ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունն օրերս հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցում նշել էր նախընտրական քարոզչությանը վերաբերող Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների խախտման մասին:
Զեկույցում մասնավորապես ասված էր. «Այդ խախտումները ներառում են` քարոզչություն դպրոցներում, ուսուցիչներին եւ ուսանողներին խնդրել են մասնակցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի միջոցառումներին: …ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման որոշ դեպքեր են արձանագրվել, ներառյալ Կապանում (Սյունիքի մարզ) շտապօգնության մեքենայի օգտագործումը քարոզչական միջոցառման մասին հայտարարելու համար»: Այս դիտարկումների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Վերջինս հերքեց Կապանում ՀՀԿ քարոզարշավի մասին հայտարարելու համար շտապօգնության մեքենայի օգտագործմանը վերաբերող զեկույցում տեղ գտած դիտարկումը: «Որեւէ մեքենա ոչ մի բանի համար չի օգտագործվել»,- ասաց Էդ.Շարմազանովը: Մեկնաբանելով ԸՕ այն դրույթը, որը վերաբերում է ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողների` քարոզչություն կատարելուն, Էդ Շարմազանովն ասաց. «Նշել են, որ Էջմիածնում ապրիլի 11-ին աշակերտներին, մանկավարժներին, մենք ինչ-որ զոռով տարել ենք ՀՀԿ հանրահավաքին: Ես պաշտոնապես կարող եմ հերքել, որ նման բան գոյություն չունի, եւ երկրորդը` ԸՕ որեւէ հոդված չի արգելում նախընտրական հանդիպումներ ունենալ դպրոցի տարածքներում: ԸՕ-ի 18.6 հոդվածով չի արգելվում քարոզչություն եւ նյութերի տրամադրում մանկավարժների կողմից եւ կրթական հաստատություններում: Նման բան չի արգելվում: Փոխարենը` արգելվում է մանկավարժների կողմից ընտրական քարոզչության իրականացումը իրենց մանկավարժական պարտականությունները կատարելու ժամանակ: Եթե այդ ժամանակ է արվում, բնականաբար, դա անօրինական է, եթե ոչ` 18.6 հոդվածը չի արգելում քարոզչությունը եւ նյութերի տրամադրումը մանկավարժների կողմից եւ կրթական հաստատություններում: Նմանատիպ օրինակները ստվեր են գցում ամբողջական զեկույցի վրա»: ՀՀԿ մամլո խոսնակը հույս հայտնեց, որ «նմանատիպ թերի մեկնաբանությունները», այնուամենայնիվ, տեղ չեն գտնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի մեջ: «Ափսոսանքով պետք է նշեմ, որ զեկույցը չի արտացոլում նախընտրական քարոզչության ընդհանուր թափանցիկ եւ դրական մթնոլորտը: Զեկույցը հիմնականում կենտրոնացել է բացասական կողմերի եւ օրինակների վրա, որոնք բացառություն են ընդհանուր դրական ֆոնի վրա: Եթե համեմատում եմ միջանկյալ զեկույցների համառոտ ակնարկը 2007-ի եւ 2008-ի զեկույցների հետ, ապա այստեղ սուբյեկտիվությունը շատ է, եւ նույնիսկ զեկույցում մեծ կարեւորություն է տրվում տարբեր կուսակցությունների կողմից արված հայտարարություններին, սակայն պետք է նշեմ, որ այդ հայտարարությունների մեծ մասը պարզապես քարոզչական մարտավարություն են ներկայացնում»,- նշեց Էդ. Շարմազանովը:
ԲՀԿ-ում, պարզվում է` նույնպես համաձայն չեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի` իրենց առնչվող դիտարկումների հետ: Հիշեցնենք, որ զեկույցում արձանագրվել էր, որ` ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին պատկանող ընկերության կողմից որոշ շրջաններում տրակտորներ են բաժանվել, փաստացի, որպես նախընտրական քարոզչության մի մաս»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը բոլորովին այլ կարծիք ունի իրենց բաժանած տրակտորների մասին: Ավելին` քարոզչության շրջանում 10 անհատույց տրակտորների եւ ընտրությունների մեջ որեւէ կապ նա չի տեսնում: Նրա խոսքով` մեքենատրակտորային կայանների ստեղծման ծրագիրը կուսակցությունը նախաձեռնել է դեռեւս 2011 թվականին: «Որպես կուսակցության ծրագրային մաս է իրականացվում: Դա քարոզչության մաս չի կազմել: Մենք հատուկ հայտարարություն էլ ենք տարածել այդ կապակցությամբ, որ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասն է, դրույթներից մեկը` մեքենատրակտորային կայանների ստեղծումը Հայաստանի բոլոր մարզերում, եւ մենք դա կյանքի ենք կոչել: Քարոզարշավի հետ ոչ մի կապ չունի»,- ասաց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը: Դիտարկմանը, թե քարոզարշավը նույնպես նախընտրական ծրագրի մաս է, եւ նյութական միջոցների կիրառումը` ընտրակաշառք, Խ. Գալստյանն այսպես պատասխանեց. «Դա նույնն է թե` ողջ պետական բյուջեն էլ է մաս, եթե այդպես ասենք: Կառավարության բոլոր գործողությունները քարոզչության մաս կարո՞ղ ենք ենթադրել: Իհարկե` ոչ»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը խախտում էր արձանագրել նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ի քարոզարշավում, մասնավորապես` ՀԱԿ կողմից հանրահավաքների ժամանակ վիրավորական արտահայտությունների գործածման վերաբերյալ: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման բառեր իրականում գործածվել են իրենց հանրահավաքներում: «Եթե դա ոմանց կողմից համարվում է վիրավորական, ապա մենք ոչինչ չենք կարող անել: Եթե Հայաստանում գործում է ֆաշիստական ռեժիմ, ապա մենք նշում ենք, որ սա ֆաշիստական ռեժիմ է: Եվ վաղն էլ, մյուս օրն էլ, էն մյուս օրն էլ, քանի դեռ այդ ռեժիմը կա: Բայց ռեժիմին շատ քիչ է մնացել, մենք նշելու ենք, որ սա ֆաշիստական ռեժիմ է»,- ասաց Ա.Մուսինյանը:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ