Օգնել են

26/04/2012

Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված` «Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանը մի քանի օր առաջ դիմել է ԱԺ-ում ստեղծված մոնիտորինգի հանձնաժողովին, որ միջամտեն վերացնել իր քարոզչության ընթացքում առաջացած խոչընդոտները: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար եւ այդ մոնիտորինգային խմբում ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը: Ընտրատարածքում Ս.Սաֆարյանին խանգարել էին տարածել իր քարոզչական բուկլետները: «Անմիջապես կարգավորվել է բարձրացված հարցը: Անմիջապես զանգել եմ մեր շտաբներ, եւ կարգավորել ենք այդ հարցը: Կես ժամ հետո զանգեց եւ շնորհակալություն հայտնեց»: Եթե Ս.Սաֆարյանը ԱԺ մոնիտորինգային խմբի աջակցությունն ունեցել է, ապա ինչո՞ւ հրաժարվեց մասնակցել դրա նիստերին: «Մասնակցում էր նիստերին, բայց քանի որ միասնական շտաբից դուրս էին եկել, որպեսզի տարակարծություններ չհնչի, դուրս եկան նաեւ մեր խմբից: Բայց մեր հանձնաժողովի աշխատանքներից շատ գոհ էր: Ինքն անձամբ ինձ շնորհակալություն է հայտնել»,- ավելացրել է Գ.Մելիքյանը: