Շտաբ եւ տեսարաններ

26/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ ընտրական գործընթացները վերահսկող միանգամից երեք կառույց է ձեւավորվել` արտախորհրդարանական միասնական շտաբը, խորհրդարանական մոնիտորինգային խումբը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի նախաձեռնած քաղաքակիրթ ընտրությունների կանոններին միացած որոշ կուսակցություններից բաղկացած խումբը:

Այս երեք կառույցներն էլ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, ինչ-որ քննարկումներ անցկացնում: Օրինակ, երեկ պետք է կայանային այդ երեք խմբերի հանդիպումները: Սակայն արտախորհրդարանական շտաբի հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետեւ Քաղաքագետների միության տարածքն այլեւս ՔՄ-ին չի պատկանում: Այս շտաբի հանդիպումները միշտ Քաղաքագետների միությունում էին անցկացվում: Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիպել են նաեւ Դ.Հարությունյանի նախաձեռնության մասնակիցները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Կոմկուսն ու Դեմկուսը: Այս կուսակցություններից երկուսը` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, մասնակցում են այս բոլոր երեք կառույցների աշխատանքներին: Դ.Հարությունյանն ասաց, որ երեկ իրենք քննարկել են ընտրացուցակների հարցը` հասկանալու համար, թե որն է պատճառը, որ նախորդ ընտրությունների համեմատ այդքան ավելացումներ կան: Ի դեպ, նրանք այսօր էլ են հանդիպելու:

Երեկ Ազգային ժողովում հանդիպեցին նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին կից մոնիտորինգային խմբի անդամները: Այստեղ էլ քննարկվեցին մի շարք հարցեր` մասնավորապես քվեարկելու դեպքում անձնագրերում դրվող օքսիդացող կնիքի, կոնկրետ ընտրողի քվեարկությունը բջջային հեռախոսով նկարելու եւ դպրոցներում քաղաքական քարոզչություն կազմակերպելու վերաբերյալ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե մարզեր եւ գյուղեր կատարած այցերի ժամանակ բազմաթիվ ընտրողներ իրենց տեղեկացրել են, որ հատկապես գյուղապետերն իրենց հրահանգում են բջջայինով լուսանկարել իրենց արդեն քվեարկած քվեաթերթիկը, դուրս հանել, իրենց ցույց տալ` որպես խոստացած քվեն տալու ապացույց, եւ ստանալ դրա դիմաց նախապես խոստացած ընտրակաշառքը: Պատգամավորը պահանջում էր, որ մայիսի 6-ից առաջ ԿԸՀ նախագահը եւ ՀՀ ոստիկանապետը հանդես գան հայտարարությամբ` հստակ նշելով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Ս.Նիկոյանը տեղեկացրեց, թե արդեն պայմանավորվածություն կա, որ ընտրությունների նախօրեին ԿԸՀ նախագահն ու ոստիկանապետն այդ մասին հարցազրույցներ կտան հեռուստաընկերություններին: Այս պայմանավորվածությունը երեկ ձեռք է բերվել Դ.Հարությունյանի նախաձեռնած հանդիպումների արդյունքում: Ն.Զոհրաբյանի ներկայացմամբ` բջջային հեռախոսով քվեաթերթիկի լուսանկարը պահանջող գյուղապետերը ԲՀԿ անդամ չէին: Այսինքն` նա ակնարկում էր, որ այդ գյուղապետերը կարող էին լինել ՀՀԿ անդամներ, քանի որ Հայաստանի ավելի քան 600 համայնքների ղեկավարներն այդ կուսակցության անդամներ են: Իսկ քվեաթերթիկը բջջային հեռախոսով լուսանկարելու եւ դրա պատվիրատուներից կաշառք ստանալու ընտրակեղծիքի տեխնոլոգիան նոր չէ, եւ կիրառվել է նախորդ համապետական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այս օրերին արդեն այդ կեղծիքն իրականացնելու նախապատրաստական աշխատանքներն են տարվում` թե համայնքապետերի, եւ թե կուսակցությունների ակտիվիստների կողմից ինտենսիվորեն բնակիչների անձնագրային տվյալներն են հավաքագրում` միաժամանակ նրանցից առայժմ բանավոր խոստում ստանալով, որ կընտրեն իրենց կուսակցություններին: Ընտրությունների օրն արդեն կազմակերպված ձեւով այդ ընտրողներին բերման են ենթարկում ընտրատեղամասեր, քվեարկությունից հետո պահանջում են ապացույց բջջայինի լուսանկարը եւ տալիս են դրա դիմաց խոստացած գումարը: Այսինքն` կոնկրետ այս տիպի ընտրակեղծիքը տեղի է ունենալու համակարգված ձեւով եւ ընտրող-կուսակցություն փոխհամաձայնության արդյունքում: Ավելին, այս թեմայի շուրջ այսօր խոսում են գրեթե բոլոր միջավայրերում, քաղաքացիների մեծ մասի քննարկումներում: Եվ ընտրողն այլեւս տարօրինակ կամ հանցագործություն չի համարում իր քվեի դիմաց 10-20 հազար դրամ ակնկալելը: Ավելին` շատերը նույնիսկ ակնկալում եւ պահանջում են: Այնպես որ, այս իրավիճակում անհասկանալի է, թե ԿԸՀ նախագահի կամ ոստիկանապետի հայտարարություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն ընտրական, այլ ցանկացած ոլորտում համատարած օրինախախտումներին բախվող ՀՀ քաղաքացիների վրա:

Ն.Զոհրաբյանը նաեւ հիշեցրեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե քվեարկությունից առաջ ընտրողի անձնագրում դրվող կնիքի թանաքը օքսիդանալու է քվեարկությունից ոչ թե 12 ժամ հետո, ինչպես նախատեսված է Ընտրական օրենսգրքով, այլ ընդամենը մի քանի ժամ անց: Եվ եթե, իսկապես, այդ կնիքը շուտ անհետանա, տվյալ անձնագրի տերը կարող է մեկ այլ տիպի ընտրակեղծիքի մասնակից լինել` իր իրավական գրանցման վայրից դուրս մեկ այլ տեղ նույնպես քվեարկել: Նման դեպքեր նույնպես եղել են մեր ընտրական պրակտիկայում: Մտահոգություն կա, որ այն կրկնվելու է նաեւ մայիսի 6-ին, որովհետեւ մի քանի շաբաթ առաջ հրապարակված ընտրացուցակներում մի հասցեի վրա 50-100 հոգու գրանցման դեպքեր հայտնաբերվեցին: Եվ, որ ամենակարեւորն է, 2008թ. ընտրությունների համեմատ այս անգամ ցուցակներում ընտրողների թիվն ավելացել է 170 հազարով: Կարծիք կա, որ հատկապես Երեւանի յուրաքանչյուր ընտրատարածքում մի քանի հազար հոգու գրանցում է ավելացվել: Եվ եթե, իսկապես, շրջանառության մեջ դրված կեղծ անձնագրեր չկան, ուրեմն նույն անձնագրով քվեարկելու հնարավորություն կարող է լինել: Երեկ Ն.Զոհրաբյանն առաջարկեց փորձարկել ընտրությունների ժամանակ օգտագործվող թանաքը, եւ համոզվել, այն անձնագրից մի քանի՞, թե՞ 12 ժամ հետո է օքսիդանալու: Ս.Նիկոյանն ընդունեց այս առաջարկությունները եւ հայտնեց, որ կփորձի դրանց պատասխանները ստանալ: Թեեւ կարծիք հնչեց, թե փորձարկման համար կարող են այլ թանաք բերել: Կամ` եթե թանաքն ավելի շուտ է օքսիդանալու, ապա դա ընտրությունների օրը կբացահայտվի եւ մեծ աղմուկ կբարձրացնի:

Մտահոգություն հնչեց նաեւ, որ դպրոցներում այս օրերին կազմակերպվում են քաղաքական քարոզչություններ եւ հանդիպումներ: Օրինակ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թիվ 7 ընտրատարածքում հանդիպել էր դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների ծնողների հետ: Դպրոցներում նաեւ գումար բաժանելու մասին տեղեկություններ հրապարակվեցին: Ս.Նիկոյանը համաձայնեց, որ նման դեպքերը «Հանրակրթության մասին» օրենքի խախտում են, եւ հայտարարեց, որ դրանց չկրկնվելու համար կդիմեն Կրթության ու գիտության նախարարությանը: Բայց արդյո՞ք թե Ս.Նիկոյանին կից, եւ թե ընտրությունները վերահսկող մյուս խմբերի գործունեությունն իմիտացիոն բնույթ չեն կրում: Չէ՞ որ այս օրերին այդպես էլ չի կասեցվում համատարած տվյալների հավաքագրումն ու բազմաթիվ այլ տիպի ընտրակեղծիքների նախապատրաստումն ու իրականացումը: Իսկ նման հանձնաժողովների ու խմբերի, հատկապես միջազգային ու հասարակական կառույցների մասնակցությամբ ԱԺ մոնիտորինգային խմբի գործունեությունն այդ նույն կառույցների աչքին կարծես թե թոզ փչելու նպատակ ունի: Իզուր չէ, որ այդ կառույցները դրական են վերաբերվում հատկապես Ս.Նիկոյանի նախաձեռնությանը: «Շատ լավ գործընթաց է: Շատ լավ է, որ խորհրդարանը հետեւում է եւ վերահսկում է ընտրական գործընթացին: Շատ լավ է, որ պարոն Նիկոյանը եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես ներառված են այս խմբում»,- ասաց «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոն, ով առաջին իսկ օրվանից հետեւում է այս խմբի աշխատանքներին:

«Եթե մենք այսօր խոսեցինք, թե դեպքեր կան, որ խոսում են դպրոցներում քաղաքական քարոզչությունների մասին, եթե մենք ուզում ենք կանխարգելել ու վերացնել, եւ եթե դուք դա իմիտացիոն եք համարում, դա ձեր գործն է: Յուրաքանչյուր աշխատանքի համար էլ դուք կարող եք նման գնահատական տալ»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Ս.Նիկոյանը: