Այս տարվա «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընդունումն արդեն ավարտվել է: Ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն այս անգամ աննախադեպ է լինելու:
Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները եւ իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երեւանում անցկացվող ամենամեծ ամենամյա կինոփառատոնն է, որը հիմնադրվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: Փառատոնն ամեն տարի անցկացվում է հուլիսին եւ ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով: «Լավագույն արվեստի փառատոները կախված են երկու հոսքերի վրա. մեկը` պետական հովանավորությունն է, մյուսն այն բարեգործներն են, որոնք կարողանում են հավատալ քո արվեստին եւ լինել այդ արվեստի կողքին: Առանց այն մարդկանց, ովքեր հավատում են քեզ եւ գնահատում են քո աշխատանքը, այս մասշտաբի միջոցառում չի կարող կազմակերպվել: Շատ բարերարների հետ միասին առաջին օրվանից մեր կողքին է եղել «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը, ով միշտ եղել է եւ գլխավոր, եւ կազմակերպչական խորհրդի անդամ: Այս տարի արդեն իններորդ տարին է լրանալու, որ Գ. Նուշիկյանը մասնակցելու է փառատոնին եւ անձնապես, եւ իր խորհուրդներով, եւ նյութապես իր աջակցությունն է ցուցաբերելու»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Փառատոնի շրջանակներում «Մանթաշյանց ասպետներ» շքանշաններ են հանձնվել այն մարդկանց, ովքեր ամեն տարի շարունակ «Ոսկե ծիրանի» կողքին են եղել: ««Մանթաշյանց ասպետներ» պարգեւատրման նախաձեռնության հեղինակներն են փառատոնի պատասխանատուները` VivaCell-ը, եւ Մշակույթի նախարարությունը: «Մանթաշյանց ասպետներ» շքանշանը տրվում է այն մարդկանց, որոնք փառատոնին երկարատեւ եւ մնայուն օգնություն են ցուցաբերել այս տարիների ընթացքում: Պարոն Նուշիկյանն այդ մարդկանցից մեկն է, ով միշտ իր աջակցությունն է ցուցաբերում արվեստում, ինչի արդյունքում արժանացել է այդ պատվավոր շքանշանին»,- նշեց պարոն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` արվեստում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան այն պատգամավորների կողմից, ովքեր մինչ մանդատ ստանալը զբաղվել են մշակույթի հարցերով, միշտ ուշադիր են եղել եւ աջակցել են արվեստի տարբեր ճյուղերի: «Ես չգիտեմ` պատգամավորներն ինչով են զբաղված, բայց որպես մշակութային հարցերին միշտ աջակցող` Գարեգին Նուշիկյանը, կարծում եմ, կարող է հետագայում էլ միշտ արվեստին վերաբերող հարցերին իր աջակցությունը ցուցաբերել, քանի որ բավականին թերի բաներ կան արվեստի մեջ: Պետք է այդ բացը լրացվի, եւ մարդիկ, որ միշտ հովանավորում են արվեստը, չեն մոռանա խորհրդարանում արվեստի խնդիրները վեր հանել: Ես ուզում եմ, որ Գարեգին Նուշիկյանը` որպես պատգամավորի թեկնածու, ԱԺ-ում լրջորեն բարձրացնի այդ հարցերը»,- ասաց Հ. Խաչատրյանը: «Այսօր մեզ մոտ անհամեմատ ավելացել են աշխարհին մեր մշակույթով ներկայանալու հնարավորությունները: Պարզապես պետությունը պետք է ավելի շատ միջոցներ ներդնի մշակույթի եւ սպորտի զարգացումը խթանելու համար, քանի որ երկիրն աշխարհում ամենաշուտ ճանաչումը ձեռք է բերում հենց մշակույթի եւ սպորտի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը: