«Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար»,- երեկ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրված միջադեպերին, մասնավորապես` երկու օր առաջ Դովեղ գյուղի մանկապարտեզի գնդակոծման, երեկ էլ` երեք պայմանագրային զինծառայողների մահվան դեպքին: Սերժ Սարգսյանն ասել է, թե հայկական կողմի պատասխանը չի ուշանա: «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք: Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա»,- ասել է նա: