Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն` երեկ առավոտյան մեկնարկել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունը, որն ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: Առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները: Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ ՀՀ իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Իրավաբանական անձանցից, սակայն, որեւէ մեկը տվյալ չի ներկայացրել ԿԸՀ: Երեկ առավոտյան ժամը 8-ից մեկնարկած էլեկտրոնային քվեարկությանը արտերկրում մասնակցող ընտրողների թիվը 238 է: Ըստ Ընտրական օրենսգրքի` Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրություններից 9 օր առաջ եւ ավարտվում ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին: Ըստ ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատու պաշտոնյաների, էլեկտրոնային քվեարկության իրավունք ստացած ընտրողներն ունեն բավականին երկար ժամանակ քվեարկության համար. ընտրողը կարող է բազմաթիվ անգամ մուտք գործել նույն էջը, բազմաթիվ անգամ փոխել իր քվեն, ու միայն նրա վերջին քվեարկությունն է հաշվարկվում ձայների հաշվարկի ժամանակ: