Նինա Մեհդիեւան եւ նրա դուստր Նաիրին իրարից բաժանվել են 1989թ.: Ողջ ընտանիքն այն ժամանակ համոզված էր, որ շուտով բոլորը նորից միասին կլինեն: Նաիրին հիշում է իր խորթ հորը՝ Ալի Մեհդիեւին, որի աչքերին արցունքներ էին, երբ ինքը Բաքվից Հայաստան էր տեղափոխվում: «Նա գրկեց ինձ ու աղջկաս եւ ասաց, որ մենք կրկին միասին կլինենք 5-6 ամիս հետո»,-հիշում է նա:
Այդ ժամանակից 16 տարի է անցել, իսկ Նաիրին դեռ ապրում է Երեւանում՝ հուսալով, որ մի օր կտեսնի Նինային ու Ալիին:
Ընտանիքը բաժանվել էր հակամարտության պատճառով, որ պառակտել էր հայերին ու ադրբեջանցիներին: 1988-ից սկսած, երբ Հարավային Կովկասը դեռ ԽՍՀՄ-ի կազմում էր, հակամարտություն ծագեց Լեռնային Ղարաբաղի շուրջ, որտեղ տեղի հայերն անկախություն էին պահանջում՝ հակառակ Ադրբեջանի կամքի, որի կազմում էր գտնվում Ղարաբաղը: Հետագա 3-4 տարիների ընթացքում գրեթե ողջ հայ բնակչությունը, որն այն ժամանակ Բաքվում բավականին մեծ թիվ էր կազմում, տեղափոխվեց Հայաստան: Միաժամանակ եւ Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ամբողջությամբ տեղափոխվեցին Ադրբեջան, որը շատերի համար դարձավ նոր անծանոթ հայրենիք:
1992թ., երբ Ադրբեջանն ու Հայաստանն անկախ պետություններ դարձան, Ղարաբաղում լայնածավալ պատերազմ սկսվեց: Փախստականների նոր ալիք բարձրացավ: Այս անգամ արտագաղթում էին հիմնականում ադրբեջանցիները, որոնք հայկական ուժերի ճնշման տակ հեռանում էին Ղարաբաղից ու նրա մերձակա տարածքներից: 1994-ին կնքված հրադադարի պայմանագրից հետո Ղարաբաղը փաստացի հայտնվեց հայերի ենթակայության տակ: Պաշտոնական Բաքուն մինչեւ հիմա էլ չի ընդունում այս իրադրությունը: Զինադադարը պահպանվում է արդեն 10 տարուց ավելի, բայց առայժմ տարածքային այս խնդրի լուծման նշաններ չեն երեւում:
Սակայն բոլորը չէ, որ լքել են իրենց տները: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք որոշել են մնալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հարազատներն ու բարեկամները հեռացել են: Նինան, որ Բաքվում ծնված հայուհի է, մնացել է ամուսնու՝ ազգությամբ ադրբեջանցի Ալիի պատճառով: Մնացել են եւ նրանց երկու դուստրերը: Իսկ Նաիրին՝ Նինայի դուստրը առաջին՝ հայ ամուսնուց, կրում է հայկական ազգանուն՝ Պետրոսյան, եւ իր երեխայի հետ հայտնվել է բազմաթիվ փախստականների թվում:
Նրանք, ովքեր մնացել են, աշխատում են ուշադրություն չգրավել՝ տարրալուծվելով տեղի բնակչության մեջ: Բնականաբար, նրանք, ի տարբերություն փախստականների ու արտագաղթածների, կորցրել են քաղաքական անկախությունը:
Հայ քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ «Հայաստանում մնացած ադրբեջանցիները մշակութային առումով ձուլված մարդիկ են… Նրանց համար էթնիկ ինքնագիտակցությունը նշանակություն չունի: Նույնը վերաբերում է եւ Ադրբեջանում մնացած հայերին»:
Վիճակագրական տվյալները չեն կարող պարզություն մտցնել
Գրեթե անհնար է ասել ճշգրիտ թիվն այն մարդկանց, որոնք Նինայի նման որոշել են մնալ: Ադրբեջանի 1999թ. վերջին մարդահամարի տվյալներով՝ այստեղ բնակվում էր 121.000 էթնիկ հայ: Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալների համեմատությամբ՝ նրանց թիվը կտրուկ նվազել է՝ 390.000-ից հասնելով 121.000-ի: Սակայն 1999-ի մարդահամարի տվյալներն ընդգրկում են նաեւ Ղարաբաղի եւ հայերի վերահսկողության տակ գտնվող շրջակա տարածքների բնակչությանը: Ադրբեջանի մյուս մասերում գրանցված է ընդամենը 647 մարդ, որոնք հայտարարել են իրենց հայ լինելու մասին:
«Մարդահամար անցկացնող մարմինները երբեմն աբսուրդի են հասնում,- ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Արիֆ Յունուսը: -Ի՞նչ մարդահամարի մասին կարող էր խոսք լինել 1999-ին Ղարաբաղում: Չէ՞ որ այդ տարածքն Ադրբեջանի ենթակայության տակ չէ»: Յունուսը բերում է սեփական տվյալները, համաձայն որոնց` Ադրբեջանում այժմ բնակվում են 3-5000 հայեր: Այս թվերը հիմնված են զագսերի տվյալների վրա, մասնակիորեն` նաեւ իր հետազոտությունների: Նրա կարծիքով՝ այդ հայերի մեծ մասը կանայք են, ովքեր ամուսնացած են ադրբեջանցիների հետ: «Դրանք հիմնականում տարիքով մարդիկ են, նրանց 70%-ն ապրում է Բաքվում: Մայրաքաղաքում ավելի հեշտ է ձուլվել ամբոխի մեջ, քան գյուղում, որտեղ բոլորն իրար գիտեն»,- ասում է Յունուսը:
Նույն անհասկանալի վիճակն է եւ Հայաստանում: 2001-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում կան ազգային փոքրամասնություններ՝ քրդեր, ասորիներ, հույներ, բայց ոչ ադրբեջանցիներ: Դա կարելի է բացատրել ՄԱԿ-ի հանձնարարականով, համաձայն որի՝ կարիք չկա մարդահամարի մեջ ընդգրկել 1000 մարդուց պակաս թվաքանակով ազգային փոքրամասնություններին: 2005-ին անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ երկրում գրանցված է ընդամենը 29 ադրբեջանցի:
1979-ի խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակվում էին 161.000 ադրբեջանցիներ, վերջին խորհրդային մարդահամարի տվյալներով՝ 85.000, քանի որ այդ ժամանակ արդեն սկսել էր նրանց արտագաղթը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում տվյալները կարող են պակաս լինել, քանի որ էթնիկական հարցերի պատճառով շատերն ուղղակի չեն հայտնում իրենց էթնիկ պատկանելության մասին: Դա լավ է հասկանում նաեւ Կարինե Գույումջյանը՝ Հայաստանի պետական Վիճվարչության մարդահամարի եւ Ժողովրդագրության դեպարտամենտի ղեկավարը: Նրա կարծիքով՝ Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը կարող է անհամեմատ մեծ լինել, քանի որ մարդահամար անցկացնող մարդիկ խնդրում են նշել ազգությունը, ոչ թե քաղաքացիությունը, բայց դա ապացուցող ոչ մի փաստաթուղթ չեն պահանջում:
Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ այստեղ մնացած ադրբեջանցիներից շատերի կանայք հայուհիներ են: Մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրենց ասոցիացիայի 2001-ին անցկացված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ նրանցին շատերը փոխել են ազգանունները, եւ ազգությամբ դարձել են քուրդ, եզդի կամ ռուս:
Խտրականություն առօրյա կյանքում
Այս հոդվածը պատրաստելու ընթացքում հարցման ենթարկված մարդիկ խոսում էին միայն այն մասին, որ չնայած երկու երկրների քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների ռազմատենչ ճառերին՝ առօրյա կյանքում բախվում են միայն մանր խտրականության: Սրա պատճառը կարող է լինել այն, որ մարդիկ չեն ուզում բարձրաձայն բողոք հայտնել, եւ նաեւ այն փաստը, որ նրանցից շատերին հասարակության հետ կապում են ամուսնական կապերը: Ամուսնու մահը կարող է խզել այդ կապը եւ կնոջը մեկուսացնել հասարակությունից:
Ազգությամբ հայ մի Բաքվի բնակչուհի հայտնեց IWPR-ին, որ իր համար, որպես հայուհու, դժվար է պաշտոնական մարմիններում փաստաթղթեր ստանալ: «Ինձ հաճախ են ասում, որ հայերին փաստաթղթեր չեն տալիս կամ սովորականից ավելի շատ կաշառք են ուզում»,- ասում է Անժելա Մուրադյանը, որ այժմ ադրբեջանական անուն-ազգանուն ունի՝ Ջալե Մուրադովա:
Շոյլա Ալեքպերովան՝ 85-ամյա այրին, որ բնակվում է Երեւանում, նմանատիպ պատմության մեջ է ընկել. «Ես գնացի խնայբանկ՝ թոշակս ստանալու, այնտեղ նոր աշխատող էր՝ Ադրբեջանից փախստական հայուհի: Նա կարդաց անուն-ազգանունս, նայեց աչքերիս մեջ ու հարցրեց. «Դեռ այստե՞ղ ես»: Ես պատասխանեցի, որ Հայաստանն իմ ծննդավայրն է, որ ես հրաշալի ամուսին եմ կորցրել՝ ազգությամբ հայ, եւ ոչ մի տեղ այստեղից չեմ գնալու»: Ալեքպերովան ասում է, որ երբեք չի թաքցրել իր ազգությունն ու չի խուսափել այդ մասին խոսելուց. «Ես ադրբեջանուհի եմ»,- ասաց նա հպարտությամբ: Երբ ամուսինը մահանում է, նա ազգականներին ասում է, որ երբեք չի հեռանա Հայաստանից. «Այստեղ իմ տունն է, այստեղ սիրելի ամուսնուս գերեզմանն է, ու ես ոչ մի տեղ չեմ գնալու»:
Կապվածությունն այն հողին, որտեղ ծնվել են, հաճախ է հանդիպում IWPR-ի հարցախույզի ենթարկվածների մեջ: «Խորհրդային ժամանակներում ես երբեք չեմ մտածել այն մասին՝ ռո՞ւս եմ, թե՞ ոչ,- ասում է Սվետլանան, որի մայրը ռուս է, հայրը՝ հայ: Ծնողները բաժանվել են Սվետլանայի ծնվելուց առաջ: Սվետլանայի տունը խլել են 1992թ. Բաքվի հակահայկական ելույթների ժամանակ: «Նրանք ինձ հայի պիտակ փակցրին,- տխրությամբ հիշում է Սվետլանան: Այդ խարանից նրան չհաջողվեց ազատվել, նա ստիպված է լինում մեկը մյուսի հետեւից վարձով բնակարաններ փոխել եւ նույնիսկ ամուսնանալ ռուսի հետ: Արդեն թոշակի անցած Սվետլանան մտադիր չէ հեռանալ Ադրբեջանից՝ չնայած ԱՄՆ-ում բնակվող հայ ազգականների հրավերքին: Նա հույս ունի, որ վիճակը կլավանա, ու նույնիսկ ինքը կկարողանա վերադարձնել իր տունը: «Ես բաքվեցի եմ, այստեղ եմ ծնվել ու մեծացել, այստեղ էլ մնալու եմ»,- ասաց նա:
Էթնիկ տարանջատումն իր մասին հիշեցնում է նույնիսկ մահվան դեպքում: Հայ էթնոլոգ Սուրեն Օբոսյանը հիշում է վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ մահացած ադրբեջանցու դուստրերը չէին կարողանում հոր համար գերեզմանի տեղ գտնել: «Նրանք չէին ուզում հին ադրբեջանական գերեզմանատանը թաղել մեր հորը, որ գերեզմանն աչքի չընկնի: Իսկ համագյուղացիները թույլ չէին տալիս նրան թաղել քրիստոնեական հայկական գերեզմանատանը: «Աղջիկները ստիպված նրան ուրիշ տեղ են թաղում, բայց շատ վիրավորված էին»,- ասաց Օբոսյանը:
Բաքվի Սոցիալական, մարդաբանական եւ էթնոլոգիական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սեւիլ Հուսեյնովի կարծիքով՝ «անձնագրերից ազգության մասին գրանցումը դուրս հանելու որոշումը մեծ առաջընթաց է: Թեեւ նրանց (հայերի) խնդիրները դա ցավոք չի լուծելու: Աշխատանքի ընդունվելիս լրացվող անկետաներում նշվում է ազգանունը, անունն ու հայրանունը, եւ ծնողների հայկական անունները մատնում են մարդու ազգությունը»: Արդյունքում, ինչպես նշում է Հուսեյնովը, հայերը գերադասում են գնալ մասնավոր սեկտոր, որտեղ այդքան մանրակրկիտ հարցեր նրանց չեն տալիս, ինչպես պետական հիմնարկներում:
Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը համաձայն է այն կարծիքի հետ, որ հայերը բախվում են դժվարությունների, երբ ստիպված են լինում նշել իրենց ազգությունը պետական կառույցներում: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, անձնագիր ստանալիս կամ 80-ականների վերջին 90-ականների սկզբին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալիս:
Սակայն, ընդհանուր առմամբ, Զեյնալովի կարծիքով, «այդպիսի բան հայերի հետ Ադրբեջանում հազվադեպ է պատահում»:
Դրական դեպքեր
Այս եւ այն երկրում փոքրամասնություն կազմող հայերի ու ադրբեջանցիների մեջ շատ քիչ են բարեհաջող կարիերա արած մարդիկ:
Նրանցից մեկը՝ Վեներա Նաջաֆովան, միակ հայուհին է, որ Ադրբեջանում դարձել է մարդու իրավունքների հարցերով իրավաբան: Նա սերտ կապված է ադրբեջանցիների հետ, քանի որ ամուսինն ադրբեջանցի է. «Ես սիրում եմ ադրբեջանցիներին, չէ՞ որ իմ աղջիկն ու տղան ադրբեջանցի են, ինչպե՞ս կարող եմ երեխաներիս չսիրել,- ասում է նա: -Ո՞ւր պիտի գնամ, ես հրաշալի ընտանիք ունեմ ու սիրում եմ իմ քաղաքը»:
Հայաստանի սպորտային շրջանակներում լավ հայտնի է Ֆելիքս Ալիեւը, որն արդեն 35 տարի է՝ կրթում է Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդներ: Ֆելիքս Ալիեւի հայրը ադրբեջանցի է, բայց դա նշանակություն չունի նրա սաների համար, որոնցից ամենահայտնին աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Յուրիկ Սարգսյանն է: Ալիեւի ազգությունը դժվարություններ է հարուցում ավելի շուտ արտասահմանում, երբ նա պետք է ներկայացնի Հայաստանը:
«Նա մեծ մարզիչ է, մենք նրան շատ ենք հարգում,- ասում է Էջմիածնի սպորտդպրոցի տնօրենը, այն քաղաքի, որտեղ ծնվել ու մինչեւ հիմա ապրում է Ալիեւը: «Բայց նրան հազվադեպ են ընդգրկում ազգային հավաքականի կազմում: Նա երբեք Հայաստանը չի ներկայացնում արտասահմանում, թեեւ առաջնակարգ մասնագետ է»: Ինչպես Ալիեւն է ասում, նրա դուստրերից մեկը մոր ազգանունով է գրվում, մյուսն՝ իր, իսկ որդին պահել է ազգանունը, բայց 1989-ից բնակվում է Ուկրաինայում, թեեւ նրա կինը էջմիածնեցի հայուհի է:
Միասին 16 տարի անց
Նրանք, ովքեր, չնայած քաղաքական սառը հարաբերություններին, փորձում են կապ հաստատել հարազատների հետ, որոշակի հույսեր ունեն: Նինա Մեհդիեւան ու իր դուստր Նաիրին ի վերջո հանդիպեցին այս տարվա սկզբին՝ շնորհիվ «Որտե՞ղ եք, բարեկամներ» ծրագրի, որ անցկացնում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ)՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը, որի տեղական մասնաճյուղերը հեշտացրին կապերի հաստատումը:
«Հակամարտության երկու կողմերում գտնվող մարդկանց հնարավորություն տրվեց գտնելու հարազատներին, ընկերներին, բարեկամներին… նամակներ գրել, հանդիպումներ կազմակերպել»,- ասում է Արզու Աբդուլաեւը՝ Ադրբեջանում ՀՔԱ կոմիտեի ղեկավարը: ՀՔԱ-ն երկու հանդիպում է կազմակերպել նամակագրական կապ պահպանող երկու կանանց համար: Հանդիպումը տեղի է ունեցել չեզոք տարածքում՝ Թբիլիսիում:
«Այդ ծրագրի շրջանակներում մայրերը հնարավորություն ստացան հանդիպելու իրենց դուստրերի հետ, հանդիպեցին նաեւ ընկերները»,- ասում է հայկական ՀՔԱ-ի կոմիտեի անդամ Մարինա Ղազարյանցը:
Նաիրին չի կարողանում առանց հուզմունքի խոսել Նինայի հետ հանդիպման մասին: «Երբ տեսա մայրիկիս, աչքերիս չէի հավատում, արցունքներս հոսում էին: Գրկեցի մորս, ու էլ ոչ մի բան ինձ պետք չէր: Նա կատակում էր՝ փորձելով սիրտ տալ ինձ, իսկ ինձ միայն մի բան էր հարկավոր. որ նա կողքիս լինի: Նա գրկեց ինձ ու հարցրեց՝ «Նաիրի, դո՞ւ ես»: Ամեն ինչ կարծես երազում լիներ»:
Շուտով այդ հանդիպումից հետո Նինան մեկնում է Հայաստան՝ տեսնելու 94-ամյա մորն ու իր թոռնիկին՝ Նաիրիի աղջկան:
«Ինչ-որ իմաստով մենք կրկին միասին ենք: Այս հանդիպումը մեզ ապրելու կամք տվեց»,- ասաց Նաիրին:
Մեհդիեւների անուն-ազգանուններն իրական չեն:
Զարեմա ՎԵԼԻԽԱՆՈՎԱ, անկախ լրագրող (Բաքու)
Մարիաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ, Armenia Now-ի թղթակից (Երեւան)
IWPR N316, 25 նոյեմբերի, 2005թ.