«Հեռուստատեսությունում որոշակի դրական փոփոխություններ կան»

04/05/2012

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Հայաստանում, արդեն մի քանի տարի է, ԵՄԱ-ն` Ժուռնալիստների միության եւ «Ինտերնյուս» հ/կ-ի հետ միասին, «Մամուլի ազատության ժամանակը» անվանումով` արդեն ավանդական դարձած մրցանակն է հանձնում տարվա լրագրողին: ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանի խոսքով, այդ մրցանակը մեր հասարակությունում պահանջարկ վայելող ժամանակակից լրագրությունը խրախուսելու մի ձեւ է: Ժամանակակից լրագրության ու դրա զարգացման միտումների մասին զրուցեցինք Բ.Նավասարդյանի հետ:

– «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում Հայաստանի մամուլը կրկին որակել է` որպես անազատ: Համամի՞տ եք այս գնահատականի հետ:

– Այո, մենք ունենք որոշ ցուցանիշներ, որոնք թույլ չեն տալիս ասել, որ ԶԼՄ-ները Հայաստանում ազատ են: Խոսքը հիմնականում հեռարձակվող լրատվամիջոցների մասին է: Այստեղ մենք, ցավոք, ունենք մենաշնորհացման գործընթաց, որը, բնականաբար, հնարավորություն չի տալիս լրագրողներին ազատ գործել, ապահովել խմբագրական անկախություն ԶԼՄ-ներում: Նաեւ ակնհայտ է, որ այսօր մեր լրատվական դաշտի իրավիճակն այդ հատվածում այնպիսին է, որ համարյա հնարավորություն չկա, որպեսզի այնպիսի սեփականատերեր, ովքեր անմիջականորեն կապված չեն իշխանությունների հետ, մտնեն այդ կարգի բիզնեսի մեջ: Հիմնական խնդիրը մենաշնորհն է, եւ միայն իշխանություններին մոտ կանգնած բիզնես շրջանակները կարող են ունենալ սեփականություն այդ ոլորտում:

– Մինչեւ 2002թ. մեր մամուլը բնորոշվում էր` որպես մասամբ ազատ: Ի՞նչն է փոխվել:

– Այն ժամանակ դաշտում այդքան խիստ կարգավորում չկար: Սկզբունքորեն հնարավոր էր, որ իշխանությունների հետ կապ չունեցող ինչ-որ մեկը հիմնադրեր հեռարձակող լրատվամիջոց` հեռուստատեսային ընկերություն: Դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ մինչեւ 2000-ականների սկիզբը հեռարձակող լրատվամիջոց հիմնադրելը մեծ ներդրում չէր պահանջում: Այսօր, իհարկե, շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջվում, եւ այդ մեծ ներդրումների հնարավորությունն ունեն միայն այն սեփականատերերը, ովքեր մոտ են կանգնած իշխանությանը: Դա հարցի զուտ տնտեսական կողմն է: Բայց նաեւ մինչեւ 2000-2001թթ. հեռարձակվող լրատվամիջոցների ամբողջ դաշտը վերահսկելու հստակ մեխանիզմ չէր ձեւավորվել: Այսինքն` չկար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» այն անընդունելի օրենքը, որն ընդունվել է 2000թ. վերջին: Չկար հեռարձակվող լրատվամիջոցների դաշտը կարգավորող մարմին, ինչպիսին է ՀՌԱՀ-ը, որն ինչ-որ տեղ ոստիկանի դեր է կատարում: Չնայած Սահմանադրության մեջ գրված է, որ դա այն մարմինն է, որն ապահովում է խոսքի ազատություն, բայց իրականում, ինչպես ձեւակերպված է օրենքում, ՀՌԱՀ-ն իր ֆունկցիաներով, իր ձեւավորման եղանակով ուղղակի պետությունը կամ իշխանություններին ներկայացնող ոստիկանական մարմին է հեռարձակվող լրատվամիջոցների դաշտում: Եվ այդ «ոստիկանության» նպատակն է` թույլ չտալ, որպեսզի որեւէ այլընտրանքային հեռարձակվող լրատվամիջոց մտնի այդ դաշտ: Չնայած այդ հոդվածում որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, բայց դրանք բացարձակապես չեն բարելավել օրենքը, քանի որ այսօր էլ ՀՌԱՀ-ը ձեւավորվում է 50 տոկոսով ՀՀ նախագահի կողմից, եւ մնացած 50 տոկոս անդամներին, այսինքն` 4-ին, ընտրում է խորհրդարանը: Ես շատ լավ հասկանում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը կարող է ընտրել ՀՌԱՀ-ի անդամին, եւ ՀՀ նախագահը Հայաստանում ներկայացնում են նույն քաղաքական դաշտը: Այսինքն` դա որեւէ տարբերություն ընտրության առումով չի բերում:

– Ըստ զեկույցի` Վրաստանն այս տարի բարելավել է դիրքերը, իսկ ՌԴ-ն ու Զիմբաբվեն գրեթե նույն հարթության վրա են: Ձեր կարծիքով` դա իրականության արտացոլո՞ւմն է:

– Շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում տեղեկատվական դաշտում, եւ՛ մեր տարածաշրջանում, եւ՛ ընդհանրապես աշխարհում, եւ ես պատկերացնում եմ, որ ամեն անգամ ավելի ու ավելի բարդ է դառնում «Freedom House»-ի նման կազմակերպությունների համար ձեւավորել այնպիսի նույնական չափորոշիչներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել իրավիճակը իրենց կառուցվածքով, կառավարման համակարգով սկզբունքորեն տարբեր երկրներում: Երեւի այստեղ այս բարդությունները դրսեւորվել են: Կոնկրետ Վրաստանի դեպքում չէի համաձայնի տրված գնահատականի հետ, քանի որ Վրաստանում միտումներն այնպիսին են, որ գործադիր իշխանությունը գնալով ավելի ու ավելի հզոր լծակներ է ձեռք բերում հեռարձակվող լրատվամիջոցների դաշտը վերահսկելու համար: Նաեւ որոշ զարգացումներ են տեղի ունեցել 2011թ., կրպակների հետ կապված, որոնք դժվարություններ են ստեղծել որոշ տպագիր լրատվամիջոցների համար, որոնք չեն համագործակցում իշխանությունների հետ: Այսինքն` վիճակն այդ երկրում 2011թ. հաստատ չի բարելավվել նախորդ տարիների համեմատ: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա երեւի հաշվի չեն առնվել այնպիսի երեւույթներ, ինչպես, ասենք, ինտերնետում հեռարձակում իրականացնող տարբեր լրատվամիջոցների գործունեությունը: Այդ հեռարձակողների գործունեությունը չի սահմանափակվում ինտերնետով: Այսինքն` կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող ընկերությունների մի մասը ներառում է այդ ինտերնետային հեռարձակողներին իրենց փաթեթների մեջ: Գնալով այդ ինտերնետային հեռուստաալիքներն ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում ՌԴ-ում, եւ դա, իհարկե, այլընտրանքային կարծիքի, տեղեկատվության, եւ ընդհանրապես այլընտրանքային լրատվամիջոցների գործունեության, գոյատեւման համար շատ ավելի լավ պայմաններ է ստեղծում ՌԴ-ում, քան եղել է առաջ: Այսինքն` զուտ տեխնոլոգիական առաջընթացը ՌԴ-ում ակնհայտորեն անդրադառնում է խոսքի ազատության վրա. ոչ թե պետական քաղաքականությունը, այլ տեխնոլոգիաների զարգացումը, օբյեկտիվ զարգացումը, որը որեւէ կերպ կախված չէ այդ երկրի իշխանություններից: Ես կարող եմ ասել, որ բազմակարծության առումով ՌԴ-ում դրական տեղաշարժ է դիտվում: Երեւի «Freedom House»-ը չի հասցրել դա ֆիքսել: Դա է ՌԴ-ում բերել այն ամբողջ հասարակական ակտիվության բարձրացմանը, որ տեղի է ունեցել Պետդումայի դեկտեմբերի 4-ի ընտրություններից անմիջապես հետո: Այդ առաջընթացը տեղի չի ունենում մեզ նման ավելի փոքր երկրներում: Առայժմ մեր տեխնոլոգիական առաջընթացը հեռարձակման առումով մեծ հաջողությունների չի բերել. ինտերնետային հեռարձակման համար լսարանը մնում է բավականին սահմանափակ: Սակայն, ես կարծում եմ, որ 2012թ. սկզբին Հայաստանում ոչ սկզբունքային, բայց որոշակի դրական փոփոխություններ կան:

– Ինչպիսի՞ փոփոխություններ են դրանք:

– Դրանք անմիջապես կապված են ԱԺ ընտրությունների հետ, առաջին հերթին` հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանման հարցում: Չնայած այդ լրատվամիջոցները մնում են վերահսկման տակ, բայց վերահսկման հնարավորությունն այս փուլում օգտագործվում է, որպեսզի դրական հրահանգներ տրվեն: Այսինքն`աշխատեք ամեն ինչ լուսաբանել հավասարակշռված ձեւով, բոլոր քաղաքական ուժերին անհրաժեշտ ուշադրություն դարձնել եւ ժողովրդի համար ասելիքը տեղ հասցնելու հնարավորություն ստեղծել իրենց համար: Դա ես պայմանավորում եմ երկու բնական գործոններով. առաջինը` լրատվամիջոցների գործունեության գնահատականը շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ընդհանրապես ընտրությունների որակի գնահատման համար: Եվ ՀՀ իշխանությունները շահագրգռված են դրական գնահատական ունենալ միջազգային հանրության կողմից: Երկրորդ գործոնը, ինձ թվում է, այն է, որ իշխանական շրջանակները հասկացել են, որ գնալով այլընտրանքային լրատվամիջոցները` ինտերնետը, ավելի ու ավելի մեծ ազդեցություն են գործում հասարակական կարծիքի վրա: Այս պայմաններում հնարավոր չէ չփոխել ավանդական լրատվամիջոցների աշխատանքը, չհարմարեցնել նոր իրավիճակին, երբ տեղեկատվական բազմազանությունը կարծես թե կամաց-կամաց սկսում է հաղթել, չանել այնպես, որ մարդիկ չվստահելով հեռարձակվող լրատվամիջոցներին, բոլոր միջոցները փնտրեն, որպեսզի տեղեկատվությունը ստանան այլընտրանքային աղբյուրներից: Պետք է պահել լսարանը, եւ դրա համար պետք է նաեւ բարելավել իրենց աշխատանքը: Դա այն է, ինչ մենք այսօր տեսնում ենք: Առայժմ դա հնարավորություն չի տալիս խոսել որակական փոփոխությունների մասին, որովհետեւ, ի վերջո, ընտրությունների ժամանակ այդ բազմակարծության հարցը հեշտ է լուծել, որովհետեւ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, եւ եթե նրանց հնարավորություն ես տալիս խոսել հեռուստաեթերով, դու այդ փուլի համար բազմակարծության խնդիրը լուծում ես: Բայց ընտրություններից դուրս մենք, իհարկե, ունենք հասարակական շերտեր, շրջանակներ, որոնք շատ ավելին են, քան այդ 9 ուժերը: Չկա հստակ ցուցակ` դու ում պետք է ամբիոն տրամադրես: Դու պետք է գտնես այն բոլոր հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող կարծիքները, որոնք կան հասարակության մեջ: Այսինքն` խոսքի ազատության ապահովումն ընտրություններից դուրս շատ ավելի բարդ ու պատասխանատու խնդիր է: Մենք դեռեւս չգիտենք` եթե նույնիսկ այդպիսի ցանկություն լինի, մեր իշխանական շրջանակների հսկողության տակ գտնվող հեռարձակող լրատվամիջոցներն ինչքանո՞վ կկարողանան այդ խնդիրը լուծել` հաշվի առնելով, որ իրենք ունեն տարիների բացասական փորձ` ինչպես անել, որ ինչքան հնարավոր է քիչ կարծիքներ հնչեն, քիչ բազմազանություն լինի հիմնականում քաղաքական եթերում:

– Ի՞նչ եք կարծում, դա պրոֆեսիոնալիզմի պակասի՞ց է:

– Ինչ-որ առումով կարելի է այդպես ասել, որովհետեւ, ի վերջո, մարդիկ իրենց մասնագիտությունը սովորում են պրակտիկ գործունեության ընթացքում: Եվ եթե պրակտիկ գործունեության ընթացքում իրենք ունեն այդ հրահանգները, նրանք աշխատում են այդ հրահանգների ներքո: Վերջին 12 տարվա ընթացքում հեռարձակվող լրատվամիջոցների լրագրողները սովորել են ամբիոն չտրամադրել այլընտրանքային կարծիք ունեցողներին, աշխատել տարբեր սեւ ցուցակներով, սահմանափակվել թեմաների ընտրության առումով: Պրոֆեսիոնալ ունակություններ ունենալով` սովորել են հենց այդ աշխատաոճը: Չի կարելի ասել, որ խորհրդային ժամանակահատվածում լրագրողները պրոֆեսիոնալ չէին: Այն ժամանակվա տեղեկատվական միջավայրի, այն կանոնների համար, որ գործում էին` նրանք պրոֆեսիոնալ էին: Ոմանք դրանից հետո կարողացան ընտելանալ նոր վիճակին, մի մասը չկարողացավ եւ մնաց այն շրջանակների ներքո: Մոտավորապես նույն մարտահրավերները կարող են լինել նոր սերնդի լրագրողների համար: Հիմա, եթե մեր լրատվական դաշտը բացվում է, պետք է սովորեն մի այլ բան: Բնականաբար, նույնիսկ, երբ հրահանգը փոխվում է, նրանք պետք է ինչ-որ ժամանակ ծախսեն, որպեսզի կարողանան այդ նոր հրահանգները կատարել, այդ նոր իրավիճակում, նույն պայմաններում աշխատել: Դա եւ՛ նոր փորձ է պահանջում, եւ՛ նոր գիտելիքներ: Ինչքանո՞վ արագ դա տեղի կունենա (եթե, իհարկե, այդ հրահանգի փոփոխությունը տեղի ունենա), կամ կշարունակվի՞ նաեւ ընտրություններից հետո` մենք դեռ չգիտենք:

– Իսկ Ձեր մշտադիտարկումների արդյունքում ինչպիսի՞ դինամիկա է նկատվում:

– Մեր նախնական մշտադիտարկումը, որ կատարել ենք 2011թ. նոյեմբեր-դեկտեմբերին, ցույց տվեց, որ նախորդ տարիների համեմատ` առանձնապես ոչ մի բան չի փոխվել: Սակայն 2012թ. մարտի ընթացքում մենք արձանագրել ենք բավականին լուրջ դինամիկա: Նույնիսկ, եթե համեմատենք մարտի սկիզբը եւ վերջը, կտեսնենք, որ բավականին փոխվել է. այս կամ այն կերպ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գործունեության լուսաբանումն ավելի բաց է, ներառական: Այդ դինամիկան շարունակվեց նաեւ ապրիլին` նախընտրական քարոզչության շրջանում: Ասեմ, որ գնալով ավելի ու ավելի բարդանում է մեր հեռուստաընկերությունների, հեռարձակող լրատվամիջոցների գործը: Պայքարը թեժանում է, եւ, բնականաբար, դա նոր դժվարություններ է ստեղծում լրագրողների համար: Ինչքան էլ ամենավերեւից իրենք պրոֆեսիոնալ, լրատվամիջոցների միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատելու հրահանգ ստանան, միեւնույն է` բացի այդ ամենավերեւից, կան բազմաթիվ այլ գործոններ, այլ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդել լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատանքի վրա: Եվ այդ ազդեցություն ունեցող շրջանակներից կամ մարդկանցից ոչ բոլորն են նույն արժեքների տերը եւ ունեն նույն ցանկությունը, որպեսզի հավասարակշիռ լուսաբանում լինի: Ինչքանով մեր լրատվամիջոցները, լրագրողները կկարողանան դիմադրել այդ տարբեր ազդեցություններին, որոնք ավելի ու ավելի ակտիվանալու են մայիսի 6-ին մոտենալու օրերին, այդքանով, ասենք, կկարողանան պահպանել նաեւ դրական դինամիկան, որն ունեցել են մարտին եւ ապրիլին:

– Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ կան նախորդ ընտրությունների նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

– 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսքի ազատության առումով եւ հեռարձակող լրատվամիջոցների գործունեության առումով կային շատ ավելի բարդ խնդիրներ, քան այսօր: Առաջին հերթին` Հայաստանը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի պայմաններում եւ այդքան մեծ հույսեր ու ակնկալիքներ չուներ միջազգային հանրությունից` օգնություն, աջակցություն ստանալու, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով: Եվ, բնականաբար, նաեւ միջազգային հանրության գնահատականը մեր նախորդ խորհրդարանական ընտրությունների համար այդքան կարեւոր չէր իշխանությունների համար: Ես կարող եմ հաստատ ասել, որ այն ժամանակ մեր լրատվամիջոցները չունեին հրահանգներ` ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան, քաղաքակիրթ ձեւով լուսաբանելու, հավասար պայմաններ տրամադրելու բոլոր քաղաքական ուժերին… Կամ` եթե անգամ ունեին էլ, ապա շատ ավելի համեստ էին ձեւակերպված: Բացի դրանից, իհարկե, չի կարելի համեմատել այլընտրանքային լրատվամիջոցների ազդեցությունն ամբողջ տեղեկատվական դաշտի վրա 2007թ. եւ 2012թ.: Այդ ամբողջը խոսքի ազատության համար ստեղծում են, միանշանակ, շատ ավելի դրական միջավայր հենց այս ընտրությունների ժամանակ:

– Խոսքի ազատության զարգացման առումով ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք մոտ ապագայի համար:

– Մեր լրատվական դաշտի հետագա զարգացումները շարունակելու են կախված լինել 3 հիմնական գործոններից. առաջինը` միջազգային հանրության հետաքրքրությունն ու ուշադրությունն է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ: Պետք է հույս ունենանք, որ միջազգային հանրությունը չի բավարարվի միայն խորհրդարանական ընտրությունների` քաղաքակիրթ, ժողովրդավարական եւ թափանցիկ անցկացմամբ, եւ կշարունակի հետեւել եւ ազդել մեր զարգացումների վրա նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Քանի որ չի կարելի ասել, որ այս մեկ ընտրությամբ մենք լիովին կտրել ենք կապը մեր բացասական անցյալի հետ: Պետք է դա շարունակական գործընթաց լինի, շարունակաբար ուշադրության կենտրոնում լինի: Երկրորդը` հուսով եմ, որ կշարունակեն զարգանալ եւ իրենց կարեւոր տեղը պահպանել այլընտրանքային լրատվամիջոցները: Փաստորեն, ավանդական լրատվամիջոցների դաշտի նկատմամբ մարտահրավերը նետվում է հենց այլընտրանքային լրատվամիջոցների կողմից: Այն նախաձեռնությունները, նոր ծրագրերն ու գաղափարները, որոնք իրականացվում են ինտերնետում, սոցիալական ցանցերում, մեծ ազդեցություն են թողնում նաեւ ավանդական լրատվամիջոցների բովանդակության վրա, եւ շատ հետաքրքիր նախաձեռնություններ` ստանալով որոշակի ժողովրդականություն ինտերնետում, տեղափոխվում են նաեւ հեռուստաեթեր, ավանդական լրատվամիջոցներ: Եթե նոր մեդիաների զարգացումը շարունակվի նույն տեմպերով, դա անմիջականորեն դրական է ազդելու նաեւ ավանդական լրատվամիջոցների վրա: Եվ երրորդը` շատ կարեւոր է քաղաքացիական ակտիվությունը, որպեսզի քաղաքացիները, իրենց արդար բողոքների, պահանջների արդյունքը տեսնելով, շարունակեն զարգացնել այն փորձը, որ ունեցել են վերջին ամիսներին: Խոսքս Մաշտոցի պուրակի պատմության մասին է: Հուսով եմ` ի վերջո, քաղաքացիական ակտիվիստները հասան իրենց նպատակին: Խոսքս նաեւ այնպիսի նախաձեռնությունների մասին է, ինչպիսին է մեր մոնիտորինգը: Պարզ է, որ լինելով ընդամենը մեկ հասարակական կազմակերպություն, ԵՄԱ-ն իր ազդեցությամբ չի կարող համեմատվել իշխանական շրջանակների, Հայաստանի հզոր քաղաքական ուժերի, միջազգային հանրության հետ: Բայց, համենայնդեպս, իրականացնելով լրատվամիջոցների այս մշտադիտարկումը, մենք որոշ չափով, ինձ թվում է, ազդեցինք այն դրական դինամիկայի վրա, որ լուսաբանման առումով տեղի ունեցավ վերջին ամիսների ընթացքում: Եթե այդ երեք ուղղություններով մենք ունենանք հետեւողական զարգացում, ապա բացառում եմ, որ Հայաստանում բարեփոխումները չիրականացվեն: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ