Նախօրեի գիշերը` ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ: Ըստ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, ձեռնարկված միջոցառումներով զինծառայողների կյանքը փրկել հնարավոր չի եղել` նրանցից երկուսը մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը` Բերդի զինվորական հոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ ավտոմեքենայի վրա: Փաստի առթիվ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: