Airbus-ի պատճառով

28/04/2012

Պետական եկամուտների կոմիտեն երեկ անդրադարձել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որտեղ նշված էր, որ արտաքին առեւտրի վերաբերյալ մաքսային ծառայության հրապարակած եւ ազգային վիճակագրության ծառայության ցուցանիշները միմյանցից տարբերվում են։ Հիշեցնենք, որ ԱՎԾ հրապարակման համաձայն` Հայաստանից արտահանումը 2012 թ. առաջին եռամսյակում կազմել է 347.7 մլն դոլար, իսկ ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ 293 մլն դոլար: ՊԵԿ-ը պարզաբանել է, որ ՀՀ Մաքսային ծառայությունը արտաքին առեւտրի մաքսային վիճակագրությունը վարում է հաստատված մեթոդաբանության հիման վրա, որտեղ սահմանված են առեւտրային եւ ոչ առեւտրային մաքսային ռեժիմների առանձնահատկությունները, որոնց համաձայն էլ` տվյալ ներմուծման կամ արտահանման գործարքը համարվում է արտաքին առեւտրային գործունեություն կամ չի համարվում այդպիսին: «Ի տարբերություն ազգային վիճակագրության ծառայության մեթոդաբանության, մաքսային ռեժիմների մի զգալի մասը, ըստ մաքսային վիճակագրության մեթոդաբանության, չի համարվում արտաքին առեւտուր եւ չի ընդգրկվում արտաքին առեւտրի վիճակագրական ցուցանիշների մեջ: Ըստ մաքսային վիճակագրության, արտաքին առեւտուր չի համարվում, օրինակ, «վերաարտահանում` նախկինում ժամանակավոր ներմուծումից հետո» մաքսային ռեժիմը, այդ ռեժիմով 2012թ. մարտ ամսին Գերմանիա է վերաարտահանվել «Airbus A319111» ինքնաթիռ, ինչն էլ հանդիսանում է մաքսային ծառայության եւ ազգային վիճակագրության ծառայության տվյալների տարբերության պատճառ»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: