Գրոհ` գործազրկության վրա

26/04/2012

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական հանդիպում է ունեցել Երեւանի Կենտրոն համայնքում` «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` դիմելով հավաքվածներին, ասաց. «Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ընտրություն ենք կատարում վաղվա օրվա համար, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը վաղը` առաջիկա հինգ տարիներին»: Նրա խոսքով` ակնհայտ է, որ անհրաժեշտ են վճռական փոփոխություններ հասարակական եւ քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում, որոնք, ըստ նրա` պետք է կատարեն քաղաքական ուժերը: Ա. Բաղդասարյանի խոսքով` անցած տարիներին ՕԵԿ-ն արդեն ապացուցել է, որ հենց այն «կարող քաղաքական ուժն է, որը երկիրը կկարողանա տանել զարգացման եւ առաջընթացի ճանապարհով»: «200 օրենք հեղինակելը եւ կյանքի կոչելը դյուրին չէ, քանի որ, որպեսզի օրենքի նախագիծը քվեարկվի եւ դառնա օրենք, այն պետք է անցնի կառավարության տարբեր օղակներով, տարբեր քաղաքական ուժեր պետք է քվեարկեն այդ օրենքի օգտին»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, թե ՕԵԿ-ը պատրաստվում է շատ լուրջ ծրագրեր իրականացնել, որոնց հիմքում մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն է: Նա նորից հայտարարեց, որ ՕԵԿ-ն առաջարկում է հիմնովին բարեփոխել առողջապահության ոլորտում գործող պետպատվերի համակարգը` ֆինանսավորել այն հիվանդությունների բուժումը, որոնք երկրում տարածված են, եւ անվճար իրականացնել այն հիվանդությունների բուժումը, որոնք կապված են մարդու կյանքի հետ` պետական բյուջեի միջոցները դարձնելով առավել հասցեական: «Այսօր Հայաստանում գործազրկությունը գրոհել է մարդկանց վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությունը գրոհի գործազրկության վրա»,- երեկ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` ԵՄ 28 պետությունների փորձի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ պետության դերն այսօր խիստ կարեւոր է աշխատատեղերի ստեղծման գործընթացում: Ուստի, ըստ Ա. Բաղդասարյանի` ՕԵԿ-ն առաջարկում է այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք տանել` մշակել Հայաստանում աշխատատեղերի ստեղծման ազգային ռազմավարություն եւ ստեղծել պետական հանձնաժողով, որում կներգրավվեն բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, կայացած գործարարների ներկայացուցիչները: «Հանձնաժողովը կգույքագրի ըստ ոլորտների եւ ըստ տնտեսության ճյուղերի` երկրի ունեցած հնարավորությունները, կսահմանվի հստակ ժամանակացույց եւ պատասխանատուներ` զարկ տալով նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացին»,- ասաց ՕԵԿ ղեկավարը: Նա նաեւ կոչ արեց չքվեարկել «հանուն փողի, ինչը նշանակում է` քվեարկություն սեփական երեխայի ապագայի դեմ, այլ քվեարկել խղճի մտոք` հանուն լուսավոր գաղափարների, ծրագրերի եւ դրանց իրականացման վճռականության»: