Թռիչքներ՝ երազում եւ արթմնի

01/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցություններ զբաղված են իրենց քարոզարշավով եւ ընտրակեղծիքների դեմ պայքարելու տարբեր քայլեր ձեռնարկելով` իշխող ՀՀԿ-ն տարբեր սոցիոլոգիական հարցումների միջոցով հանրությանն է ներկայացնում ապագա խորհրդարանի կազմի իր տեսլականը: Սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանի ու Գեւորգ Պողոսյանի հարցումները հանրությանն ավելի հավաստի դարձնելու համար իշխանությունները դրանք համեմում են օտարահունչ` «Գելափ» եւ նման այլ կազմակերպությունների անուններով: Եվ այդ հարցումներում իրենց ցանկալի արդյունքները շեշտելով` նշում են, որ այն կարող է ընդամենը երկու-երեք տոկոսով շեղում արձանագրել: Ընդ որում, այդ հարցումները բաժանվում են երկու խմբի: Դրանց մի մասի «տվյալներով»` ՀՀԿ-ն է առաջին տեղում, մյուսների «արդյունքներով»` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մի դեպքում ՀՀԿ-ն ընտրություններին կստանա մոտ 40 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` մոտ 30, իսկ մյուս կուսակցությունները` մինչեւ 15 տոկոս: Մյուս դեպքում, պարզապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի տեղերը փոխվում են: Եվ թվում է, որ այդ հարցումներից առաջինը ՀՀԿ-ն է պատվիրել, երկրորդը` ԲՀԿ-ն: Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ` այն հարցումներում, որտեղ սանդղակը ՀՀԿ-ն է գլխավորում, «Օրինաց Երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցություններն ունեն նախկինից բարձր անցողիկ տոկոսներ: Իսկ որտեղ ԲՀԿ-ն է առաջին տեղում, բարձր անցողիկ տեղեր ունեն «Դաշնակցությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը: Տպավորություն է ստեղծվում, որ դրանք քաղաքական դաշտի այդ երկու հիմնական մրցակիցների ցանկություններն են սոցիոլոգիայի լեզվով: Եվ նախընտրական շրջանում քաղաքական դաշտը կարծես թե բաժանվել է հենց այդ երկու խմբերի միջեւ` որոնք, որոշակի վերապահումներով, կարող են դառնալ նաեւ հետընտրական դաշինքներ կամ կոալիցիաներ:

Իշխանական կուլիսներում քննարկվող սցենարների համաձայն` ՀՀԿ-ն ցանկանում է մի քանի պատգամավոր ավելի ունենալ, քան ունի ներկայիս Ազգային ժողովում: Ներկայումս ՀՀԿ խմբակցությունն ունի 62 պատգամավոր, որոնցից 41-ը խորհրդարան են եկել համամասնական, 21 պատգամավոր էլ` մեծամասնական ընտրակարգով: Ընդ որում` մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ որեւէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավորների մեծ մասին` 8 հոգուն, փաստացի կարելի է համարել ՀՀԿ խմբակցության անդամ, որովհետեւ նրանք իրականում իրենց դրսեւորել են որպես այդ խմբակցության անդամներ: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը, Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը եւ այլք: Սակայն ՀՀԿ-ում այդ 62+8-ը քիչ են համարում, որովհետեւ 70 համախոհ պատգամավորներով եւ ՕԵԿ-ի 8 անդամներով անգամ ԱԺ-ում երբեմն անհնար է եղել քվորում ապահովել կամ անցկացնել կառավարության ներկայացրած «հրատապ» օրինագիծը: Հատկապես գործարար պատգամավորներին միշտ դժվար է եղել խորհրդարան բերման ենթարկել: Իսկ երբ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները հերթական անգամ լարվում էին, ԲՀԿ-ն քվեարկությանը չէր մասնակցում, եւ ԱԺ-ում օրինագծեր էին տապալվում: Այնպես որ, ՀՀԿ-ն որոշել է ապահովության համար մի քանիսով ավելի պատգամավոր ունենալ: Եվ միայն ԱԺ-ում սեփական ուժերով (ՀՀԿ+ՕԵԿ) օրինագիծ անցկացնելու հանգամանքը բավարար է, որ իշխող կուսակցությունը ցանկանա խորհրդարանում եղած մանդատներին այս անգամ ավելացնել եւս մի քանիսը: ՀՀԿ-ամերձ շրջանակներում վերջին օրերին քննարկվող տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ն այս անգամ ծրագրում է ունենալ «գոլդ թվով»` 77 պատգամավոր: 2007թ. ընտրություններին ՀՀԿ-ն ստացել էր մոտ 34 տոկոս, պատվիրված սոցհարցումներին հետեւելիս պարզ է դառնում, որ այս անգամ դժվար թե ավելիի ակնկալիք ունենա: Հատկապես որ, այս ընտրությունների վրա թե արտաքին, եւ թե ներքին վերահսկողությունը աննախադեպ մեծ է: Կեղծելու հիմնական տարբերակն էլ մնում է ընտրացուցակներում առկա, բայց իրականում, ինչպես ընդդիմությունն է պնդում, գոյություն չունեցող մոտ կես միլիոն անունների հաշվին քվեներ գրանցելը: Այնպես որ, այս անգամ ՀՀԿ-ն իր պատգամավորների քանակը կփորձի ավելացնել հիմնականում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների հաշվին: Մինչ կուսակցությունների համամասնական եւ մեծամասնական թեկնածուների ցանկերի հրապարակումը, արդեն տեղեկացրել էինք, որ իշխանությունները պայմանավորվածության են եկել` 41 մեծամասնական տեղերից 23-ը պետք է բաժին հասնի ՀՀԿ-ին, 7-ը` ԲՀԿ-ին, իսկ ՕԵԿ-ին` 2 մեծամասնական մանդատ: Մանդատներից մեկն էլ ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանին: Եվ ՀՀԿ-ն ձգտում է «արդար» ընտրապայքարի արդյունքում հաղթել մնացած 8 ընտրատարածքների մեծ մասում:

Իշխանական վերնախավում ծրագրում են ԲՀԿ-ին ավելի քիչ տեղ տալ, քան ունի այսօր: Հիշեցնենք, որ 2007-ին ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացել էր 15 տոկոս կամ 18 մանդատ: Եվս 8 մանդատ ձեռք էր բերել մեծամասնական ընտրակարգով: Իսկ 5 տարիների ընթացքում ԲՀԿ-ին են միացել եւս 3 պատգամավորներ: Այս խորհրդարանի լիազորությունների ավարտին արդեն ԲՀԿ-ն ուներ 29 պատգամավոր: Եվ անցած 2 տարիներին ԲՀԿ-ի հետ ունեցած կոնֆլիկտների ու առաջիկա նախագահական ընտրությունների անորոշ հեռանկարից ելնելով, ասում են, ՀՀԿ-ում հակված չեն իրենց կոալիցիոն գործընկերոջը նույնքան մանդատ թողնել: Թեեւ ԲՀԿ-ն իր քարոզարշավների ժամանակ բավականին լայն զանգվածներ է հավաքում, եւ նրանցից ոչ բոլորն են բերման ենթարկվում, ինչպես դա տեղի է ունենում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ: Եվ ԲՀԿ-ն ոչ պակաս ֆինանսական ռեսուրսներ է ներդնում, հատկապես որ, փորձում է ընդդիմադիր խաղացողի տպավորություն ստեղծել: Կարծիք կա, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին պետք է ունենան մոտ 95 մանդատ: Մնացած 35 մանդատները ծրագրվում է բաժանել մյուս 4 ուժերի մեջ:

Այս անգամ իշխանությունները ցանկանում են ՕԵԿ-ին 1-2 տեղ ավելի տալ, քանի որ նրանք այլեւս դատապարտված են իրենց հավատարիմ լինել: Նույն քննարկումների համաձայն, «Ժառանգությունը» եւս ներկայիս ունեցածից մի քանիսով ավելի շատ մանդատներ կարող է ստանալ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, ըստ ՀՀԿ-ական «սցենարիստների», այս անգամ դաշնակցականները ներկայիս 16 մանդատից ավելի քիչ պատգամավորական տեղեր կստանան: ՀՅԴ-ի համար նախատեսում են նվազագույն` 5. լավագույն դեպքում` 6-7 տոկոս` ներկայիս 13,5-ի փոխարեն: Իհարկե, չհաշված, որ Ա.Գրիգորյանը փաստացի լինելու է ՀՀԿ-ի պատգամավորը:

ՀԱԿ-ի համար ՀՀԿ-ում «նախատեսում» են 10-13 տոկոս: Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ում հակված են ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին միասին տալ առավելագույնը 40-45 մանդատ, որպեսզի նախագահական ընտրություններին ընդառաջ` իրենց համար ոչ ցանկալի զարգացումներ չլինեն:

Սա իշխանական վերնախավում շրջանառվող սցենարներից մեկն է, սակայն քաղաքականությունը երբեմն անկանխատեսելի զարգացումներ է ունենում: Եվ չի բացառվում, որ ընտրությունների անիվը դուրս գա իշխանության գծած ռելսից, եւ տոկոսային թվաբանությունը մի փոքր հեղափոխական թվաբանություն ապահովի: