Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն աջակցելու է «168 Ժամի» գլխավոր խմբագիր, պատգամավորության անկուսակցական թեկնածու Սաթիկ Սեյրանյանին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը: «Թեկնածուներից մեկը Հանրապետական կուսակցության պաշտպանյալ Արտակ Սարգսյանն է, որին բոլորդ գիտեք այլ անունով, որն ամբողջ հանրապետությունում հայտնի է իբրեւ «ՍԱՍ»-ի Արտակ: Բնականաբար, մեր վերաբերմունքը պարզ է այդպիսիների նկատմամբ: Մենք դեռ ունենք երկու այլ թեկնածուներ` մեկը ՀՀՇ-ի այսօրվա նախագահ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարը` Արամ Մանուկյանը, որը թող պատգամավոր դառնա, խնդիր չենք տեսնում: Այնտեղ ունենք «Ժառանգությունից» շատ ակտիվ հասարակական գործիչ` Զարուհի Փոստանջյանը, որը «Ժառանգության» համամասնական ցուցակի 3-րդ համարն է, եւ հաջողություն ենք մաղթում նրան, թող պատգամավոր դառնա: Սաթիկ Սեյրանյանն անկուսակցական թեկնածու է, ինքն է առաջադրվել, անկախ մարդ է, եւ կարծում եմ` իր պես պրոֆեսիոնալ լրագրողի ներկայությունը Ազգային ժողովում միայն դրական կարող է լինել, ահա թե ինչու ՀՅԴ-ն այս ընտրատարածքում սիրով աջակցելու է Սաթիկ Սեյրանյանին»,- հայտարարել է Ա. Վարդանյանը` ավելացնելով, որ առաջիկա օրերին ինտենսիվ աշխատելու դեպքում Ս. Սեյրանյանը կհաղթի թիվ 4 ընտրատարածքում: