Ապրիլի 29-ին միջադեպ արձանագրվեց Մաշտոցի պուրակում բնապահպանական ակտիվիստների, տաղավարներն ապամոնտաժող խմբի ներկայացուցիչների եւ Ոստիկանության աշխատակիցների միջեւ: Բնապահպանները որոշել են իրենց ակցիան շուրջօրյա դարձնել: Հետեւաբար` առաջացել էր պուրակում վրան տեղադրելու անհրաժեշտություն: Ոստիկանները, ինչպես նաեւ` ավելի ուշ դեպքի վայր շտապած Պարետապահակային ծառայության հատուկ գունդը, կարողացան խոչընդոտել այդ գործողությանը: Ըստ տեսագրության` առավել անձնազոհ էր գործում Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Այս տարվա մարտի 13-ին, երբ եղանակն էլ բավականին սառն էր, ոստիկանները դարձյալ հաջողեցին պոկել բնապահպանների` այգում տեղադրած վրանը: Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ էլ ոստիկանները որոշ ժամանակ խնդիրներ ստեղծեցին. թույլ չէին տալիս վրան տեղադրել:
Բանն այն է, որ վրանային մշակույթը խիստ վտանգավոր է թվում իշխանություններին: Վրանը թեթեւ, արագ բացվող եւ նույնքան արագ հավաքվող տնակ է: Կարող ես վրանը բացել ցանկացած վայրում, եւ այդ տարածքն անմիջապես դառնում է քոնը: Այլ կերպ ասած` սկսում ես քեզ զգալ այդ փոքրիկ տարածքի տերը: Անգամ ազատության` որեւէ բանով չհիմնավորված զգացում ես ունենում: Եվ սա է վրանի այն հիմնական «թերություններից» մեկը, որը ստիպում է օրենքի պահապաններին զգոնությունը չկորցնել: Թույլ տվեցիր տեղադրել մի վրան, կտեղադրեն երկրորդը: Հնարավոր է` վրանի կողքին ծառ տնկեն: Հետո` էլի մեկը: Կարճ ասած` երկրի համար լուրջ անհարմարություններ են ստեղծվում: Վրանի մյուս թերությունն այն է, որ այնտեղ ապաստանած մարդկանց ոստիկանների հայացքները չեն կարող հետեւել: Եվ հետո, իրականությունն այն է, որ վրաններում մարդկանց մտքերն ավելի անկաշկանդ են, քան քարե տներում: Վրանում գտնվող մարդը առավելագույնը, ինչ կարող է կորցնել, վրանն է:
Ի վերջո` ի՞նչ են ցանկանում երիտասարդ բնապահպանները: Իրո՞ք նրանց ցանկություններն այնքան վտանգավոր են, որ իշխանությունները ստիպված են նրանց դեմ հանել ոստիկաններին ու կարմիրբերետավորներին: Ինչո՞ւ է տագնապեցնում որեւէ քաղաքական ուժի չհարող այս կրթված, գրագետ ու ազատ երիտասարդների շարժումը: Նրանց կարգախոսներում չկան հավատալու եւ փոխվելու անհրաժեշտության, խոսքի ու գործի համարժեքության, օրենքի երկիր ստեղծելու մասին պնդումներ: Նրանց պահանջներն ավելի կոնկրետ են: Օրինակ` «Կանաչ, մաքուր Երեւան»:
Այս երիտասարդները ցանկանում են, որպեսզի Մաշտոցի պուրակում չտեղադրվեն առեւտրի տաղավարներ, եւ այգին ծառայի իր հիմնական նպատակին: Ընդ որում, պահանջը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հիմնավորում ունի. ժամանակավոր կրպակների տեղադրումն այգում հակաօրինական է: Սակայն սա երիտասարդների միակ ցանկությունը չէ:
Բնապահպանները ցանկանում են, որպեսզի դադարեցվի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը, որովհետեւ դա կործանարար եւ անդառնալի հետեւանքներ կունենա ամբողջ էկոհամակարգի վրա: Հանքի շահագործման պատճառով կթունավորվի 1500 հա հող: Այսինքն` այդ տարածքի վրա գտնվող անտառները, գետերը, հազվագյուտ բույսերն ու կենդանիները կոչնչանան: Մասնագետները չեն դադարում ահազանգել` հանքի բաց շահագործումը կառաջացնի 500 մլն տոննա թունավոր թափոն եւ 600 մլն տոննա այլ թափոններ:
Հանքային թափոններում եղած ծանր մետաղներն առաջացնում են քաղցկեղ, երեխաները ծնվում են անոմալիաներով:
Բնապահպանները ցանկանում են, որ Թռչկան ջրվեժի տարածքում փոքր հէկ-եր չկառուցվեն: Բնապահպանները ցանկանում են, որ օլիգարխիան ունենա այն ճակատագիրը, որը տակավին վերջերս ունեցավ Օլիկ Գարխյանը: Այսինքն` կյանքին, թող որ ուշացումով, սակայն հրաժեշտ տան «տգիտությունը, անպատժելիությունը, անօրինականությունը, հակասահմանադրականությունը, կոռուպցիան, ստախոսությունը, հանցավորությունը, ազգային հարստության թալանը»:
Սրանք հասկանալի ու պարզ ձեւակերպված ցանկություններ են, նույն շարքից, ինչ` «ավելի լավ է լինել առողջ եւ հարուստ, քան հիվանդ ու աղքատ»: Եթե դիտարկենք կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոնք իշխանությունների համար թզան տերեւի դեր են կատարում, կտեսնենք այս նույն ցանկությունները` պայքար կոռուպցիայի, անարդարության, օլիգարխների դեմ… Պայքարի առանձնահատկությունն այն է, որ իրականում պայքարը նրանց դեմ է, ովքեր պայքարում են կոռուպցիայի, անարդարության, օլիգարխների դեմ: Համոզվելու համար երկար սպասել պետք չէ: Խորհրդարանական ընտրություններին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Մինչեւ մայիսի 6-ն իշխանությունները նրբանկատորեն չեն արձագանքի Օլիկ Գարխյանի մահվան մասին լուրերին: Սակայն մայիսի 6-ից հետո ընտրողների քվեները կենարար էլիքսիրի դեր կունենան: Կհասկանանք, որ վաղաժամ էր հրճվանքը, որ Օլիկն այլեւս բարեգործություն չի անի չվճարած հարկերից ստացած գումարներով: Մայիսի 6-ից հետո ստիպված կլինենք հղում անել Մարկ Տվենին եւ փաստել` Օլիկ Գարխյանի մահվան մասին լուրերը չափազանցված էին: