Թեեւ կանանց հասարակական ու քաղաքական ակտիվությունն ավելանում է տարեցտարի, բայց երկրի օրենսդիր մարմնում տարիների համեմատությամբ կանանց թվաքանակը քիչ է փոխվում: Նախորդ 2007թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցում էին 5 կին թեկնածուներ երեք ընտրատեղամասերում: Կանանցից երեքը ներկայացնում էին «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեկը` «Հայրենիք», իսկ մյուսը` Հայաստանի ժողովրդական կուսակցությունները: Սակայն նրանից ոչ ոք մեծամասնականով չընտրվեց:
Առաջիկա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 41 պատգամավորական մանդատի համար կպայքարեն 147 թեկնածուներ, որոնցից 11-ը կանայք են: 41 ընտրատեղամասերից 32-ում կին թեկնածուներ մեծամասնական ընտրակարգով չկան: Պատգամավորության կին թեկնածուներ ընդհանրապես չկան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում:
Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը քաղաքականություն մուտք գործելու ճանապարհին հիմնական խոչընդոտներից է համարում կանանց տնտեսապես ոչ անկախ լինելը: «Հատկապես մարզերում կանայք տնտեսապես անկախ չեն, չունեն սեփական բիզնեսը, միջոցները, որի միջոցով կկարողանան քաղաքականություն մտնել, ընտրագրավ վճարել, քարոզարշավ իրականացնել: Իսկ միջոցներ ունեցող ամուսինները դեռ չեն հասել այն մակարդակին, որ գումար ներդնեն իրենց կնոջ ինքնադրսեւորման համար»,- ասում է նա:
1990թ. ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդում եղել է 8 կին պատգամավոր, 1995 թվականին առաջին գումարման ԱԺ-ում` 11: 1999թ. երկրորդ գումարման ԱԺ-ն ուներ 4 կին պատգամավոր, 2003թ.` 7: 2007թ. չորրորդ գումարման ԱԺ-ում 131 պատգամավորներից 11-ը կանայք են:
Անահիտ Գեւորգյանի կարծիքով` կանանց ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը կլուծվի, եթե կուսակցություններն արժանավոր կանանց առաջ գնալու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն տան:
Ներկայիս փոփոխված Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրացուցակի 2-րդ համարից սկսած` ամեն հնգյակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ըստ այդմ էլ` կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում 6-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ եւ 26-րդ հորիզոնականներում կանայք են:
Հանրային խորհրդի Գենդերային եւ ժողովրդագրական հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը նշում է, որ անկախ հանրապետության ձեւավորման տարիներին կանանց համար քաղաքական ասպարեզ մուտք գործելու պայմաններն ավելի նպաստավոր էին: Մինչդեռ հիմա սոցիալական բեւեռվածության պայմաններում կանայք տնտեսապես ստորին մակարդակում են հայտնվել, ինչը թույլ չի տալիս միավորել ընդհանուր շահերը:
«Կնոջ ճանապարհը թույլատրված է մինչեւ ամենաբարձր մակարդակի պաշտոններ, բայց ոչ քաղաքական բնույթի, որովհետեւ քաղաքական պաշտոնը հենարան է ծառայում բիզնեսին, եւ այս պաշտոնը զիջելուն պատրաստ չեն»,- նշում է նա: Խոչընդոտող գործոնների թվում Վարդանյանը մատնանշում է նաեւ հասարակական ընկալումը` մարդիկ կանանց չեն ընտրում, քանի որ չունեն նրանց նկատմամբ վստահության քվե: «Այնքան համոզված ենք, որ քաղաքականությունը բիրտ միջոցներ եւ վճռականություն է պահանջում, որ քաղաքականության մեջ պահանջված չէ կանացիությունը, հանդուրժողությունը, համբերությունը, որ հասարակությունն ինչ-որ տեղ պատրաստ չէ վստահություն հայտնել կնոջը»,- բացատրում է Վարդանյանը:
Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն ասում է, որ հայ հասարակությունը շարունակում է մնալ հայրիշխանական, որտեղ գերակա է համարվում տղամարդու դերակատարությունը: Քաղաքականությունն էլ հասարակության համար տղամարդու գործունեության ոլորտ է, որտեղ կանայք, որպես կանոն, անելիք չունեն: Հասարակությունում հաջողակ է համարվում այն կինը, ով ունի ընտանիք, երեխաներ եւ նվիրված է նրանց:
«Ուստի կանանց քաղաքականությունից հեռու է պահում նաեւ վախը, որ եթե հաջողեն քաղաքականության մեջ, բայց չունենան լավ ընտանիք, որպես կին լիարժեք չեն լինի: Այդ պատճառով է նաեւ, որ քաղաքականապես ակտիվ կանայք մշտապես շեշտադրում են, որ հաջողել են ոչ միայն աշխատանքում, այլ նաեւ ընտանիքում»,- ասում է նա:
Ազգագրագետը նշում է, որ մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները չպետք է անդրադառնան կարիերայի ընթացքի վրա:
«Գործնականում տեսնում ենք, որ կուսակցություններում լուրջ դերակատարում ունեցող կանայք կան, եւ դա հույս ներշնչում է, որ իրապես առաջիկայում կդառնանք այնպիսի հասարակություն, որ պատգամավորության թեկնածու ընտրելիս չեն նայի` կի՞ն է, թե՞ տղամարդ, այլ կնայեն, թե որքանո՞վ է արժանավոր, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ կառուցողական ծրագիր ունի»,- ասում է Պողոսյանը:
ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Աղոյանը 1999-ին մասնակցել է ԱԺ ընտրություններին թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով: Նա ասում է, որ իր քաղաքական կարիերայի ճանապարհին բացասական վերաբերմունք չի զգացել, դեռ ավելին` շատերը երկրում որեւէ բան փոխելու հույսը կապում են կանանց հետ: Աղոյանը կարծում է, որ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին անհրաժեշտություն է, քանի որ փափկեցնում է քաղաքական պայքարը: Կանանց քիչ լինելը քաղաքականությունում նա պայմանավորում է քաղաքական խաղի կանոններով եւ նշում, որ դա ոչ թե հասարակության, այլ քաղաքականությունը որոշողների խնդիրն է: Ըստ Աղոյանի` հասարակությունը ցանկանում է կանանց տեսնել առաջին տեղերում, սակայն դրան պատրաստ չեն ուժեղ սեռի քաղաքական գործիչները, ովքեր կամք չեն դրսեւորում` կարեւորագույն տեղերը կանանց հետ կիսելու համար: Կանայք էլ այդքան համարձակ չեն, որ պայքարեն ու ինչ-որ բաներ զոհեն պայքարի ճանապարհին ու դառնան ակնհայտ մրցակից այդ տղամարդկանց: «Տղամարդիկ նաեւ չեն ուզում, որ կանայք մուտք գործեն քաղաքականություն, որովհետեւ իրենք յուրահատուկ խաղի կանոններով են խաղում` հարմարվում են, միասին որոշակի տեղեր են գնում, այսպես ասած, վարագույրից այն կողմ որոշումներ են կայացնում: Կանանց լինելու դեպքում` գործող խաղի կանոններով այլեւս չեն կարողանա խաղալ: Կինն իր տեսակով փոխելու է խաղի կանոնները, եւ դա վախեցնում է տղամարդկանց»,- ասում է Աղոյանը եւ խնդրի լուծման միակ եղանակը համարում քաղաքացիական հասարակության ձեւավորումը:
Մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանի կարծիքով` կին թեկնածուները քիչ են, քանի որ մեծամասնական ընտրակարգում գերիշխում են հատկապես բռնակալ, դաժան ու հարուստ տղամարդիկ` օլիգարխները, ովքեր կնոջը դիտարկում են ընդամենը որպես վերարտադրության օբյեկտ: «Կին թեկնածուի ճանապարհին առկա խոչընդոտները պայմանավորված են տղամարդու ուժը` նյութական ու ֆիզիկական-կամային ճնշումը, հաղթահարելու գործոնով: Կոնկրետ իմ մրցակիցը` գործարար Ռուբեն Հայրապետյանը, արդեն ցուցադրել է իր` տղամարդու դիրքորոշումը, մերժել է հավասար պայմաններում հանդես գալու եւ բանավեճի ֆորմատում ընտրողներին ներկայանալու մասին իմ առաջարկը` պատճառաբանելով, որ կնոջ հետ չի բանավիճի: Սա սեքսիզմի ակնհայտ դրսեւորում է»,- ասում է Առուստամյանը: Բանավեճի հրավերին ի պատասխան, Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ կոռեկտ չի համարում կնոջ հետ բանավիճելը եւ ավելացրել, որ կին է. բա որ հանկարծ ճանկռի: «Արմնյուզ» հեռուստատեսությամբ «Բանաձեւ» հաղորդման ժամանակ, սակայն, նա հրապարակավ ներողություն խնդրեց Գայանե Առուստամյանից. վերջինս հրապարակավ նման պահանջ էր ներկայացրել:
Այնուհանդերձ, hասարակությունում տղամարդկանց վերաբերմունքը մեծամասնականով առաջադրված կանանց`դրական է: «Եթե մեր ընտրատարածքում կին թեկնածու լիներ, անպայման կքվեարկեի նրա օգտին, եթե նա պարկեշտ է, մտավորական եւ ամենակարեւորը` հայրենանվեր: Հայ կինն ընտանիքում իր ուսերին է կրում երեխայի դաստիարակության ծանր պարտականությունը, եւ ես հայ կնոջը սիրով կվստահեի իմ երեխայի ապագան եւ առողջ հասարակության ձեւավորման պատվաբեր գործը»,- ասում է 37-ամյա Վահե Անթանեսյանը Երեւանից:
Ըստ նրա` մեծամասնական ընտրակարգով կին թեկնածուները քիչ են, քանի որ հասարակության մեջ պատգամավորն ասոցիացվում է օլիգարխի եւ բարոյականության հետ որեւէ առնչություն չունեցող անձնավորության հետ:
«Հայտուր» սոցիալ-տնտեսական եւ մշակութային հ/կ նախագահ, Աշխատանքային եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կադրերի ուսուցման եւ մասնագիտական վերապատրաստման բաժնի պետ Նարինե Դավթյանի կարծիքով` հայաստանյան քաղաքական դաշտը վերափոխման անհրաժեշտություն ունի: Ըստ նրա` պայքարը հատկապես դժվար է մեծամասնական ընտրակարգով առաջադրված կանանց համար, որտեղ գործում է պայքարի կոշտ, «տղամարդկային մոդելը», որին նաեւ հասարակությունն է սովորել: «Անկախ պատգամավորի խնդիրը շատ ավելի դժվար է, քանի որ մեր իրականությունում անգամ անկախ տղամարդ պատգամավորներն են իրենց ճանապարհը շատ դժվարությամբ հարթում, ուր մնաց` կանայք»,- ասում է նա:
45-ամյա Արարատ Խաչատրյանն էլ Մարտունուց նշում է, որ մեծամասնականով առաջադրված թեկնածուներն այն մարդիկ են, ովքեր պետք է գումար ծախսեն իրենց քաղաքական կուսակցությանը ձայներ բերելու համար: «Իսկ մենք գործարար, փողատեր կին չունենք, որը կարող է որեւէ տեղամասում առաջադրվի, փող բաժանի»,- ասում է նա:
Այնուհանդերձ, ըստ Դավթյանի` անկախության 20 տարիների ընթացքում ԱԺ-ում կին պատգամավորների որակական առաջընթաց է նկատվում` կին պատգամավորները ակտիվ են, գործունյա, ելույթներ են ունենում, եվրոպական կառույցներում պաշտպանում են երկրի շահերը: «Հասարակությունը բոլորին ճանաչում է, սա նաեւ կարծրատիպեր է կոտրում: Սակայն մեր ունեցածն այնքան քիչ է, որ անգամ, եթե այդ կանայք լինեն ամենաորակյալ կադրերը, միեւնույն է` ԱԺ-ում որակական փոփոխություն մտցնել չեն կարող, նրանց ձայնը քիչ է լսելի: Կանանց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն չի տալիս նաեւ նոր ԸՕ-ն, ըստ որի` ԱԺ-ում որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ գոնե 30 տոկոս պետք է լինի, որ կարողանաս քո խոսքն անցկացնել»,- ասում է Դավթյանը:
Կանանց որոշակի թվով քաղաքականությունում ներկայացվածությունը պայմանավորված է նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով. Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավորվում է երկրում գենդերային հավասարություն ապահովել: Դա բխում է նաեւ երկրի Մայր օրենքից. ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն էլ սահմանում է, որ բոլոր մարդիկ օրենքի առջեւ հավասար են, եւ խտրականությունը պայմանավորված սեռով` արգելվում է:
1993-ին ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան,
2007-ին` ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիան:
Պարտավորություններն, այնուամենայնիվ, դեռեւս էական ազդեցություն չեն գործել կանանց` քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածության վրա: Կանանց ներգրավվածությունը քիչ է ոչ միայն ԱԺ-ում: Հանրապետության բոլոր 10 մարզերի մարզպետները տղամարդիկ են, բոլոր 49 (այդ թվում եւ` Երեւանի) քաղաքների քաղաքապետերը տղամարդիկ են, իսկ ավագանիների կին անդամներն այնքան սակավաթիվ են, որ կարելի է մատների վրա հաշվել: Կառավարության կազմում էլ 18 նախարարներից միայն երկուսն են կանայք:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` երկրի մարզերում համեմատաբար մեծ է կանանց գործազրկության մակարդակը:
Ոլորտի մասնագետները փաստում են, որ կանանց եւ տղամարդկանց համար քաղաքական պայքարի հավասար պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ` մտածելակերպի փոփոխություն, քաղաքական վերնախավի կողմից կամքի դրսեւորում, սեռերի միջեւ սոցիալական հավասարության ապահովում, ժողովրդավարության պահանջներին համապատասխան ընտրություններ ու քաղաքակիրթ քաղաքական պայքար: Այս ամենի պարագայում, հավանական է` կլինեն մեծամասնական ընտրակարգով կին թեկնածուներ, ովքեր կունենան ընտրվելու բոլոր հնարավորությունները:
Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Անկախ» շաբաթաթերթի եւ
www.ankakh.com կայքի լրագրող