Ընտրություններին նախորդող երկու օրերին Երեւանի կենտրոնում իրենց նախընտրական վերջին մեծ հանրահավաքն են հրավիրել ընտրություններին մասնակցող չորս հիմնական ուժերը: Եվ զարմանալի զուգադիպությամբ` Հայ ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքները տեղի են ունենալու այսօր` ընդամենը 2 ժամվա տարբերությամբ:
ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ժամը 17։00-ին Մատենադարանի հարակից տարածքում, իսկ ՀԱԿ-ը` ժամը 19։00-ին Ազատության հրապարակում: ԲՀԿ-ի կամ, ավելի շուտ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավների ժամանակ թե Երեւանում, եւ թե մարզերում բավականին շատ մարդիկ են հավաքվում: Իշխող Հանրապետական կուսակցությունից երբեմն կուլիսային հայտարարություններ են հնչում, թե իրենք են օգնում, որ ԲՀԿ-ի հանդիպումները հնարավորինս մարդաշատ լինեն: Այդպիսով իրենք ԲՀԿ-ին օգնում են հանրությանը ցույց տալու, որ ՀՀԿ-ից հետո այդ կուսակցությունն է ամենաազդեցիկը: Երբեմն նաեւ հրապարակումներ են լինում, թե ԲՀԿ-ն մարզեր գնալիս իր հետ ավտոբուսներով մարդիկ է տանում, որ հանդիպումը մարդաշատ երեւա: Այսօրվա հանրահավաքին, ըստ տարբեր աղբյուրների, ԲՀԿ-ն նորից մարզերից բազմաթիվ ավտոբուսներով մարդիկ է պատրաստվում բերել: ՀԱԿ-ի դեպքում, հակառակը, իշխանություններն ամեն ինչ անում են, որ հատկապես մարզային հանդիպումներին հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Մարզերի բնակիչներին վարչական ու այլ լծակներով զգուշացնում են չմասնակցել ՀԱԿ-ի հետ հանդիպումներին: Մարզային տեղական կառույցները նկարահանում են այդ հանդիպումներին մասնակցող մարդկանց, եւ կարծիք կա, թե հետո նրանց կանչում եւ սպառնում են այլեւս այդ ուժի հետ գործ չունենալ: Համենայնդեպս, իրենց հանդիպումների սակավամարդությունն այդպես են պատճառաբանում ՀԱԿ-ում: Տարբեր պատճառներով` այլեւս նախկինի նման մարդաշատ չեն նաեւ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքները: Ամեն դեպքում, ներքին խոսակցություններում իշխանական որոշ գործիչներ խոստովանում են, որ անցած 4 տարվա ընթացքում ամեն ինչ արել են, որ ՀԱԿ-ը թուլանա, չկարողանա մարդ հավաքել: Եվ այս երկու ուժերի այսօրվա հանրահավաքների ընդամենը 2 ժամվա տարբերությունը կարծես թե խորամանկ քայլ է: ՀԱԿ-ի հանրահավաքը կսկսվի այն ժամանակ, երբ կավարտվի ԲՀԿ-ի հանրահավաքը: Եվ մեծ է հավանականությունը, որ ԲՀԿ-ի հանրահավաքի մասնակիցները Մատենադարանից իջնեն Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ 2008թ. ետընտրական հանրահավաքների ժամանակ փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք-համերգ էր հրավիրել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ դեպքում, իհարկե, վարչական լծակներն օգտագործելով` իշխանություններն ավտոբուսներով հազարավոր մարդկանց էին բերել Հանրապետության հրապարակ: Սակայն Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքների եւ ելույթների ազդեցությունն այնքան մեծ էր, որ այդ մարդիկ ընդամենը րոպեներ հետո Հյուսիսային պողոտայով հասան դեպի Ազատության հրապարակ: Ոստիկաններն ամեն ինչ արեցին, բայց չկարողացան մարդկանց այդ հոսքը կանգնեցնել: Եվ Ս.Սարգսյանի ելույթից հետո երգիչները դատարկ հրապարակում ելույթ ունեցան:
Եվ հնարավոր է, որ այսօր ՀԱԿ-ի հանրահավաքը ԲՀԿ-ի շնորհիվ ունենա 2008-ի մարդաշատությունը: Երեկ մենք չկարողացանք այս երկու քաղաքական ուժերից մեկնաբանություն ստանալ` ինչպես է ստացվել, որ նախընտրական շրջանում որոշակի համագործակցության եզրեր գտած ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց հանրահավաքները նշանակել են նույն օրը` այդպիսի ժամային համընկնումներով: Նրանք կարող էին նույն ժամին նշանակել եւ իրար չխանգարել: Թեեւ դա պարզապես զուգադիպություն կամ անհրաժեշտություն կարող է լինել, քանի որ ցանկացած ուժ կուզենա իր վերջին հանրահավաքն անել ընտրություններին հնարավորինս մոտ օր: Իսկ այսօր հանրահավաքային առումով թե ՀԱԿ-ի, եւ թե ԲՀԿ-ի համար, ըստ էության, վերջին հնարավորությունն է, որովհետեւ վաղը` մայիսի 4-ին` քարոզարշավի վերջին օրն, արդեն հանրահավաքներ են հրավիրել Հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունները: Նույն զուգադիպությամբ թե պատահականությամբ` այս երկու կուսակցությունների հանրահավաքներն էլ տեղի են ունենալու 2 ժամ տարբերությամբ: Նախ ՕԵԿ-ն է համերգ-հանրահավաք անելու Ազատության հրապարակում ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին ՀՀԿ-ն` Հանրապետության հրապարակում: Եվ կոալիցիոն հավատարիմ այս գործընկերների միջոցառումներին մասնակցող մարդիկ կարող են լինել նույնը, ու լրացուցիչ ջանքեր, ավտոբուսներ պետք չեն լինի երկու հանրահավաքների համար տարբեր մարդկանց բերման ենթարկելու համար: ՕԵԿ-ի համերգներն ու ելույթները լսելուց հետո մարդիկ նույն Հյուսիսային պողոտայով կիջնեն Հանրապետության հրապարակ: ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում բացառեց, թե իրենք հատուկ են այնպես արել, որ ՀՀԿ-ի եւ իրենց կուսակցության վերջին հանրահավաքները նույն օրն, ընդամենը 2 ժամ տարբերությամբ տեղի ունենան: Պարզապես մայիսի 4-ը քարոզարշավի վերջին օրն է, եւ իրենք հարմար են գտել իրենց հանրահավաքը հրավիրել այդ օրը: