«Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հեղինակած` «Թեստ հայ հասարակության համար» վերլուծությունը, որտեղ անդրադարձ է կատարվում ՀՀ նախընտրական զարգացումներին: Ըստ Մարկեդոնովի` իրավիճակին սրություն է հաղորդում այն, որ կուսակցական-քաղաքական ներկապնակը հանրապետությունում ավելի գունագեղ է, քան հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում: «Այստեղ ոչ թե մեկ, այլ երեք իշխանական կուսակցություններ են, որոնցից յուրաքանչյուրը փորձում է աշխատել ոչ այնքան հանուն ընդհանուր գործի, որքան իր համար»,- նշում է նա` անդրադառնալով ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Նա անդրադարձ է կատարել նաեւ ընդդիմությանը` ասելով. «Այդուհանդերձ, ընդդիմադիր դաշտում եւս հստակությունն ավելին չէ: ՀԱԿ, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» խորհրդարան են գնում միմյանցից առանձին: Ու պայքարում են ոչ միայն իշխանությունների, այլեւ միմյանց դեմ: Ու եթե ՀԱԿ-ի հեռանկարում կա լավ շանս` ձայներ ստանալ շնորհիվ իր խարիզմատիկ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դաշնակների դեպքում կարող է աշխատել նրանց պատմական բրենդը: Այս կերպ, Հայաստանում խորհրդարանական քարոզարշավը կարող է դիտարկվել որպես մրցակցություն քառակուսում: Ոչ միայն (ու ոչ այնքան) իշխանությունն ու ընդդիմությունն են պայքարում միմյանց դեմ, այլեւ վեճեր են գնում նրա շուրջ, թե ով է լինելու իշխանական ուժերի ու ընդդիմադիր ուժերի գլխավոր դերակատարը»: