«Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցություններն ու ՀԱԿ-ը` ընտրությունների վերահսկման միասնական շտաբում որոշում են կայացրել դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել քվեարկած անձանց ցուցակը: Դիմումը պետք է ներկայացնեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, քանի որ նրանք են ներկայացված խորհրդարանում: Շտաբի աշխատանքները համակարգող, ԲՀԿ համամասնական ցուցակում ներկայացված Հմայակ Հովհաննիսյանը երեկ իրենց այդ դիմումին միանալու առաջարկ է ներկայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությանը: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ նախկինում, երբ իրենց կուսակցության պատգամավորները նույն բովանդակությամբ օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել, ԲՀԿ-ն դրան դեմ է քվեարկել: «Եթե իրենք այս պահին դիրքափոխվել են եւ գտնում են, որ անհրաժեշտ է, թող անեն: Ես կարող եմ ողջունել նրանց մտքափոխվելը»,- ավելացրել է նա: «Մեր քաղաքական գործընթացների կամ այն քայլը կատարելու ժամանակը մենք ենք որոշում` առանց կողմնակի հուշումների: Այս պահին ենք նպատակահարմար գտել, այս պահին ենք արել»,- մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հակադարձել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Դիմումն, ամենայն հավանականությամբ, ՍԴ կներկայացվի այսօր: