ՀԱԿ-ը դատապարտում է

01/05/2012

Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած բախումների առնչությամբ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա Ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետեւանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տեւականությամբ եւ գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը եւ սպառեց վարչախմբի համբերությունը: Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է, տարբեր ոլորտներում քաղաքացիների նախաձեռնողականության աճը, նրանց պայքարը` ինչպես առանձին խնդիրների լուծման, այնպես էլ` իշխանության ապօրինությունների դեմ: ՀԱԿ-ը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին եւ դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները: Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ Ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք: Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որեւէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում: Նմանօրինակ որեւէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում: Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիեւ քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները եւս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան` այդ վարչախմբի վերացումը»: