Երեկ մեր թերթի խմբագրություն էին եկել Արաբկիր վարչական շրջանի Երեւանի Թբիլիսյան խճուղի 3/2 շենքի բնակիչները: Վերջիններս նախ` իրենց դժգոհությունը հայտնեցին մեր թերթի նախորդ համարում հրապարակված` «Փաստորեն, վարչապետն ինձ խաբեց» վերնագրով հոդվածի վերաբերյալ, որտեղ նույն հանրակացարանի բնակչուհի, Սովետաշենի մանկատան նախկին սան Գայանե Սահակյանը ներկայացրել էր իր ընտանեկան ծանր վիճակը: Նույն շենքի բնակիչների խոսքով` Գայանեի գրեթե բոլոր դժգոհություններն իրականության հետ կապ չունեն, բացի նրանից, որ նա մանկատան սան է եղել: Ընդ որում, ըստ բնակիչների` դա կարող են վկայել հանրակացարանի գրեթե բոլոր բնակիչները: «Գայանե Սահակյանն 99 տոկոսով ստել է Ձեզ, մասնավորապես, նա ստել է` ասելով, որ իր երեխային անձնագիր չեն տալիս: Իր երեխան չի գնում անձնագիրը վերցնելու. թաղայինը զանգում է ինձ, ասում է` ասա թող գնա վերցնի, գրանցվի, բայց Գայանեն չի ուղարկում իր տղային, որ գնա` վերցնի, որպեսզի հանկարծ «Փարոսից» չզրկվի: Ստում է նաեւ մասնավորապես այն, որ մանկատանը կատարվել են բռնաբարության դեպքեր: Ես փաստերով կարող եմ ապացուցել, որ նման դեպքեր Սովետաշենի մանկատանը երբեւիցե տեղի չեն ունեցել: Ի տարբերություն իր հայտարարությունների, վարչապետը մեր շենք այցելելու ժամանակ, ամբողջ շենքի եւ հարակից շենքի բնակիչներին բժշկական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն է տվել: Վարչապետը չի խաբել: Վարչապետը տեղում 370.000 դրամ նվիրատվություն է տվել մանկատան 4 սաներին: Գայանեն եւս ստացել է»,- իրավիճակը պարզաբանեց նշյալ շենքի բնակչուհի Նաիրա Պետրոսյանը: Երեկ այս առնչությամբ մենք փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ նաեւ Գայանե Սահակյանից, ով, նշյալ բնակիչների խոսքով` ստել էր մեզ: Հարցին, թե ինչո՞ւ էր թաքցրել այն հանգամանքը, որ վարչապետն իրեն գումար էր տվել, նա պատասխանեց. «Դա սուտ ա: Վարչապետն ինձ գումար չի տվել, ես երդվում եմ: Վարչապետը գումար տվել է երկու հոգու` ամեն մեկին` 100.000 դրամ: Իսկ ինքը, որ եկավ ինձ մոտ, ես իմ խնդիրները ներկայացրեցի, ասացի, թե իմ վիճակն ինչ ծանր ա, իմ տղան դեկտեմբերի 31-ին գալիս ա` շոր չունի հագնելու, սոված զկրտում ենք, իսկ ինքն ասաց` ես խոստանում եմ, որ էդ «Փարոսը» կստանաք, ու այդպես էլ չստացա: Ինչ վերաբերում է բուժական անվճար ծառայությանը` դա ճիշտ է»: Ինչեւէ:
Նաիրա Պետրոսյանը երեկ մեզ ներկայացրեց նախկին հանրակացարանի շենքի այսօրվա «դառը» ճակատագիրը: Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեում գտնվող հանրակացարանը մինչ Խորհրդային Միության կարգերի փլուզումը` 1977-1990թթ., բնակեցված էր Հայաստանի մարզերից ժամանած ուսանողներով եւ մանկատան չափահաս սաներով: Այնուհետ հանրակացարանը բնակեցվել է նաեւ փախստականներով: Հանրակացարանի շենքի բնակիչների` Ն. Պետրոսյանի եւ Վարդուհի Գաբրիելյանի փոխանցմամբ` հանրակացարանը պատկանում էր Երեւանի թիվ 9 արհեստագործական ուսումնարանին: «1980-ական թթ. վերջին «Աշխատանքային ռեզերվներ» պետական հասարակական կազմակերպությունը 15 տարի վարձակալական հիմունքներով վերցրել է հանրակացանի մի մասը եւ մյուս մասի չորրորդ հարկը: 1991թ., երբ ԽՍՀՄ-ը լուծարվեց, բոլոր պետական, հասարակական կազմակերպություններն իրենց ձեռքի տակ եղած շենք-շինությունները պարտավոր էին հետ հանձնել նախկին տերերին, այսինքն` պետությանը: «Աշխատանքային ռեզերվները» մեխանիկորեն լուծարվելուց հետո պահպանում է աշխատակազմը»,- նշեց Ն. Պետրոսյանը: Վերջինիս խոսքով` 2002թ. նշյալ հ/կ-ն վերակազմավորվել է, բայց արդեն առանց պետական բառի հիշատակման` մարզական հ/կ կարգավիճակով: «Այսինքն` 1991թ. իրենք մեխանիկորեն լուծարվել են, շենք-շինությունները չեն հանձնել, պահել են իրենց տրամադրության տակ, իսկ 2002թ. ստեղծել են սովորական հ/կ` նույն պետական անվամբ, եւ ժողովրդին գցել շփոթության մեջ, եւ հետո այդ բալանսից կեղծիքով «նստացրել» են իրենց հ/կ-ի բալանսին: Նրանք դրա իրավունքը չունեին»,- ասաց հանրակացարանի բնակչուհին: Հիշյալ հ/կ-ի նախագահը եղել է Արա Մեհրաբյանը: Բնակիչների փոխանցմամբ`առանց չափագրումների` հիշյալ հանրակացարանը` որպես հյուրանոցային մաս, անժամկետ օգտագործման իրավունքով տրվել է «նորաբաց» մարզական հ/կ-ին: Այդ որոշումն ընդունվել է 2003թ. Քանաքեռ-Զեյթունի Կադաստրի կողմից: «Եթե նրանք ցանկանում էին սեփականաշնորհել, ապա պետական շինությունների սեփականաշնորհման հարցով կա մի իրավունք, ըստ որի` եթե այդ տարածքում բնակիչներ են ապրում, իրենք պարտավոր էին ապահովել բնակիչներին. 1. Բնակիչներին պետք է դարձնեն համասեփականատեր, 2. Պետք է տրվի շուկայական արժեքը, որ այդ մարդիկ դուրս գան այդտեղից, 3. Պետք է տան պետական արժեքը եւ ապահովեն համապատասխան տարածքով ուրիշ վայրում, որպեսզի այդ մարդիկ ազատեն այդ տարածքը: Իրենք այդ կանոններից ոչ մեկը չեն իրականացրել, եւ ժողովրդից թաքուն սեփականացրել են` ժողովրդին կանգնեցնելով փաստի առաջ»,- նշեց Ն. Պետրոսյանը: Հանրակացարանի մյուս բնակչուհու` Վ. Գաբրիելյանի փոխանցմամբ, սեփականաշնորհման գործընթացին զուգահեռ` իրենից, ինչպես նաեւ մանկատան նախկին երկու սաներից, վերցրել են նաեւ վարձավճարներ: Բնակիչների ասելով` վարձավճարների չափը որոշվում էր «սիմպատիայի» մեխանիզմով: «Հանրակացարանի տնօրենը` Ստյոպա Հարությունյանը, որ նաեւ շենքի պարետն է` մեկից վերցնում է` 3000, ինձնից` 5000. մյուսից` 10.000 դրամ: Մենք շատ ուշ ենք իմացել հանրակացարանի սեփականաշնորհման մասին` 2008թ. էր, որից հետո շենքի բնակիչների 90 տոկոսը վարձ չի տվել»,- ասաց Ն. Պետրոսյանը: Հանրակացարանի բնակիչների խոսքով, 2008թ. սկսած` իրենք դիմել են պետական տարբեր գերատեսչություններին, որտեղից ստացել են գրեթե նույն պատասխանները, թե պետք է գտնեն սեփականատիրոջը: «Ու հետո սկսեցին գնդակի նման «չըլչըլել» ժողովրդին, ու 2008թ., կարծես, ժողովուրդը հոգնեց, բայց դադարել էր վարձ տալուց: «Աշխատանքային ռեզերվները» վարձավճարներ վերցնելու պայմանագրեր էր կնքել ժողովրդի հետ, որը մեկ անգամ եւս խախտել է հ/կ-ների մասին օրենքը, քանի որ հ/կ-ն հանդիսանում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, եւ իրավունք չունեին որեւիցե գործարք կատարել շահույթ ստանալու համար»,- ընդգծեց հանրակացարանի բնակչուհին` մատնացույց անելով վարձավճարների կտրոնների կնիքները, որոնք, ըստ նրա, օրենքի խախտումով են արվել: «Իրենք ցանկանում են մանկատան երեխաների միջոցով շենքը հասցնել վթարային վիճակի (անձամբ ես եմ տեսել, թե Գայանեն ոնց ա կանգնում, Իրինան էլ` լոմով քարերն էր քանդում), ժողովրդին հանեն էդտեղից, իսկ վթարային շենքերը չեն սեփականաշնորհվում»,- ասաց Ն. Պետրոսյանը: «Մի բան կանեն, էլի, շենքի հետ` մեզ կհանեն` կա՛մ կվաճառեն, կա՛մ մի բան կկառուցեն: Դե մենք էլ` Աստված գիտի…..»,- նշեց Վ. Գաբրիելյանը: Բնակիչները վստահեցնում էին, որ իրենք պայքարելու են իրենց իրավունքների համար: Նրանք իրենց հետ խմբագրություն էին բերել բավական մեծ թվով փաստաթղթեր: Վերջիններիս ասելով` իրենց յուրաքանչյուր բառը «հիմնված է իրավական ակտի վրա»: Բնակիչները նամակներ են գրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել: «Մեր նպատակն է` սեփականաշնորհել մեր տարածքները, ստանալ բարելավվելու իրավունք, որովհետեւ ընտանիքներն ապրում են 5-8 անդամներով 14քմ-ի մեջ: Սեփականաշնորհելուց հետո մենք մեր ուժերով կվերանորոգենք մեր սեփական շենքը: Ի դեպ, ասեմ նաեւ, որ, ունենալով ապօրինաբար սեփականաշնորհման թղթեր, ինքը` Ստյոպա Հարությունյանը, որ Ա. Մեհրաբյանի կատարողն է, փորձում էր ապօրինաբար վտարել բնակիչներին»,- նշեց Ն. Պետրոսյանը: Բնակիչների փոխանցմամբ` իրենք պատրաստվում են դատական հայց ներկայացնել կատարվածի համար` միաժամանակ պահանջելով իրենց վճարած բոլոր վարձերը:
Ստացվում է, որ բնակիչների նշած` ապօրինի սեփականաշնորհման հետեւանքով` մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում, եւ այլեւս անսպասելի չէ այն, որ մի օր «սեփականատերը» որոշի հանրակացարանի փոխարեն հյուրանոց կառուցել կամ վաճառել այդ տարածքը: Իսկ թե ի՞նչ կլինի այդ շենքի բնակիչների հետ, թերեւս, այդքան էլ հետաքրքիր չէ սեփականատերերին: «Հարցը լուծելու համար մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, ինչ գնով էլ լինի: Ես ունեմ 3 երեխա: Բացի դա, բնակշենքում ապրում են մանկատունն ավարտած սաներ, որոնք ստացել են բնակարաններ, պետական եւ մասնավոր հովանավորների միջոցով, վարձով են տվել դրանք, եւ այսօր ապրում են, կարելի է ասել` մեր տարածքների վրա, որովհետեւ էսօր իմ 22 տարեկան տղային` մեկ քրոջս, մեկ ախպորս, մեկ սկեսուրիս տուն եմ ուղարկում, որովհետեւ 14 քմ-ի վրա չեմ կարող հասուն տարիքի տղա-աղջիկ տեղավորել»,- հավելեց Նաիրան: