Ապրիլի 26-27-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Ըստ ԱԳՆ-ի, հայկական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի եւ արվեստի գործիչները եւ այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը եւ դյուրացնել ընթացակարգերը: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ` ՀՀ-ն եւ ԵՄ-ն բանակցում են նաեւ հետընդունման մասին համաձայնագրի շուրջ, որով կարգավորվելու են ԵՄ-ի եւ ՀՀ-ի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման հարցերը: