Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին զուգահեռ` հստակ ուրվագծվում է մարդկանց մի խավ, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, մայիսի 6-ին ուղղակի չեն գնալու ընտրատեղամաս: Այդ թեմայի շուրջ զրույցներն ամեն օր ավելի ակտիվ են դառնում, ամեն օր ընդգրկում են ավելի մեծ շերտեր: Խոսքն ամենեւին հասարակության այն հատվածի մասին չէ, որն ավանդաբար ապաքաղաքական է, մեկուսացած է բոլոր գործընթացներից եւ առաջնորդվում է` «Ինձանից ոչինչ կախված չէ» սկզբունքով: Ճիշտ հակառակը` խոսքն ամենաակտիվ, հասարակական-քաղաքական խնդիրներով մտահոգ հատվածի մասին է: Այդ մարդկանց հնարավոր չէ պասիվ կամ ամորֆ զանգված համարել: Այդ մարդիկ շատ լավ գիտակցում են ընտրությունների կարեւորությունը, ընտրություններին չմասնակցելու անթույլատրելիությունը, սակայն այդ մարդիկ չգիտեն, անկեղծորեն չգիտեն` ո՞ր քաղաքական ուժին ընտրել: Խնդիրն այն է, որ այս ընտրություններին մասնակցող եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր կամ այդպիսին համարվող ուժերը հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտեցին, որ քիչ են տարբերվում կամ գրեթե չեն տարբերվում իրարից, եւ մեկի կամ մյուսի հաղթանակը կամ պարտությունը մեծ հաշվով ոչինչ չի փոխելու: Այսինքն` օր օրի Հայաստանում ձեւավորվում է մարդկանց խավ, որոնց համար մայիսի 6-ի ընտրություններն իրականում ներկայանալու են` որպես ընտրության բացակայություն: