Հանրաքվեի օրը դատարկ փողոցներից վերադառնում ես տուն, երեկոյան միացնում հեռուստացույցը։ Արտակ Ալեքսանյանը «Հայլուրի» նոյեմբերի 27-ի կեսգիշերվա թողարկման ժամանակ, երբ ներկայացնում է հանրաքվեի արդյունքները, իր գործընկերոջը Գյումրիից հարցնում է՝ ձյուն է տեղացել, կարո՞ղ է այն ազդել ընտրությունների արդյունքների վրա, ձյունը չի՞ խոչընդոտել մարդկանց ակտիվությանը։ Գործընկերը պատասխանում է՝ ոչ, ձյունը չի խոչընդոտել։ Գյումրին հաղորդում է՝ 64 կամ մոտ էդքան տոկոս մարդ է մասնակցել քվեարկությանը։ Սա լրագրային պրյո՞մ է, այսինքն Արտակը ուզում է մի օդերեւութաբանական տեղեկությամբ հարստացնի՞ ռեպորտաժը։ Թե՞ ձյունով ուզում է ծածկել իրականությունը, որ դատարկ փողոցներն ու տեղամասերը չերեւան։ Իսկ ինչպե՞ս ներկայացնի, թե ինչը կարող էր խոչընդոտել քվեարկողների ակտիվությանը Երեւանում։ «Հայլուրը» հաղորդում է, որ Երեւանում եղել է 55 թե 60 տոկոս մասնակցություն։ Մի՞թե հաղորդավարը չի անցել ընտրատեղամասերով։ Նա հավանաբար գնացած կլինի քվեարկության։ Նկատե՞լ է, որ ընտրատեղամասերի մուտքերը, որոնք հիմնականում դպրոցներն ու մանկապարտեզներն են, սովորական կիրակիներից չեն տարբերվում իրենց դատարկությամբ։ Հազվադեպ հանդիպող անցորդները անցնում են եւ չեն մտնում ընտրատեղամաս։ Երեւանում ձյուն չի տեղացել, ինչո՞վ է հաղորդավարը ծածկելու դատարկությունը, կոպերո՞վ, ականջները բամբակ խրելո՞վ, բոլոր զգայարանները ինչո՞վ է բթացնելու, աշխատավարձո՞վ, թե՞ փառասիրությամբ, որ ամբողջ աշխարհը նայում է իրեն, ու հանուն նրա, որ իրեն մշտապես մոլորակի տարբեր անկյուններից աչքեր ուղղված լինեն՝ ստում է եթերով։
«Հայլուրը», Արտակ Ալեքսանյանը թվեր են կրակում, թե ինչքան մարդ է մասնակցել սահմանադրության հանրաքվեին՝ միլիոն ու 500 հազար (չեմ հիշում որոշակի հայտարարած թիվը, մի քիչ էսկողմ, մի քիչ էնկողմ), ընտրողների 64 տոկոսը։ Ստով փորձում են լցնել քաղաքների, փողոցների ու ընտրատեղամասերի դատարկությունն ու լռությունը։
Արտակ Ալեքսանյանը «Հայլուրի» վերջին առաջատարն էր (նկատի ունեմ «Հայլուր» վարողը), որ կարողանում էր չանցնել լրագրությունից քաղաքական քարոզի սահմանը։ Սահմանադրության հանրաքվեն նրան էլ հրեց-գցեց դեպի քարոզչություն, իշխանության քարոզչություն։ Իսկ Հայաստանում իշխանության շահերը ներկայացնելու համար առանց ստի յոլա չես գնա։ Արտակը հիանալի գիտի, որ հանրաքվեին խոչընդոտել է ընդդիմության հայտարարած բոյկոտը, որ ընտրություններին մասնակից է եղել հազիվ 15 տոկոս, թող լինի 20։ Անցել եմ երեք ընտրատեղամասի մոտով, կանգնել սպասել մի երկու րոպե։ Մի հոգի չի մտել։ Ասում են, Երեւանի կենտրոնում ամենաքիչ կեղծիքներն են եղել։ Ես մտա մի տեղամաս, որ Չարենցի դպրոցում էր։ Դիտորդների հաշվարկով` հանրաքվեին եկել էին ժամը 6-ի դրությամբ` 189 հոգի։ Հանձնաժողովի տվյալներով` 345։ Հետո ինչ-որ մեկը ասեց, որ 360 է եկել։ Այստեղ երեւի մի 15 րոպե մնացի, այդ ընթացքում գոնե մի երեք քվեարկող տեսա։ Իմ տեսածը ամենանորմալ ընտրատեղամասերից է եղել։ Բազմաթիվ լրագրողներ եւ հազարավոր դիտորդներ ավելի մեծ ու աներեւակայելի խախտումների մասին են հաղորդում։ Իսկ «Հայլուրը» հաղորդում է հերթերի մասին, աննախադեպ ակտիվության մասին։
Ցավոք, էս հանրաքվեն Արտակին միացրեց «Հայլուրի» մյուս առաջատարներին, որոնք վաղուց արդեն էլ լրագրող չեն, այլ ագիտատորներ ու ապատեղեկատվություն տարածողներ, Ալեքսանյանից նա վերածվում է Հերիքյանի, Բաղդասարյանի ու Նալբանդյանի։ «Հայլուրը» գնալով կատարելագործվում է ապատեղեկատվություն տարածելու վարպետության մեջ։ Ամենահիշվող օրինակներից է, երբ անցյալ տարի ապրիլի 12-ի ցույցը ցրելու մասին հաղորդման մեջ «Հայլուրը» ապատեղեկատվություն տարածեց, թե պատգամավոր Շավարշ Քոչարյանի մոտ ոստիկանությունը զենք է հայտնաբերել։ Բացարձակ սուտը հնչում է բացարձակ վստահությամբ (Արդյո՞ք լավագույն ապատեղեկատվության համար նրանց պարգեւատրում են)։
Այդ ժամին Ալեքսանյանի հյուրը դաշնակցական Արմեն Ռուստամյանն է, որ էլի խոսում է աննախադեպ ակտիվության մասին, նայում եթերից ու ասես տներից դուրս չեկած մարդկանց ասում, որ` դուք քվեարկել եք արդեն։ Կա՞ ստի ու կեղծիքի սահման, որից այն կողմ չի կարող անցնել քաղաքական գործիչը։ Զարմանալիորեն ամենաակտիվն ու անբռնազբոսը դաշնակցականներն են խոսում ժողովրդի ակտիվության մասին։ Լեւոն Մկրտչյանը «Հ2»-ով ասում է՝ իսկապես մեր ժողովուրդը գնաց ու ասաց` այո, սա մեր վստահությունն է, տեղամասերի մեր ընկերների տպավորությունները։ Կոալիցիայի մյուս կուսակցությունների լիդերներից ոմանք կարկամում են, չեն կարողանում ասել, որ նորմալ ընտրություններ են եղել։ Մի՞թե ճիշտ է այն կարծիքը, որ Դաշնակցությունը իր պատմության ընթացքում միայն հայ ժողովրդին է կարողացել հաղթել, իր պարտությունների մուռը հանելով Հայաստանի քաղաքացիներից, ընտրությունից ընտրություն թույլ չտալով, որ ժողովուրդը իշխանություն ձեւավորի, որոշի իր երկրի ապագան։ Բայց եթե ընդունենք, թե քաղաքական գործիչը ժողովրդի երեսին սուտ ասելու սահման չունի, ապա կարո՞ղ է լրագրողը ունենալ, ավելի ճիշտ` լրագրողների մի դասակ։ Հիշում են բոլորը, որ մի թե երկու տարի առաջ մի խմբագիր իր թերթում հրապարակեց կոլեգայի ինտիմ լուսանկարները։ Լրագրողական հանրությունը նրա դեմ հայտարարություն արեց եւ բոյկոտեց նրա թերթը։ Որոշ ժամանակ հետո խմբագրին ծեծեցին, թերթն էլ փակվեց։ Ու նա չարժանացավ որեւէ պաշտպանության։ Անպաշտպան թողնելով` կոլեգաները պատժեցին նրան։ Չեմ ուզում քննարկել, թե ինչքանով էր արդարացի այս վերաբերմունքը։ Լրագրողները այդ բոյկոտը արեցին, քանի որ խմբագիրը խախտել է լրագրային էթիկան։ Գուցե արդարացի էին։ Իսկ այժմ մի հարց. ո՞րն է ամենակարեւոր էթիկական նորմը լրագրության մեջ, մի՞թե այն չէ, որ լրագրողը գիտակցված պետք է չստի։ Ուրիշ ձեւակերպմամբ՝ լրագրողը կանխամտածված ապատեղեկատվություն տալով խախտում է լրագրային էթիկայի ամենագլխավոր նորմը՝ չստելու սկզբունքը։ Բայց ինչո՞ւ են լռում լրագրային էթիկայի պաշտպաններն ու լրագրային կազմակերպությունները։ Արժեր, որ նրանք արձագանքեին այս հարցին։