ԸԸՀ-ն ընթացք է տվել

26/04/2012

Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ԸԸՀ-ն, ընթացք է տվել ԱԺ պատգամավոր, տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ նույն ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքին: Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան` վկայակոչելով Սամվել Ալեքսանյանի կողմից քարոզարշավի ընթացքում «Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները:

Ինչպես «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը, դիմումը օրենքով սահմանված կարգով մակագրված է, հանձնաժողովն ուսումնասիրում է մատնանշված խնդիրները, սահմանված ժամկետում կհրավիրի նիստ եւ որոշում կկայացնի` դատարան դիմելու կամ բողոքը մերժելու մասին: Նիկոլ Փաշինյանն իր դիմումում նշել է, որ Սամվել Ալեքսանյանը «ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ եւ տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում»: «Ես կարծում եմ, որ փաստերն այնքան հիմնավոր են, ականատեսների վկայություններ ունենք եւ պաշտոնական վկայություններ ունենք: Եվ այս հարցի քննարկմամբ ակնհայտ կլինի, մենք բոլորս կտեսնենք, թե ինչ արժեն ազատ եւ արդար, օրինական, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու` Սերժ Սարգսյանի խոստումները»,- ասել է Ն. Փաշինյանը` մեջբերելով Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը, ըստ որի` «նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալ, խոստանալ, ծառայություններ մատուցել»: Նույնիսկ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անունները կարող են ասոցիացվել կուսակցությունների կամ թեկնածուների անունների հետ, նախընտրական քարոզարշավի ժամանակ իրավունք չունեն բարեգործություն իրականացնել ընտրությունների անցկացման վայրում: Երեկ հայտարարություն է տարածել Ս.Ալեքսանյան նախընտրական շտաբը` հերքելով Ն.Փաշինյանի ներկայացրած պնդումները եւ դրանք որակելով «սադրիչ» հայտարարություններ: «Նիկոլ Փաշինյանի մարտավարության հիմնական մեխն ի սկզբանե եղել է սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով թիվ 7 ընտրատարածքում ընտրությունների ընթացքի վրա ստվեր գցելը: Դրա վկայություններն են ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ջանքերով հրահրված միջադեպերը, Սամվել Ալեքսանյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարություններն ու քարոզչական նյութերը, ինչպես նաեւ հիմնազուրկ դիմումները զանազան պետական ատյաններ… Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են եւ ընդամենը բխում են իր մոտալուտ ջախջախիչ պարտությունն ակնհայտորեն զգացող Նիկոլ Փաշինյանի ընտրական մարտավարությունից»,- ասվում է հայտարարությունում: