ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը «Արմինֆո»-ի թղթակցին հաղորդել է, որ 2005թ. Հայաստանում կաթի արտադրության ծավալներն աճել են 6%-ով: Նրա խոսքերով, մինչեւ 2005թ. վերջը Գյուղատնտեսության նախարարության նախնական հաշվարկների համաձայն` պանրի արտադրության աճը 2004թ. համեմատ եւս կավելանա՝ 18%-ով: 2004թ. հայ ֆերմերները եւ կոոպերատիվ ընկերություններն արտադրել են 555 հազար տոննա կաթ, որոնցից վաճառվել է ընդամենը 49%-ը: Հանրապետությունում արտադրվող կաթի 90%-ը կովի կաթ է, իսկ 10%-ը բաժին է ընկնում այծի, ոչխարի եւ գոմեշի կաթին:
Նկատվում է նաեւ հայկական պանրի արտահանման աճի միտում: Եթե 2003թ. արտահանվել է 90 տոննա պանիր, ապա 2004թ. այդ ցուցանիշն ավելացել է մինչեւ հազար տոննա: Ս. Ավետիսյանը նշել է, որ հայկական պանրի իրացման հիմնական շուկաները շարունակում են մնալ Մոսկվան (Ռուսաստան) եւ Լոս Անջելեսը (ԱՄՆ): Արտահանվում են ոչ միայն հայկական ավանդական պանրի տեսակներ (Լոռի, Չանախ, Եղեգնաձոր, Կաթե, Չեչիլ եւ Սուլուգունի), այլեւ հոլանդական եւ ֆրանսիական տեսակներ: Փոխնախարարը նաեւ ասել է, որ վերջին երկու տարվա ընթացքում հանրապետությունում կաթի իրացումը կրճատվել է 1,24%-ով: