«Ռոբերտ Քոչարյանի օգտին այսօր Հայաստանում կքվեարկի ընտրողների 2,5 տոկոսը,- «Ա1+»-ին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մանրամասնելով,- Որովհետեւ նրա ընտանիքի տնտեսական գործունեությունը բավականին վատ արձագանք գտավ հանրության կողմից, թե ինքը ինչով ա եկել, ինչով ա գնացել»: Քոչարյանի կառավարման օրոք գրանցված տնտեսական հաջողություններն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, բավարար չեն, որպեսզի նա վերադառնա քաղաքական էլիտա, քանի որ, ըստ նրա, երկրի տնտեսական հաջողություններից Քոչարյանն ավելի շատ է շահել, քան ժողովուրդը: «Ռոմանտիկ նախագահի կերպարի տակ բավականին պրագմատիկ ֆինանսիստ տնտեսագետ էր ապրում, մենք դրա մասին չգիտեինք»,- ասել է նա` ավելացնելով, որ Քոչարյանը կարող է վերադառնալ, եթե ցանկանա ՀՀԿ-ն: Նույնիսկ ԲՀԿ-ն, ըստ Ադիբեկյանի, չի կարող օգնել Ռոբերտ Քոչարյանին։ «ՀՀԿ-ի ներգրավվածների քաշը ավելի գերակշռող է»,- ասել է նա: Ադիբեկյանը չի հավատում այն հարցումներին, թե ԲՀԿ-ն այսօր ավելի մեծ հեղինակություն ունի, քան` ՀՀԿ-ն: «Ուրիշների հարցումների մեջ սխալները շատ են»,- ասել է Ա. Ադիբեկյանը: Իսկ Ա. Ադիբեկյանն ինչ-որ բան լսե՞լ է ՀՀԿ-ի բաժանած ընտրակաշառքների, դպրոցներում իրականացվող քարոզչական բարեգործությունների մասին: «Բենզին, շաքար ներկրողները` իրանք պարտավոր են էդ բանն անել, տարբերակ չկա»,- ի պատասխան` ասել է նա: