Նկատի ունենալով Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգային խմբի գործունեությունը` «Ազատություն» ռ/կ-ի եւ «168 Ժամի» թղթակիցների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը
– Պարոն Նիկոյան, արդեն երեք շաբաթ է, ինչ գործում է Ձեր նախաձեռնած` Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիտորինգային խումբը: Այդ ընթացքում հաջողվե՞լ է կասեցնել ընտրախախտման որեւէ երեւույթ, թե՞ պարզապես քննարկում եք նման դեպքերը:
– Ձեր հարցն իր մեջ անտեղյակություն է պարունակում: Դուք լավ գիտեք, որ քննարկվեց եւ ընտրական ցուցակներից մահացած մարդկանց անուններից մաքրելու գործընթաց սկսվեց: Եվ այն անեկդոտներն ու կասկածները, թե մահացածները համատարած քվեարկել են, կարծում եմ, այս ընտրությունների ժամանակ չեն լինի: Սա նաեւ մեր համատեղ գործունեության արդյունքում եղավ: Ոստիկանությունն ինքն այդ խնդրով զբաղվում էր, քաղաքական ուժերն ու հասարակական հատվածը` նույնպես, այս խմբում հարցը բարձրացվեց: Եվ երբ մենք մեր ջանքերը միացրեցինք, այդ խնդիրը լուծվեց կամ լուծման փուլում է: Կարծում եմ, որ դա դրական արդյունք է: Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել, որոնց համար քաղաքական, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին ԿԸՀ նախագահը մանրամասն պարզաբանումներ տվեց: Երբեք էլ չենք ասել, որ սարերը շուռ ենք տալու, բայց ասել ենք, որ մենք պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում ինչ-որ խնդիրներ լուծել: Իսկ թե ինչքան կարող ենք անել, դա կախված է այս բոլոր մասնակիցների ակտիվությունից, որովհետեւ օրակարգը ես չեմ ձեւավորում: Իրենք են որոշում ընդունելու, ես կատարում եմ:
– Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտել էր ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանը: Բայց այդ միջադեպի արդյունքների մասին հանրությունը դեռ տեղյակ չէ:
– Դրանից անմիջապես հետո քրեական գործ հարուցվեց:
– Դուք բավարա՞ր եք համարում քրեական գործի հարուցումը:
– Բայց դուք մտածո՞ւմ եք, թե ես գնացել եւ ուսումնասիրել եմ, թե քրեական գործն ինչ ընթացք ունի, որ ասեմ` բավարա՞ր է, թե՞ ոչ: Եթե դուք չեք տեսնում դրա արդյունքը, որ ինչ-որ մեկին չեն կախել կամ գնդակահարել, մտածում եք, որ դա բավարար չէ՞: Իսկ ես կարծում եմ, որ այդ քայլը կանխարգելիչ նշանակություն ունեցավ: Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ դրանից հետո կարծես թե ուրիշ քթեր չեն ջարդվել: Եվ եթե վաղը որեւէ քրեական պատիժ նախատեսվի քիթ ջարդողի համար, ուրիշ էլ ի՞նչ պետք է անի Ոստիկանությունը:
– Վերջին օրերին աղմուկ հանեց այն խոսակցությունը, որ «Ժառանգություն» կուսակցությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին: Համենայնդեպս, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չհերքեց դա:
– Ակնհայտ է, որ հսկայական քարոզչական կամ հակաքարոզչական գրոհ կա «Ժառանգության» վրա: Ես բացարձակ ցանկություն չունեմ ասել, թե լավ են անում կամ վատ են անում: Եթե ուշադիր ուսումնասիրեք, թե ինչ է այսօր կատարվում` քաղաքական ուժը 5 տարի իշխանության մեջ է, եւ «ժառանգությանը» մեղադրում է իշխանության հետ ինչ-որ համագործակցության համար` այն դեպքում, երբ այդ կուսակցությունն անցած 5 տարիներին իշխանության կյանքը կերել է ԱԺ-ում: Ես ինձ համարում եմ համբերատար մարդ, բայց «Ժառանգությունը» ինձ կարողացել է համբերությունից հանել, որ վիրավորական արտահայտություններ եմ թույլ տվել: Հիմա իշխանության մեջ գտնվող ուժերը մեղադրում են «Ժառանգությանը» իշխանության հետ ինչ-ինչ համագործակցության մեջ: Դա քարոզչական հնարք է, ընտրողների ձայներին տիրանալու տեխնոլոգիաներ են, եւ որեւէ մեկը չի կարողացել դրա դեմ պայքարել կամ դրա դեմն առնել: Հիմա «Ժառանգությունը» գտնվում է այդ քարոզչական հզոր մեքենայի ճնշման տակ: Դա իր խնդիրն է, այնքան է եղել, որ ինքն էլ մեր դեմ է կիրառել այդ հնարքը: Հիմա թող տեսնի, թե դա ինչքանով է լավ:
– Ձեզ պետք չե՞ն այդ տեղերը:
– Ես չգիտեմ, դա դուք եք ասում, բայց փաստեր ունե՞ք: Ես փաստերի չեմ տիրապետում: Կա՞ որեւէ մեկը, որ անուններով ու կուսակցական պատկանելությունով գիտի:
– Եթե ՀՀԿ-ին է տրվել, դա ի վերջո հայտնի կդառնա:
– Թող հայտնի դառնա, հետո կխոսենք: Հիմա ուզում եք այդ կուսակցությանը վարկաբեկե՞լ: Արեք, դա ձեր խնդիրն է: Ես էլ կմիանամ ձեզ ու մի երկու բան էլ ես կասեմ: Ինչ որ այն ժամանակ չեմ հասցրել ասել, երբ ԱԺ նիստերը վարելիս նյարդերս կերել են:
– Բայց Դուք ոչ թե մի երկու բան ասացիք, այլ կարծես թե պաշտպանեցիք «Ժառանգությանը»:
– Հակառակը, ես ասացի, թե լավ քարոզչական մեքենա է աշխատում իրենց դեմ: Լավ են անում, աշխատում են: Թող իմանան, բա որ այն ժամանակ համացանցերով աջուձախ բոլորին «քլնգում» էին, հիմա էլ թող իրենք հասկանան, թե դա ինչ է:
– Աննախադեպ երեւույթ է, որ ընտրությունների ընթացքը վերահսկող երեք կառույց է ստեղծվել` միասնական շտաբ, Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը եւ Ձեր նախաձեռնած մոնիտորինգային խումբը: Համատարած ընտրակաշառքների եւ կեղծիքների մասին տեղեկությունների հոսքը հաշվի առնելով` այդ կառույցները կարո՞ղ են դրանք կանխել:
– Այստեղ հավաքված էին կուսակցությունների, հ/կ-ների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Ես նրանց հարցնում եմ` կա՞ կեղծիքի կոնկրետ փաստ, հիմա ասեք: Եթե չկա կամ չեք ասում մինչեւ այսօր, ընտրություններից հետո չխոսեք դրա մասին: Ի՞նչ կառույցներ նշեցիք:
– Արտախորհրդարանական միասնական շտաբն ու…
– Արտախորհրդարանական շտաբն ինչո՞վ է զբաղվել մինչեւ այսօր: Ասեք մի հարց, որը քննարկման առարկա է դարձրել: Ես հետեւեցի, մինչեւ հիմա քննարկել են` «Ժառանգությունը» կստորագրի՞, թե՞ չի ստորագրի: Եվս մի անգամ էլ հավաքվել ու քննարկել են, թե ինչու չի ստորագրում, կամ` լա՞վ է անում, թե՞ վատ է անում: Դրանից հետո էլ որոշել են նրան գնահատականներ տալ: Այսօր էլ կարդացի, որ գրասենյակի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել: Ուրիշ որեւէ գործ, որը վերաբերում է նախընտրական պրոցեսներին, քննարկե՞լ են, թե՞ ոչ: Լուծումներ չեմ ասում: Եթե եղել է, կեցցեն իրենք, եւ կեցցեք դուք:
– Եթե պետությունն է կազմակերպում ու անցկացնում ընտրությունները, եւ պատասխանատվությունն ի վերջո ընկնում է պետության վրա, ի՞նչ կարիք կա, որ տարբեր խմբեր կամ շտաբներ ձեւավորվեն: Արդյո՞ք պետության նկատմամբ վստահություն չկա:
– Պետությունը մասնակցում է ֆինանսով, կազմակերպելով եւ օրենքով: Դրան մասնակցում են կուսակցություններն` իրենց վստահված անձերով եւ հանձնաժողովի անդամներով, որոնք արդեն պետություն չեն: Մասնակցում են նաեւ լրատվական միջոցները, միջազգային դիտորդական կազմակերպությունները, որոնք նույնպես պետություն չեն: Այս մասնակիցները վերջում պետք է գնահատեն պետության աշխատանքը: Եվ ես ասում եմ` եթե այս ընթացքում խնդիրներ կան, եկեք լուծենք, եւ ոչ թե սպասենք ու վերջում ասենք, թե այս մի դպրոցում քարոզչություն է կատարվել:
– Կոալիցիոն ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը նախընտրական մրցակցությա՞ն, թե՞ ՀՀԿ-ի հետ հակասության արդյունք է:
– Դուք դա կիմանաք ընտրություններից հետո:
– Իսկ ի՞նչ է պարզվելու ընտրություններից հետո:
– Քաղաքական գործընթաց է, ընտրապայքար է, եւ յուրաքանչյուր ուժ ազատ է իր քարոզչությունն իրականացնելու համար, օրենքով սահմանված իր բոլոր լիազորություններից օգտվելու համար: Հետագայում կձեւավորվի խորհրդարանը եւ խորհրդարանում կձեւավորվի նոր կոալիցիա: Դրանից կախված բոլոր այդ հարցերի պատասխանը կիմանաք ընտրություններից հետո: