Ասում է ԱԺ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը
– Պարոն Առաքելյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր թեկնածության առաջադրումը:
– Թերեւս կարճ, սակայն գերհագեցած կենսագրությունս, մեր ընտրատարածքում վերջին հինգ տարիների ակտիվ հասարակական-քաղաքական ներգրավվածությունս, գուցեեւ մարդկային որակներս հաշվի առնելով` Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ քաղխորհուրդը նպատակահարմար գտան, որ ես առաջադրեմ իմ թեկնածությունը:
– Ի՞նչ հարաբերություններ ունեք պարոն Ծառուկյանի հետ:
– Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային, մարդկային եւ, որ ամենակարեւորն է` ընկերական են, որոնք ձեռք են բերվել վերջին 12 տարիների ընթացքում: Պարոն Ծառուկյանը արդարամիտ, սիրված, Աստծո տված մարդ է, իսկ քաղաքականությունը բխել է նաեւ մեր ընկերությունից:
– Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
– Նախընտրական ծրագրիս առաքելությունը բացառապես ԲՀԿ 6-րդ արտահերթ համագումարում ընդունված հնգամյա ծրագրի հիմնադրույթների կենսագործումն է, իսկ օրենսդրական գործունեություն ծավալելու նպատակս ՀՀ-ում առկա հիմնախնդիրներն են, որոնց մի մասը կրում է լոկալ բնույթ:
– Տիրապետո՞ւմ եք տարածաշրջանի հիմնախնդիրներին:
– Ամբողջովին: Արագածոտնի մարզում չկա գեթ մեկ խնդիր, որ արժե առանձնացնել. աշխատատեղերի ստեղծման արդեն համազգային ցավոտ հարցից` մինչեւ ոռոգման եւ խմելու ջրահամակարգերի գերխնդիր, գյուղատնտեսության վատթար վիճակից, մեքենատրակտորային տեխնիկաների բացակայությունից` մինչեւ այլ անկատար ենթակառուցվածքներ, սոցիալապես անապահով շերտի կարիքների շարունակական թեթեւացումից, առողջապահական հոգսերի լուծումից` մինչեւ կրթական եւ մշակութային օջախների բարեկարգումներ, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի ժամանակավոր վերացումից` մինչեւ նպատակային սոցիալական այլ ծրագրեր լինելու են իմ մշտական ուշադրության կենտրոնում: Դե, երեւի համոզվել եք, որ մեր խոսքը գործ է (ժպտում է.- խմբ.):
– Ճի՞շտ է, որ, ինչպես կոալիցիոն մյուս գործընկերները, այնպես էլ ԲՀԿ-ն, պատրաստվում են գնել ժողովրդի ձայնը: Դուք է՞լ եք ընտրակաշառք բաժանելու:
– Պարզապես ծիծաղելի է: 100%-ով վստահեցնում եմ, որ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ես նման գործընթացներին չենք մասնակցում, ո՞ւմ կաշառեմ` կուսակցի՞ս, թե՞ համագյուղացուս, ընկերո՞ջս, թե՞ բարեկամիս, կամ իմ կենսագրությանը ծանոթ ընտրազանգվածի՞ս:
– Ճանաչո՞ւմ եք Ձեր մրցակիցներին եւ ինչքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու հավանականությունը:
– Այո՛, երկուսին էլ ճանաչում եւ հարգում եմ: Իմ ընտրվելու հնարավորությունը բարձր է գնահատվում ոչ միայն իմ ու իմ թիմի կողմից, այլեւ դա են վկայում facebook-յան տարատեսակ սոցհարցումների ու սոցիոլոգիական անկախ փորձագետների հետազոտությունները: Աստված մի՛ արասցե, եթե նույնիսկ պարտվեմ, ապա քաղաքակիրթ հային եւ պրոֆեսիոնալ մարզիկին վայել ես առաջինը կշնորհավորեմ հաղթած թեկնածուին:
– Պարո՛ն Առաքելյան, Դուք առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի կողմից ներկայացված է Վրեժ Մարկոսյանը, ով վայելում է ՀՀ գլխավոր դատախազի հովանավորչությունը, եւ Ձեր կողմից պայքարը անիմաստ են համարում:
– Այս տեսակ ասեկոսեները հնացած քաղտեխնոլոգիա է, այլապես ո՞ր գիտակից մարդը կմտներ մի ոլորտ, որտեղ ենթադրվում են ձեւական ընտրություններ: Անշո՛ւշտ, ընդունում եմ, որ օգտագործվում են ոչ միայն վարչական լծակները, այլեւ փորձում են ձեւավորել վախի մթնոլորտ, որ քաղաքացին ահաբեկված, պարտադրված կատարի իրենց ցանկությունները:
– Ի՞նչ բիզնեսներ ունեք, որոնք կարող եք ծառայեցնել ընտրության ընթացքին:
– Իմ միակ բիզնեսը, ավելի ճիշտ` կապիտալը, այս տարածաշրջանի ազգաբնակչության վստահության քվեն է, որը պատիվ է:
– Այնուամենայնիվ, ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում:
– ԲՀԿ-ի եւ իմ կողմից ամեն հնարավոր ու անհնար միջոցները ձեռնարկելու ենք, որպեսզի անցկացվեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, որ ընտրվեն արժանավորները:
R