Օսկանյան-2

26/04/2012

«Հայաստանի բազմաթիվ բնագավառներում առկա են աղետալի ցուցանիշներ, իսկ երկիրն էլ կարիք ունի արմատական փոփոխությունների»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Մենք ունենք անհանգստացնող ահազանգեր սոցիալ-տնտեսական, կենցաղային, հոգեբանական, բարոյական եւ այլ ոլորտներում, եւ սրանք չեն կարող չմտահոգել բոլորին, լինի իշխանություն թե ընդդիմություն,- նշել է նա` ավելացնելով,- Մենք կարծում ենք, որ մեր երկրում ընդհանուր ընկալում կա նրա, որ առանց արմատական, էական փոփոխությունների երկրի լավ ապագան տեսնելը, կանխորոշելը շատ դժվար է»: Հարցին, թե կարելի՞ է հետեւություն անել, որ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները չեն գոհացնում ԲՀԿ-ին, Սաֆարյանը պատասխանել է. «Ես կարծում եմ` դրանք ոչ միայն ԲՀԿ-ին չեն գոհացնում, այն նաեւ մեր կոալիցիոն գործընկերներին: Դրա համար էլ բոլորի կարգախոսները եւ ծրագրերը փոփոխությունների հիման վրա են կառուցված: Այս քարոզարշավի գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքական բոլոր լուրջ, հիմնական քաղաքական ուժերի համար ստեղծված իրավիճակից լավագույն ելք, ապագայի լավագույն տեսլական ունենալն ու ապահովելն է»: Դիտարկմանը, թե ի՞նչ կասի այն կապակցությամբ, որ նախորդ տարիներին եւ հիմա էլ ԲՀԿ-ն կառավարության մաս է, Սաֆարյանն արձագանքել է. «Մենք աշխատել ենք այնքան, որքան հնարավորություն է տվել մեր կոալիցիոն համագործակցությունը: Իսկ կոալիցիոն կառավարության եւ խորհրդարանում քաղաքական մեծամասնության մեջ եղել ենք շիտակ, ուղիղ, պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի մեր կոալիցիոն գործընկերների համար: Արել ենք այն, ինչ հնարավոր է համարվել, այն, ինչ նկատվել է օգտակար եւ առաջնահերթ կոալիցիայի տեսանկյունից: Սակայն մենք ունենք մեր ինքնուրույն քաղաքական տեսլականը: Այն շարադրել ենք 2007 թվականի մեր ծրագրում, որն ընդունելի է եղել երկու կառավարությունների համար: Դա չի կենսագործվել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամն էր, բայց մենք մեր ծրագիրը կենսագործելու մեծ ցանկություն եւ մեծ պատրաստակամություն ունենք եւ համոզված ենք, որ 2007-ի եւ 2012-ի նախընտրական ծրագրային հիմնադրույթների իրագործումը կյանքում, եթե ժողովուրդը վստահեց, բերելու է հաջողության»,- ասել է նա: Փաստորեն, ԲՀԿ-ում աստիճանաբար ստվարանում է «կոալիցիոն քննադատների» թիմը, որը, ինչպես հայտնի է, գլխավորում է նախկին արտգործնախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Հետաքրքիր է, որ նրան հետեւում է նաեւ Ա. Սաֆարյանը, ով հայտնի է ցանկացած երեւույթի վերաբերյալ իր չափազանց մեղմ, զգուշավոր գնահատականներով: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Ա. Սաֆարյանի տոնայնության փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, կուսակցական որոշման արդյունք է: Վերջերս ձեւավորված ավանդույթի համաձայն, կարելի է կանխատեսել, որ այսօր կամ առաջիկա օրերին ԲՀԿ-ից կհայտնեն, որ Ա. Սաֆարյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը: