայց Օսկանյանի ասածը կարծես թե «կուստառնի» քննադատություն է: Չեմ հասկանում` դրանով Օսկանյանն ուզում է ընդդիմադիրների ձայնե՞րը բերել: Բայց երկպառակություն կա այդ կուսակցության մեջ: Եթե Օսկանյանն իր անձնական կարծիքն է ասում, ապա ինձ համար տարօրինակ է, որ ցուցակի երկրորդ համարը նման տարբերվող կարծիք ունի:
– ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կարծես թե ՀՀԿ-ին ինչ-որ տեղ ձեռնտու է: Հավանաբար ՀՀԿ-ի համար ավելի ձեռնտո՞ւ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասը ՀԱԿ-ի փոխարեն ընտրի ԲՀԿ-ին:
– Ես չէի ասի, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, մենք դեռ կոալիցիայի մեջ ենք, ընտրություններից հետո, չեմ կարող ասել, թե ուժերի ինչ դասավորվածություն կլինի, կամ քաղաքական ուժերն ինչ համաձայնության կգան: ԲՀԿ-ում ընդդիմադիր դիրքերից հանդես է գալիս մեկ մարդ` Օսկանյանը, որին բոլորս էլ ճանաչում ենք:
– ԲՀԿ-ի հետ վերջին երկու տարիներին լարված հարաբերություններ եք ունեցել: Եթե մեծամասնություն լինեք, ինչպես ՀՀԿ-ում պնդում են, ԲՀԿ-ին նորից կհրավիրե՞ք կոալիցիա կազմել:
– Հիմա դժվար է ասել, բայց կարծում եմ, որ անցած 5 տարիներին մենք ԲՀԿ-ի հետ նորմալ ենք աշխատել: Եթե մի քանի օրենքների կողմ չեն քվեարկել, միայն գաղափարական խնդիր չի եղել: Որոշակի հարկերի հետ կապված դրույթների դեմ են եղել եւ չեն քվեարկել: Ո՞վ է ասել, որ կոալիցիայում ամեն ինչ պետք է հաշտ ու խաղաղ լինի: Այնպես որ, եթե ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմենք, մենք յոլա կգնանք:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք տարբերակը, որ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներով հարուստ ԲՀԿ-ն ոչ թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, այլ ընդդիմություն դառնա:
– Այս պահի դրությամբ դեռ այդ նախանշանները չկան, բացի մի անհատից, որ շատ է ուզում մեզ ընդդիմադիր լինել: Իսկ ԲՀԿ-ն` ի դեմս Գ.Ծառուկյանի, չեմ կարծում, թե մտածում է դառնալ ընդդիմություն: Այնքան, որքան Գ.Ծառուկյանն է քննադատում իշխանություններին, մենք էլ ենք մեզ քննադատում: Օսկանյանը լրիվ այլ քննադատություն է անում, նա դեմ է այս իշխանություններին եւ ասում է, որ մենք սխալ քաղաքականություն ենք վարում: Իսկ Օսկանյանը ԲՀԿ-ում շատ փոքրամասնություն է: Բայց եթե նույնիսկ ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր, նորմալ է: Քաղաքակիրթ երկրներում եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը հավասարաչափ ուժեր են: Օրինակ, ԱՄՆ-ում կան երկու բեւեռներ` հանրապետականներ եւ դեմոկրատներ: Այդ երկու ուժերը ժամանակ առ ժամանակ փոխարինում են միմյանց: Եվ ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ուզում է գնալ ընդդիմադիր դաշտ, բայց իր ձեռքը բռնել են:
– Իսկ միգուցե Հայաստանում ամերիկյան քաղաքական մոդելը ստեղծելու ծրագի՞ր կա: Եվ հենց այդ նպատակով էլ իշխանական լծակներով, բայց ընդդիմադիր կեցվածքներով ԲՀԿ-ն ուժեղացվում է, որ դառնա ՀՀԿ-ին հակակշիռ:
– Դեռ 5 տարի առաջ եմ ասել, որ Հայաստանում եւս ամերիկյան մոդելը ձեւավորվի` քաղաքական փոքր ուժերը համախմբվեն մեծերի շուրջը, եւ մի երկու քաղաքական բեւեռ լինեն: Եթե նման բան լինի, ՀՀԿ-ից հետո ծանրակշիռ քաղաքական ուժը ԲՀԿ-ն է: Ես չեմ տեսնում մեկ այլ ուժ, որ ունի այդ քաշային կատեգորիան եւ իր գործունեությամբ, հանդարտությամբ կարող է այդ տեղը գրավել: Օրինակ, ՀԱԿ-ը նման դեր չի կարող ունենալ ոչ թե քաշի առումով, այլ նրանք ծայրահեղ հեղափոխական, ագրեսիվ ուժեր են: Նման ուժերով պետություն պահելն անհնար է: Նրանք պետք է լինեն կայացած, պետականամետ ուժեր, որ հանգիստ, սահմանադրական ճանապարհով իշխանությունն իրար փոխանցեն:
– Բայց ՀԱԿ-ի դեպքում դա իսկապես կլինի իշխանափոխություն: Եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ձեւավորեն քաղաքական բեւեռներ եւ իշխանությունը միմյանց փոխանցեն, մեծ հաշվով իշխանափոխություն չի լինի:
– Ես այդպես չէի ասի: Ձեր կարծիքով` ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները երբ հաջորդում են միմյանց, նո՞ւյն ուժն են: Ոչ: Մենք էլ նույն ուժը չենք, մենք պահպանողականներ ենք, ԲՀԿ-ն ավելի լիբերալ-դեմոկրատական ուժ է: Պարզապես մենք կոալիցիա կազմեցինք, որովհետեւ այդ ժամանակ երկրին կայունություն էր պետք: Մենք մտանք կոալիցիա, թեեւ որպես մեծամասնություն` դրա կարիքը չունեինք, բայց կայունության համար թե ԲՀԿ-ին, թե ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին առաջարկեցինք միասին աշխատել: Եվ քանի դեռ մենք ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարեւաններ, այդ ապակայունացնող գործոնը միշտ էլ լինելու է: Բայց քանի դեռ այդ գործոնը կա, պարտադիր չէ, որ ամեն անգամ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմենք: Իսկ այս 5 տարիներին ԲՀԿ-ն կայացավ որպես քաղաքական ուժ: ԱՄՆ մոդելը տեսականորեն շատ հնարավոր է, բայց չեմ ասում, որ այս պահին է հնարավոր:
– ՕԵԿ-ի հետ նորից կոալիցիա կկազմե՞ք:
– ՕԵԿ-ն այս 5 տարիներին միշտ պաշտպանել է ՀՀԿ-ին դիրքորոշումը, եւ հակասություններ չեն առաջացել:
– Իսկ «Ժառանգության» հետ կոալիցիա կկազմե՞ք, հատկապես, որ իրենք դա չեն բացառում:
– Ժամանակը կգա` կերեւա: Մի քաղաքական ուժ եթե 5 տոկոսը հաղթահարել եւ անցել է ԱԺ, իրավունք ունի մասնակցել երկրի կառավարմանը: Եվ ՀՀԿ-ն, ինչպես անցած անգամ բոլոր ուժերին առաջարկեց կոալիցիա կազմել եւ միասին կառավարել երկիրը, այս անգամ էլ, կարծում եմ` հնարավոր է, որ մենք նորից առաջին տեղը լինենք, ու հնարավոր է` նորից առաջարկենք կոալիցիա կազմել: Եվ եթե որեւէ մեկը ասի` չենք ուզում, մենք այդ կոալիցիան տեսել ենք, հնարավոր է, որ «Ժառանգությունը» գա: Եվ այսօր այլեւս չկան արեւմտամետ կամ ռուսամետ ուժեր: Կարելի է ասել, որ բոլորս էլ նույնն ենք: Եվ ՌԴ-ի հետ ենք համագործակցում, եւ Եվրոպայի, եւ այլ երկրների հետ:
– ՀՅԴ-ին կհրավիրե՞ք կոալիցիա:
– Կհրավիրենք, եթե գան, եթե շատ դեմ չլինեն այս ընթացքում:
– Իսկ ՀԱԿ-ին կհրավիրե՞ք:
– ՀԱԿ-ի գործը դժվար է, որովհետեւ իրենք մեզ արմատապես, ֆիզիոլոգիապես դեմ են: Ասում են մոնղոլ-թաթար եք, թշնամի եք, քանդեցիք երկիրը, պետք է հեռանաք:
– Փաստորեն ՀՀԿ-ին իրական ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն է:
– ՀԱԿ-ի մեջ կային առողջ ուժեր, հիմա էլ կան: Նրանց մի մասն անջատվեց, ստեղծեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ միացավ «Ժառանգությանը»: Բայց չար ուժերը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գերիշխում են եւ անընդհատ մեզ դեմ են: 2008-ին որ չկարողացան մեզ հաղթել, հիմա անընդհատ մեզ հայհոյում են, վարկաբեկում են:
– Եթե ամբողջությամբ Ձեզ դեմ են ու քննադատում են, ուրեմն չա՞ր ուժեր են:
– Կարելի էր քաղաքակիրթ ձեւով քննադատել, ոչ թե հայհոյել` սկսած առաջին դեմքից: Դա տգեղ է: Անտեղի չարախոսություններ են անում մեր հանդեպ: Նրանց թվում է, որ մեզ հայհոյելով կարող են քվե տանել: Տեսե՞լ եք, որ Ս.Սարգսյանը որեւէ մեկին նման ագրեսիվ բաներ ասի, հավասարակշիռ ելույթներ է ունենում: