ԱՄՆ-ը դատապարտել է

01/05/2012

Ադրբեջանում եւ Ղազախստանում լրագրողների դեմ բռնության դեպքերի կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Նման բռնությունները բացասաբար են ազդում տարածաշրջանի մամուլի ազատության վրա: Ինչպես եւ հայտարարել էինք նախկինում, լրագրողներն ու ազատ մամուլը անհրաժեշտ են ժողովրդավար եւ բաց հասարակություն ունենալու համար, եւ լրագրողները պետք է զերծ լինեն վախի եւ ահաբեկության մթնոլորտից»:

Անդրադառնալով Ադրբեջանում մամուլի ազատությանը, կազմակերպությունը քննադատել է ապրիլի 18-ին ադրբեջանական «Զերկալո» թերթի լրագրող Իդրաք Աբբասովին ծեծի ենթարկելու փաստը:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը` միջոցներ ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ: Մենք նաեւ միանում ենք մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հայտարարությանը եւ զգուշացնում Ադրբեջանի ղեկավարությանը` քայլեր ձեռնարկել լրագրողների դեմ բռնության դեպքերը բացառելու համար»,- ասված է հայտարարության մեջ: