Հարցազրույց տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀԿԿ Կրասնոսելսկի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սերգեյ Նազինյանի հետ
– Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերին, կարծես, ավելի շատ են «հետաքրքրում» գյուղացու խնդիրները, բայց նրանց գյուղեր կատարած ձեւական այցելություններից գյուղացու վիճակը շարունակում է նույնը մնալ, գյուղատնտեսության խնդիրներն էլ չեն պակասում: Ի՞նչ է պետք անել այդ խնդիրները գոնե պակասեցնելու համար:
– Ձեր նշած հարցի պատասխանը ոչ մի տեղ չենք կարող գտնել: Ոչ մի արմատական միջոցառում, որը կբերի գյուղատնտեսության որակական նոր մակարդակի, չենք տեսնում, սկսած գիտության բնագավառից` մինչեւ ֆերմերային տնտեսություններ: Այսօր մեր հողերի ուժասպառ լինելու գործընթաց է տեղի ունենում: Ահագնանում է մեր հողերի անապատացման վտանգը: Ի վերջո, չկա արտադրության որեւէ միջոց, որն անընդհատ շահագործելով` չսպառվի: Հողն էլ, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, պահանջում է` բնական բոլոր օրենքներով բավարարել իր պահանջները, որոնցից գլխավոր միջոցը պետք է լինի հետեւյալը. այն, ինչ ստացել ենք հողից, պետք է վերադարձնել հողին: Դա երկրագործության մեջ հայտնի է «վերադարձի օրենք» անվամբ: Շատ երկրներում, ինչպես, օրինակ, Չինաստանում, կենցաղային աղբի ոչ մի գրամ չի կորչում, ամբողջը վերամշակելով` վերադարձնում են հողին:
– Այսինքն` մեզ մոտ խախտվել է հողի վերադարձի՞ օրենքը:
– Վերջին 20 տարիների ընթացքում երկրագործության ոչ մի օրենք չի գործում: Եթե նշյալ բազմաթիվ օրենքներից 5-ը` մինիմում, մաքսիմում, օպտիմում, վերադարձի եւ սերմնափոխանակության օրենքները, չպահպանենք, ապա հողից ոչ մի բան չենք ստանա: Ինչպես գիտեք, վերջին տարիներին Ռուսաստանից բերում են տարբեր հացահատիկային կուլտուրաների նոր սորտեր, որոնք առանց սորտափորձարկման (որը պետք է տեւի նվազագույնը 5-7 տարի), միանգամից տալիս են հողին, եւ ոչ մեկը չգիտի, թե 2-3 տարի հետո այդ սերմերն այլասերվելուց հետո ի՞նչ է ստացվելու: 1972թ. Պետրոս Այվազյանը Միջերկրական ծովի ափից խաղողի նոր սորտեր բերեց, որոնք ռեկորդային բերք էին տալիս, եւ ուզում էինք տարածել դրանք: Բայց այդ ժամանակ ակադեմիկոս, շատ մեծ խաղողագործ Պողոսյանը նշեց, որ այդ քայլով հանցագործության ենք գնում, քանի որ նշյալ սորտերը կարող են աշխատել առավելագույնը 10-15 տարի, որից հետո այլասերվելու են: Այսօր ոչ մեկը չի ցանկանում ճանաչել Այվազյանի խաղողի սորտերը, քանի որ այլեւս բերք չեն ստանում դրանցից: Իսկ պատճառն այն էր, որ այդ սորտը, այսպես ասած` «ապօրինի զավակ» էր մեր երկրի բնակլիմայական պայմանների համար, եւ առանց երկար սորտափորձարկման, առանց համապատասխան պահանջները բավարարելու, ներդրել էինք մեզ մոտ: Մինչ 90-ական թթ. հողերն իրենց պահանջից ավելի պարարտանյութ էին ստանում, ընդ որում` եւ՛ ազոտական, եւ՛ ֆոսֆորական, եւ՛ կալիումական պարարտանյութ` ներառյալ տարեկան 1,2-1,5 միլիոն տոննա գոմաղբ: Մինչդեռ 90-ական թվականներից հետո ամբողջ գոմաղբը հիմնականում օգտագործվում էր որպես վառելիք: Եվ դա էր պատճառը, որ այդ տարիներին հողերը սեփականաշնորհումից հետո ռեկորդային բերք էին տալիս: Սակայն աստիճանաբար հողի սննդարար նյութերը պակասեցին, եւ տարեցտարի հողի ցածր բերքատվությունը «գլուխ» բարձրացրեց` հասնելով այն աստիճանին, որ հողից ոչինչ չենք ստանում:
– Հայաստանյան շուկայում վաճառվող բանջարեղենն այլեւս հեռու է նախկին համային լավ որակից: Փոխարենը` մենք հանդիպում ենք առանց հյութի, փայտացած բանջարեղենի: Ո՞րն է պատճառը:
– Մեր հանրապետություն են ներկրում ինժեներական գենետիկայով ստացված տարբեր սորտեր, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե դրանք ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ հետագայում: Ամբողջ հարցն այն է, որ չկան ոչ արտադրության կազմակերպման հիմքեր, ոչ էլ վերահսկողություն: Եթե ֆերմերային տնտեսություն չկա, ապա ի՞նչը պետք է վերահսկեն: Հիմա ասում են` 20.000 տոննա պարարտանյութ կամ վառելիք են տալիս գյուղացիներին, բայց որեւէ մեկը չի հարցնում գյուղացուն, թե ինչքա՞ն գումար վճարեց այդ «անվճար» պարարտանյութի համար: Բացի դա, 20.000 տ պարարտանյութը սարսափելի փոքր թիվ է: Մենք կես միլիոն հեկտար վարելահողեր ունենք` չհաշված պտղատու այգիները: Այդ տեսանկյունից պետության կողմից տրված «անվճար» պարարտանյութը գրամներով է հասնում այդ հողերին: Նկատեմ նաեւ, որ բացառապես ազոտական պարարտանյութ է ներկրվում հանրապետություն: Իմիջիայլոց, աշխարհում տարեցտարի պարարտանյութի խնդիրը սրվելու է, ինչպես, օրինակ, ֆոսֆորական պարարտանյութերի սպառման վտանգը չափազանց մեծացել է: Մարտից մինչ նոյեմբեր ամիսները ոչ մի երկիր պարարտանյութ, այդ թվում` նաեւ ազոտական, չի արտահանում: Միգուցե իրադրությունը փոքր-ինչ փոխվի, եւ Վրաստանի տարածքից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից պարարտանյութ բերելու իրավունք ստանանք:
– Այսինքն` պարարտանյութը համաշխարհային ճգնաժամի պատճա՞ռ կդառնա:
– Համաշխարհային խնդիր է դառնալու սննդի խնդիրը: Շուտով ամենամեծը լինելու են ջրի եւ սննդի խնդիրները: Նորից ընդգծեմ, որ շատ վտանգավոր է ինժեներական գենետիկայով ստացված սորտերի հետագա ընդլայնումն ու կիրառումը: Որեւէ մեկը չգիտի, թե այդ սորտերն ի՞նչ ազդեցություն կարող են գործել մարդու օրգանիզմի վրա: Մեզ մոտ բոլոր հիվանդությունների պատճառը 100 տոկոսով պայմանավորված է սննդով: Ինչո՞ւ է քաղցկեղն այսքան «գլուխ» բարձրացրել մեր երկրում: Դրա պատճառն այն է, որ մեր հողերում սելեն էլեմենտն այլեւս գոյություն չունի: Իսկ սելեն էլեմենտը կանխում է քաղցկեղի առաջացումը, ինչը կարող են փաստել նաեւ բժիշկները: Թանկարժեք մետաղների հանքավայրերում կա սելեն, որը վաճառում ենք ուրիշներին` պոչամբարների հետ:
– Կառավարությունը, մասնավորապես, Բնապահպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ դրամաշնորհներ է ստացել անապատացման դեմ պայքարելու, կենսաբազմազանության զարգացման համար, սակայն իրավիճակը, կարծես, ավելի է սրվում: Հանքարդյունաբերությունն ի՞նչ ազդեցություն ունի հողատարածքների անապատացման վրա:
– Հանքարդյունաբերության խնդիրները միգուցե ազդեցություն գործեն բնության պահպանության վրա: Հանքերի մշակումից հետո հողատարածքները պետք է ենթարկվեն ռեկուլտիվացիայի, այսինքն` պիտանի վիճակի բերվեն գյուղատնտեսության համար, այլապես քամու, անձրեւի, սելավի հետեւանքով այդ տարածքներն այլեւս պիտանի չեն լինի գյուղատնտեսության համար: Իսկ անապատացման սարսափելի երեւույթը երկրագործության վարման կուլտուրաների կոպիտ խախտման հետեւանք է: Դրան նպաստում է նաեւ ազոտական պարարտանյութի լայնորեն օգտագործումը, որը հողաքայքայում է կատարում, եւ հողը դարձնում է փոշի:
– Հայաստանի հողերի քանի՞ տոկոսն է անապատացման վտանգի տակ:
– Պաշտոնական տվյալներով` մեր հանրապետության հողերի 80 տոկոսը ենթակա է անապատացման, որից 24 տոկոսն արդեն անապատացված է: Դա է պատճառը, որ Հայաստանը մտավ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի ծրագրի մեջ:
– Ի՞նչ անել, եթե գյուղացին այլեւս կտրվել է հողից եւ միակ փրկությունը տեսնում է Հայաստանից դուրս:
– Ամբողջ դժբախտությունն այն է, որ գյուղի այն խավը, որը համեմատաբար հասկանում է գյուղատնտեսության հարցերից եւ ունակ է որեւէ գործ անել, առաջնահերթ նա է հեռանում գյուղից: Իսկ տարեցները, թոշակառուներն ու երեխաները չեն կարող լրջորեն զբաղվել այդ հարցերով: Պետությունը գյուղատնտեսության ոլորտում գոնե 3 հզոր լծակ պետք է պահի իր ձեռքում` հողերի մելիորացիան, հողերի քիմիացումը (այսինքն` թունաքիմիկատների ճիշտ օգտագործումը), եւ մեքենայացումը, որպեսզի այդ աշխատանքները ճիշտ եւ ժամանակին կատարվեն: Այսօրվա դրությամբ` նշյալ լծակներից ո՞րն է գործածվում: Մեքենաները վաղուց անսարք վիճակում են, միեւնույն ժամանակ, մենք չունենք նորոգման կայաններ, չունենք պահեստամասեր: Անհասկանալի է, թե հողերի քիմիացման հարցում խիստ գաղտնի են պահում այն, թե ովքե՞ր են մեր երկրի պարարտանյութ, թունաքիմիկատներ ներկրողները: Որքան տեղյակ եմ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քիմիական վարչությունն ընդհանրապես չի գործում: Ճիշտն ասած, երբեմն մտածում ես` արդյո՞ք այսօր Գյուղնախարարությունը պետք է, թե՞ ոչ: Թվում է` հիշյալ նախարարությունը միայն ստեղծված է պետական միջոցները մսխելու համար: Իհարկե, չեմ ուզում նման խիստ կարծիք հնչեցնել, բայց ինքս էլ բազմիցս առնչվել եմ այդ նախարարության հետ, որը գրեթե բոլոր հարցերի դեպքում նշում է, թե դրանք իրենց չեն վերաբերում: Ենթադրենք, մենք կազմակերպում ենք պարարտանյութի արտադրություն, բայց նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում դրա համար. գազը թանկ է, պարարտանյութը թանկ է, աշխատակիցների վարձատրություն, եւ այլն: Տվյալ պարագայում կառավարությունն էլ պետք է շահագրգռված լինի այդ արտադրության կազմակերպման համար` կիրառելով որոշակի զեղչային համակարգեր: Այդ դեպքում արտադրված պարարտանյութն այդքան թանկ չի լինի գյուղացու համար: Ի վերջո, եթե սննդամթերքի արտադրությունը շատանա, ապա սննդի գինը կիջնի: Դա օրենք է: Դժբախտություն է, երբ մեր շուկայում վաճառվող կանաչեղենը եւս բերված է դրսից` Պարսկաստանից եւ Թուրքիայից, մի զգալի մասն էլ կանաչեղենը բերում են Բագրատաշենից, որտեղ հիմնականում ադրբեջանական կանաչեղեն է վաճառվում: Սարսափելի իրավիճակ է: Մի անգամ շուկայի մեծածախ վաճառողներից մեկին հարցրի, թե ինչո՞ւ են անտեսում հայկական լոլիկի սորտերը: Նա պատասխանեց, որ ոչ հայկական սորտի լոլիկները չեն ջարդվում տեղափոխման ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք: Զարմանում եմ, թե ինչպե՞ս են տոմատ ստանում, եւ ինքս էլ համոզված չեմ, որ դա ամբողջությամբ ստանում են լոլիկից:
– Այսինքն` ներկո՞ւմ են:
– Այո, գույն են տալիս: Ժամանակին գյուղնախարարներից մեկն իր դիսերտացիայի պաշտպանության ժամանակ նշեց, որ ճիշտ կլինի լոլիկը տեղափոխել հատուկ մեքենաներով, որոնք լցված կլինեն ջրով: Այդ դեպքում լոլիկները չեն ջարդվի տեղափոխության ժամանակ: Մինչդեռ մեր շուկայում վաճառվող լոլիկներն առանց հյութի են, «փայտ» են:
– Իսկ ինչքա՞ն պետք է տեւի ստեղծված վիճակը` միգուցե մինչեւ գյուղերը դատարկվե՞ն:
– Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ: Թերեւս, մինչեւ մարդիկ, այսպես ասած` «խելքի» կգան: 10-15 տարի առաջ ներկրած գյուղմթերքների գները բավական թանկ էին հայկական գյուղմթերքների գներից: Մինչդեռ այսօր հակառակ գործընթացն է, եւ երբ հարցնում ես գնի թանկ լինելու մասին, պատասխանում են, թե «տեղական է, դրա համար»: Իրավիճակը կշարունակվի այնքան, մինչեւ համակարգային փոփոխություն լինի գոնե գյուղատնտեսության կառավարման ասպարեզում: Պետք չէ այդքան մեծ գյուղապարատը: Բավական է 15 հոգի, որոնց լուրջ մտածելակերպի արդյունքում` վիճակը կշտկվի: Որեւէ մեկն արդյո՞ք մտածում է` ի՞նչ անել գյուղը ստեղծված վատ վիճակից հանելու մասին: Պետք չէ գյուղացիներից մեծ գիտելիքներ ակնկալել, բայց ժամանակին նրանց օգնում էին, ուղղորդում էին:
– Գյուղերում նկատելի է քաղաքային կյանքով ապրելու միտումը: Սա վտանգավոր չէ՞ գյուղատնտեսության ապագայի համար:
– Վերջին 20-25 տարվա ընթացքում կատարվեց մի մեծ հանցագործություն, երբ մարդկանց սովորեցրին ապրել առանց աշխատելու: Դրա համար ստեղծվեցին նպաստներ, «Փարոս» եւ այլն: Ընդ որում` գյուղերում կային դեպքեր, երբ գյուղացին կովը մորթում էր, որպեսզի ընդգրկվի «Փարոս» ծրագրի մեջ: Ժամանակին Ալեն Դալեսի ծրագրում նշված էր, թե ինչպե՞ս պետք է Խորհրդային Միությունը «շարքից» հանել: Նշյալ ծրագրում հանգամանորեն խոսվում էր այն մասին, թե ինչպե՞ս անել, որ ժողովուրդն իր սեփական ձեռքերով քանդի իր երկիրը: Այսօր այդ ծրագիրը հետեւողականորեն իրականացվում է, ընդ որում` իրականացվում է տեղի ուժերի միջոցով: 90-ական թվականներին աշխատանքային կոլեկտիվները վերացնելու խնդիր դրվեց, որպեսզի որեւէ կազմավորվող օրգան չլինի: Ինչո՞ւ դրվեց հողի սեփականաշնորհումը: Այն ժամանակ հողերի սեփականաշնորհման նախնական հանձնաժողովում էի եւ պնդում էի, որ սեփականաշնորհվող հողերի չափը պետք է 50 հա-ից ոչ պակաս լինի, որպեսզի ցանքաշրջանառություն, սերմնափոխանակություն կատարվի: Բայց իմ խոսքերը հաշվի չառան, եւ նույնիսկ Վազգեն Մանուկյանն իմ անունը հանեց հանձնաժողովի կազմից: Միգուցե դրսի հանձնարարությո՞ւն էին կատարում: Չեմ կարող ասել: Օրեր առաջ Արագածոտնի մարզում ՀՀ նախագահն ասաց, թե մեր հողերի 1/3-ն ընդհանրապես չի մշակվում: Եթե նախագահն իրեն թույլ է տալիս նման բան ասել, ապա դրանից ավելի սարսափելի բան կա՞: Որքան տեղյակ եմ, այսօր 250.000 հա հող ընդհանրապես չի մշակվում: Վերջին տարիներին պետությունն ինչքա՞ն գումար է ներդրել հողագործության ոլորտում, եւ արդյո՞ք նման բան կա: Ներկայում գլխավոր խնդիրներից մեկը դարձել է` հնարավորին էժան գներով գյուղմթերք գնել գյուղացուց:
– Դա էլ հուսահատություն է առաջացրել, այո՞:
– Օշականում մի կին անընդհատ խոսում է իր կատարած բարեգործությունների մասին այն դեպքում, երբ Օշականում բնակիչները նշում էին, որ նա, մի քանի տարի է` խաղողի մթերման համար չի վճարել: Իսկ ի՞նչ կարող է անել գյուղացին, որի բերքը, չմթերելու դեպքում, կփչանա:
– Եվ ինչի՞ն պետք է գյուղացին հավատա:
– Քանի դեռ մեր երկրի նախագահը հույս ունի, որ հարցերը կարող է լուծել նախարարների միջոցով, ապա դրանք լուծում չեն ստանալու: