«Օսկանյանի հայտարարությունները հիմնված են անհատական զգացողությունների և տպավորությունների վրա»

04/05/2012

Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը Հ2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խիստ քննադատության ենթարկեց կառավարության տնտեսական քաղաքականությունը` ասելով, որ ճգնաժամի ժամանակ չի խթանվել տնտեսությունը, ուշադրությունը բեւեռվել է գնաճի զսպման վրա: Այս եւ Վ. Օսկանյանի մյուս հայտարարությունների շուրջ news.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ:

– Համաձա՞յն եք այն գնահատականին, որ կառավարությունը ճգնաժամի ընթացքում վարել է զսպողական քաղաքականություն:

– Վ. Օսկանյանի հայտարարությունները հիմնված են անհատական զգացողությունների եւ տպավորությունների վրա, եւ որեւէ թվային տվյալով ամրապնդված չեն: Բյուջեի խոշորագույն ընդլայնումը տեղի է ունեցել հենց ճգնաժամային 2009թ., երբ ունեցանք տնտեսական մեծ անկում: Պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 0.7%-ից դարձրել ենք 7.7% (ի լրումն դրա, տրամադրվեցին բազմաթիվ հարկային արտոնություններ), ինչը ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության վկայություն է: Կենտրոնական բանկը եւս մեղմացրել է դրամավարկային քաղաքականությունը` իջեցնելով տոկոսադրույքները: Սկսած 2009թ. երկրորդ կիսամյակից, շնորհիվ այդ քաղաքականության, ունեցել ենք վարկավորման կայուն աճ: Գնաճի զսպման վերաբերյալ մեզ հասցեագրված հանդիմանությունը որեւէ կերպ թվերում չի տեղավորվում: Ընդհակառակը` ընդլայնումն այնքան մեծ էր, որ բերեց գնաճային երեւույթների, մենք 2010-11թթ. ունեցանք բավական բարձր գնաճ, որ որոշ ամիսներին 12-ամսյա կտրվածքով հասավ երկնիշ թվի: Դրանից հետո գնաճի դեմ չպայքարելը կլիներ անիմաստ եւ վնասակար: Ի դեպ, 2011թ., երբ գնաճն իջավ մինչեւ 4.7%, թե՛ տնտեսությունն աճեց, թե՛ տնտեսության վարկավորման ծավալը: Դա որեւէ կերպ տնտեսության սահմանափակում չէր:

– Դուք համարում եք, որ ճգնաժամի դեմ ՀՀ կառավարության ու ԿԲ-ի քայլերը համարժե՞ք էին իրավիճակին:

– Կառավարությունը ճգնաժամի ընթացքում վարեց հակացիկլային քաղաքականություն, որն այլ երկրների կողմից լրջորեն ուսումնասիրվում ու փոխ է առնվում: Վերցնենք ռուսական վարկի օրինակը` Կառավարությունը որոշում էր ուղղությունները, ԿԲ-ն որոշում էր չափանիշները, առեւտրային բանկերը որոշում էին հաճախորդներին: Կառավարությունն ուղղակիորեն ֆինանսավորեց մի քանի խոշոր ձեռնարկությունների, մնացած ռեսուրսներն ուղղվեցին բանկային համակարգ: Այս մեխանիզմը հակաճգնաժամային քաղաքականությունների շարքում համարվեց լավագույններից մեկը: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն անընդհատ փող էր լցնում տնտեսություն, որն այնուհետ ետ էր գալիս ու նստում ֆեդերալ ռեզերվային համակարգի հաշիվներին, մենք կարողացանք փողը տնտեսությունում շրջանառելի դարձնել: Արդյունքում` 2009-ից վարկավորման ծավալն էապես ավելացել է` վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2008թ. 18%-ից 2011թ. հասել է 33%-ի, որն աննախադեպ է Հայաստանի համար:

– Վ. Օսկանյանի քննադատություններից մեկը վերաբերում էր նրան, որ Կառավարությունը` փոխանակ պահանջարկը խթանի, տարված է առաջարկի խթանմամբ:

– Երբ 2009թ. 7%-ով դեֆիցիտը ՀՆԱ-ում մեծացրեցինք, ապա պահանջարկի աճն անխուսափելի էր: Սակայն պահանջարկի խթանումը տնտեսական աճի երաշխիք չէ: Երբ զուգահեռ խթանում ենք նաեւ առաջարկը, ապա արդյունքներն ավելի զգալի են: Առաջարկի խթանումը նշանակում է, որ քաղաքականությունը եղել է բազմավեկտոր, իրականում դրա համար Կառավարությանը պետք է գովել, ոչ թե քննադատել:

– Վ. Օսկանյանն ասում է, որ ԿԲ պաշտոնյաներն այսօր զբաղեցնում են կառավարության բարձր պաշտոնները եւ դեռեւս չեն ձերբազատվել իրենց ԿԲ-ի մտածելակերպից:

– Համաշխարհային պատմության եւ հայ իրականության մեջ նման դեպքերը շատ են: Ժամանակին Արմեն Դարբինյանը ԿԲ-ից եկավ Ֆինանսների նախարարություն, այնուհետ դարձավ վարչապետ, ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը նույնպես ԿԲ-ից էր: Բայց ոչ ոք չի կարող Ա. Դարբինյանին մեղադրել, որ նա մոնետարիստական կրճատողական քաղաքականություն էր իրականացնում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները հետո զբաղվել են քաղաքականությամբ, ինչը տարածված է նաեւ ետխորհրդային տարածքում: Վ. Յուշչենկոն Ուկրաինայի ԿԲ ղեկավարն էր, հետո դարձավ վարչապետ, հետո` երկրի նախագահ: Արդյո՞ք Յուշչենկոյի տնտեսական քաղաքականությունը միտված էր տնտեսությունը խեղդելուն կամ գնաճը զսպելուն: Ղազախստանի ԿԲ նախկին եւ ներկա նախագահ Մարչենկոն եղել է փոխվարչապետ: Լեհաստանում ԿԲ ներկայիս նախագահը նախկին վարչապետ Մարեկ Բելկան է:

News.am