«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» կուսակցություններն ու ՀԱԿ-ը երեկ որոշել են դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է քվեարկությունից հետո հրապարակել ընտությանը մասնակցողների ցուցակները:
Ընտրությունների ընթացքը վերահսկող միասնական շտաբի մասնակից այս երեք քաղաքական ուժերը գտնում են, որ ընտրացուցակներում ավելի քան 500 հազար անուններ կան, որոնք Հայաստանից մշտապես կամ ժամանակավոր բացակայում են: Նրանք համոզված են, որ իշխանությունները, մասնավորապես` ՀՀԿ-ն, այս անուններն օգտագործելու է իր օգտին մեծաքանակ քվեներ կեղծելու համար: Եվ նույնիսկ կարծիք կա, որ ՀՀԿ-ն կարող է ապահովել հաղթանակը միայն ընտրացուցակներում հայտնված, բայց Հայաստանից բացակայող մարդկանց հաշվին: Հենց այդ պատճառով էլ մտահոգություններ են հնչում, որ տարբեր մարզերից բազմաթիվ մարդկանց տարել եւ գրանցել են այլ բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքներում: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ` այս տարի ընտրացուցակներում ավելացել է մոտ 170 հազար անուն: Ոմանք համոզված են, որ հենց այդ անունների միջոցով կրկնակի քվեարկություններով հնարավոր կլինի մոտ կես միլիոն կեղծ քվեարկություններ իրականացնել: Բնականաբար, նման ծառայության դիմաց այդ մարդկանց գումար կտրվի: Ընդհանրապես տարիներ շարունակ համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ միշտ հայտարարություններ են հնչել, որ բազմաթիվ գոյություն չունեցող անձանց կամ մահացածների անուններով է քվեարկվել եւ ապահովվել իշխանական թեկնածուների հաղթանակը: Այս խորհրդարանական ընտրություններում աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ նման երեւույթների դեմ պայքար են սկսել վերը նշված քաղաքական ուժերը` ընդհուպ մինչեւ կոալիցիոն երկրորդ ուժ ԲՀԿ-ն: Եվ հիմա միասնական շտաբի այս երեք անդամները որոշել են վիճարկել Ընտրական օրենսգրքի այդ դրույթը: Ի դեպ, իր ստեղծման 3 շաբաթների ընթացքում սա, թերեւս, այդ շտաբի առաջին կոնկրետ որոշումն է` անկախ այն հանգամանքից, թե այն ինչ արդյունք կունենա:
Ընտրողների ցուցակների հրապարակման դրույթը առաջին անգամը չէ, որ դառնում է քաղաքական վիճաբանությունների առարկա: Նոր Ընտրական օրենսգրքի մշակման եւ քննարկման ժամանակ այդ դրույթը խորհրդարանում բազմաթիվ անգամ արժանացել է «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ուշադրությանը: Մինչեւ օրենսգրքի ընդունվելը այս կուսակցությունները բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացրել, որոնց թվում կար նաեւ այդ` ընտրություններից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակման առաջարկությունը: Սակայն իշխող կոալիցիան չընդունեց այդ առաջարկությունը` պատճառաբանելով, թե Վենետիկի հանձնաժողովն է դեմ եղել դրան: Իսկ մինչ նոր օրենսգրքի ընդունումը «Ժառանգությունն» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություն էր ներկայացրել` առաջարկելով նախկին օրենսգրքում լրացում կատարել եւ ներառել ցուցակների հրապարակման դրույթը: Սակայն կոալիցիոն կուսակցությունները, այդ թվում` ԲՀԿ-ն, մերժել էին այդ նախաձեռնությունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ ԲՀԿ-ն` երկու ընդդիմադիր ուժերի հետ միասին, պատրաստվում է դիմել ՍԴ` վիճարկելու համար այն դրույթը, որը մերժել է, եւ վիճարկելու այն օրենսգիրքը, որին կողմ է քվեարկել: ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է նաեւ, որ իրենց 20 պատգամավորներ կստորագրեն այդ դիմումի տակ: Նորից հիշեցնենք, որ դրանք լինելու են այն նույն պատգամավորները, ովքեր ժամանակին կողմ են քվեարկել Ընտրական օրենսգրքին եւ դեմ են քվեարկել ցուցակները հրապարակելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Ամեն դեպքում, լավ է, որ ԲՀԿ-ն վերջապես գլխի է ընկել, որ ընտրողների ցուցակների հրապարակումը ընտրակեղծիքների դեմ պայքարի մեծ հնարավորություն է ստեղծում: Սակայն ընտրություններից ընդամենը 10 օր առաջ որքանո՞վ է արդյունավետ նման հարցով ՍԴ դիմելը: Եթե նույնիսկ ՍԴ-ն որոշի, որ այդ դրույթը հակասահմանադրական է, իսկ դա քիչ հավանական է, եւ ԱԺ-ին պարտադրի համապատասխան օրենսդրական փոփոխություն կատարել, միեւնույն է, արդեն ուշ է, եւ դա չի կիրառվի այս ընտրությունների դեպքում:
Ավելացնենք նաեւ, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրենց 20 պատգամավորները կստորագրեն այդ դիմումի տակ, մնացած 7, միգուցե նաեւ ավելի ստորագրություններն էլ կապահովի ՀՅԴ-ն: Իսկ ցուցակների հրապարակման ջատագով «Ժառանգությունը» դժվար թե միանա միասնական շտաբի այս նախաձեռնությանը այն նույն հիմքերով, որոնց պատճառով այդ կուսակցությունը ստորագրեց այդ կառույցի ստեղծման մասին համաձայնագիրը, սակայն չմասնակցեց դրա աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» պահանջում էր մասնակից կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունը եւ չէր ընդունում, որ շտաբին միացած ԲՀԿ-ն մնա կոալիցիայում եւ շարունակի բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել: Իսկ հակառակ կողմը «Ժառանգությանը» մեղադրում էր ՀՀԿ-ի հետ համագործակցելու մեջ` ակնարկելով, որ ՀՀԿ-ն թույլ չի տվել, որ «Ժառանգությունը» միանա այդ շտաբին: Իսկ երեկ այդ շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը ՍԴ դիմումին միանալու գրություն է փոխանցել «Ժառանգությանը»: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նախ ասաց, թե իրենց կենտրոնական շտաբին պաշտոնապես ոչ ոք չի դիմել: Հ.Հովհաննիսյանն «իրենց շտաբի մոտով անցնելիս մի թուղթ է տվել, որտեղ կա նման առաջարկություն»: Այնուհետեւ Ռ.Հակոբյանն էլ հիշեցրեց, որ երբ «Ժառանգությունը» ցուցակների հրապարակման մասին օրինագիծ էր ներկայացրել, կոալիցիոն մյուս 2 կուսակցությունների հետ միասին, ԲՀԿ-ն էլ դրան դեմ է քվեարկել: «Հիմա եթե իրենք ընտրություններից 8-10 օր առաջ մտքափոխվել են եւ ուզում են այդ ուղղումը մտցնել, եւ ՍԴ դիմելու համար 27 ստորագրություն է անհրաժեշտ, կարծում եմ, չի խանգարի, որ իրենք 2 կուսակցություններով դիմեն: Պարզապես, որպեսզի հասկանանք, որ դա ի սրտե է, անկեղծ է եւ PR ակցիա չէ: Իսկ, որ գործնականում դա հնարավոր է, կասկածում եմ: Եթե իրենք այս պահին դիրքափոխվել են եւ գտնում են, որ անհրաժեշտ է, թող անեն: Ես կարող եմ ողջունել նրանց մտքափոխվելը»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Միասնական շտաբի փաստաբան Վահե Գրիգորյանը, ով զբաղվում է ՍԴ դիմելու գործընթացով, երեկ պնդեց, որ նման հայցադիմում Սահմանադրական դատարան ներկայացնելու համար իրավական հիմքեր կան. ընտրողների մասնակցության ցուցակը գաղտնի պահելով, խախտվում են սահմանադրության մի շարք հոդվածներ: «Միջազգային իրավունքի տեսանկյունից չկա բացարձակ գաղտնիության սկզբունք այս կամ այն հարցի վերաբերյալ, մինչդեռ Հայաստանում ընտրողների մասնակցության ցուցակը, որի հրապարակումը ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չի հանդիսանում, գաղտնի է պահվում: Ցուցակներին տիրապետում են միայն ԿԸՀ-ն եւ ընտրատեղամասային հանձնաժողովները, այն էլ, իրենք, որպես պետական մարմին, հրապարակելու իրավունք չունեն: Ավելին, եթե Սահմանադրական դատարանը քաղաքական կամք չդրսեւորի եւ համապատասխան որոշում չկայացնի, ապա հետագա վեճերը քննարկելիս այս մարմինը եւս ցուցակները ստուգելու եւ հրապարակելու իրավունքից զրկված կմնա»,- ասաց Վ.Գրիգորյանը:
Նախատեսվում է, որ Ընտրական օրենսգրքում ընտրողների ցուցակների հրապարակումն արգելող դրույթը վիճարկելու մասին դիմումը ՍԴ կներկայացվի այսօր: