Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը երեկ հանդիպել է Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների ու տվյալ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բնակիչների բնակարանների հետ կապված անլուծելի դարձած խնդիրները: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ Գ. Նուշիկյանը նախապես հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ու քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հանդիպում-քննարկման ընթացքում երեկ Գ. Նուշիկյանը նշել է, որ այդ գործընթացը մինչ օրս եղել եւ մնում է ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, իսկ ինքն, ինչպես խոստացել էր բնակիչներին իր առաջին հանդիպման ընթացքում, հետամուտ է լինելու, որպեսզի այդ խնդիրները դրական լուծում ստանան: «Հուսով եմ` մեր հաջորդ հանդիպման ժամանակ բոլորդ կլինեք բնակարաններով ապահովված, եւ մենք կքննարկենք այլ հարցեր»,- հանդիպման վերջում ֆիրդուսցիներին ասել է թեկնածու Գ. Նուշիկյանը: