Մայիսի 6. դատարկ պայմանականություն

28/04/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Զուր են հիշեցումները, թե կա՛ կյանք մայիսի 6-ից հետո: Որեւէ մեկը հակառակը չի պնդում: Խնդիրն ընդամենն այն է, որ մայիսի 6-ին հաջորդող կյանքը չի տարբերվելու այդ օրվան նախորդող ամիսների, տարիների կյանքից: Վկան` երեկ հրապարակված «Gallup international Association»-ի հարցման թարմ տվյալները: Այնպիսի տպավորություն է, թե սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերությունների գրասենյակները ՀՀԿ-ի նախընտրական շտաբում են, եւ հարցախույզն անց է կացվել` առանց տարածքից հեռանալու: Ըստ հարցման` եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի` ՀՀԿ-ին իր ձայնը կտար ընտրողների` 27.4, ԲՀԿ-ին` 20.9. ՀԱԿ-ին` 8.5, «Ժառանգությանը»` 4.4, ՕԵԿ-ին` 4.2, ՀՅԴ-ին` 3.7, ՀԿԿ-ին` 0.3, ՀԴԿ-ին` 0.1 տոկոսը: Եվ թող «Ազատություն» ռ/կ-ով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդի, թե արդար ընտրությունների դեպքում իր ղեկավարած կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կունենա, եւ «եթե ընտրությունները կեղծվեն, մայիսի 7-ին «Ժառանգությունը» հրապարակ դուրս կգա»: Հայտարարությունը լավ է հնչում, սակայն այնքան էլ արժանահավատ չէ: Ընտրությունները կեղծվելու են, եւ դա ասում են գրեթե բոլորը: Ընտրողների լավագույն կեսը, գումարային փոքրիկ պայմանականություններից հետո, չի դիմադրում ընտրակեղծիքներին: Այս մարդկանց սփոփում է միտքը, որ իրենք, այնուամենայնիվ, ընտրում են… ո՛ր կուսակցությունից կամ անհատից գումար կամ բնամթերք վերցնել: Անձնագիրը տալուց եւ գումարը վերցնելուց հետո ընտրության բուն պրոցեսն ավարտվում է: Մայիսի 6-ին մնում է հարթել տեխնիկական մեկ-երկու խնդիր` չշփոթել երթուղայինը, ավելորդ չանկեղծանալ հարեւանների հետ, ընտրություններից հետո չանհանգստացնել «նախապատվելի» կուսակցությանը կամ անհատին: Վերջ:

Այնպես որ, մայիսի 6-ից հետո սպասել դրամատիկ զարգացումների, որ մարդիկ` անարդարությունից փրփրած` դուրս կգան փողոց, թերեւս, տեղին չէ: Ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ բողոքի զանգվածային, շարունակական ակցիաներ չեն լինի: Դրա մասին վկայում են ոչ միայն հայտնի նախադեպերը, այլեւ հենց նախընտրական հանդիպումները: Ընդդիմադիր ուժերի` «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին լսելու կամ գոնե տեսնելու համար չեն լցվում նույնիսկ գյուղական փոքրիկ հրապարակները: Կարելի է հիմնավորում գտնել` մարդկանց վախեցրել են: Կամ տալ ավելի տպավորիչ ձեւակերպում` մարդիկ վախեցած են: Այդ մարդիկ վախենում են այնքան, որ փողոց դուրս չե՞ն գալիս: Ուրեմն եւ ոչ մի երաշխիք չկա, որ նույն այդ մարդիկ արդար քրտինքով վաստակած ընտրակաշառքի գումարով, տաքսիով կամ ավտոբուսով մայրաքաղաք կսուրան` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու` ընդդեմ ընտրակեղծարարների:

Այն մասին, որ բողոքի ակցիաներ չեն լինի, խոսում է նաեւ հակառակ փաստը` թե որքան մարդաշատ են իշխող կոալիցիայի կուսակցությունների նախընտրական հանդիպումները: Այնպես չէ, որ դժկամությամբ, պարզապես ոչ մեծ հաճույքով իրենց փորձում են զանգվածային տեսարաններում: Ընտրություններից հետո այս մարդիկ դուրս կգա՞ն փողոց` պայքարելու: Իշխանափոխության համար առավել նպաստավոր իրավիճակ, քան 2008թ. նախագահական ընտրություններից հետո էր, դժվար թե առաջիկա տարիներին լինի: «Համապատասխան կոնդիցիայի հասած», ամեն ինչի պատրաստ հազարավոր մարդիկ արդեն մարտի 1-ի առավոտյան եւ մինչեւ օրվա երկրորդ կեսը պատրաստ էին գնալ մինչեւ վերջ: Եթե ինչ-որ մեկը ստանձներ նրանց գործողությունների պատասխանատվությունը: Այդպիսին չգտնվեց: Մարդիկ մնացին իրենց ցանկությունների ու վճռականության հետ միայնակ, իսկ դեմ դիմաց զինված բանակն էր:

Սա ճակատագրական նախադեպ էր, որը շատերին ետ կպահի նորից փողոց դուրս գալու մտքից: Կուսակցությունները սիրով համախմբվում են դեկլարատիվ հայտարարությունների շուրջ` պայքարել ընտրակեղծիքների դեմ: Սակայն ընտրություններից հետո նրանք չեն միավորվում` պայքարելու արդեն ընտրակեղծիքների հետեւանքների դեմ: Պարզապես իրենք իրենց առաջ մաքսիմում ծրագիր են դրել` մտնել խորհրդարան: Այնտեղից պայքարել:

Այսօր թեեւ կա հուսահատության, անօգնականության գիտակցությունը, սակայն ընտրողներից շատերն էլ առանձնապես վեհ չեն: Հենց երեկ հետաքրքիր իրավիճակ պատմեցին. «Հայրենակիցներ» ծրագրով գարնան վերջին ընտանիքներ են պատրաստվում հեռանալ հայրենիքից: Իսկ մինչ գնալը վերցրել են ընտրակաշառք, որպեսզի քվեարկեն գործող իշխանությունների օգտին, ապա նոր միայն հանգիստ խղճով փախչեն:

Քաղաքագետներն ասում են, որ երբ որեւէ երկրում իրավիճակը գլոբալ աբսուրդի է վերածվում, անխուսափելի է ներքին պայթյունը: Հայաստանում գլոբալ աբսուրդն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն գիտի երեք բան` ա) ինչպես կառավարել երկիրը, որպեսզի այն դրախտ դառնա, բ) ինչպես, հատկապես ո՛ր խոտաբույսերով ու դեղերով կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, եւ գ) այսպես այլեւս շարունակել հնարավոր չէ: Առաջին երկու իմացությունները կյանքի ընթացքում պետք չեն գալիս. երկիրը կառավարում են ուրիշները, իսկ հիվանդանալիս, միեւնույն է, կատարում ենք բժշկի պահանջը: Երրորդ եզրահանգմանը հաջորդող ռեֆլեքսը բոլորիս մոտ գրեթե նույնն է` վերցնել գաղթականի ցուպը:

Առավել եւս, ինչպես նախընտրական շրջանում հաճախ է լինում, սահմաններում դարձյալ անհանգիստ է… Հակառակի պես…