Երեկ Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից հնչել են կրակոցներ: Տեղի բնակիչների փոխանցմամբ` կրակոցները սկսվել են առավոտյան 11:15-ից: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի հրազենային զենքերից, որոնց հետեւանքով վնասվել է գյուղի մանկապարտեզն ու մանկապարտեզի մոտ գտնվող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Գյուղապետարանի գանձապահ Մանյա Սարուխանյանի խոսքով` կրակոցները տեւել են մոտ 30 րոպե: «Կրակոցներն անմիջապես գյուղի մեջ էին` մանկապարտեզի մոտ: Դպրոցն էլ ա վատ տեղում գտնվում, այսինքն` կրակելու տեսակետից վտանգավոր տեղում է»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Դովեղի բնակիչը, ում ասելով` ադրբեջանցիները միշտ էլ կրակել են դաշտերի եւ այգիների ուղղությամբ: «Բայց հիմա կրակոցն անմիջապես գյուղի կենտրոնական մասին էր ուղղված: Երեւի գյուղի վրա կրակոց եղել ա 92-93թթ.»,- նկատեց Մ. Սարուխանյանը: Հարցին, թե Դովեղում ինչո՞վ են պայմանավորում ադրբեջանական զինուժի նման ակտիվությունը, նա պատասխանեց. «Ասում էին` Կարմիր խաչից պիտի գան, եւ իրանք կրակում էին, որ մերոնք էլ պատասխան տան, որպեսզի Կարմիր խաչին ինչ-որ բան ապացուցեն: Բայց մերոնց ոչ մի անգամ չեն թույլատրում պատասխան տալ»: Նրա խոսքով` ապրիլի 24-ին նույնպես եղել են կրակոցներ, բայց դրանք ոչ թե գյուղի, այլ դաշտերի ուղղությամբ են եղել: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի ասելով` ինքը չի լսել Կարմիր խաչի այցելության մասին, բայց, այնուհանդերձ, կատարված միջադեպի մասին տեղյակ պահել է նշյալ կազմակերպությանը: «Սահմանային գյուղերի նկատմամբ Կարմիր խաչը միշտ ուշադիր է լինում, եւ կրակոցների դեպքում միշտ տեղյակ ենք պահում, եւ եթե դաշտում որեւէ մեկն աշխատելիս է լինում այդ ժամանակ, նրանից միշտ ինֆորմացիա են վերցնում»,- ասաց գյուղապետը` դժվարանալով ենթադրել, թե ինչո՞վ էին պայմանավորված գյուղի ուղղությամբ հնչած կրակոցները: Ինչ վերաբերում է գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի տարհանմանը, Ս. Գորգինյանը նշեց. «Ոչ թե տարհանվել են, այլ անվտանգության նկատառումներից ելնելով, որ կրակոցներ կային, անձամբ ես ասել եմ, որ երեխաները տուն չգնան, սպասեն` մինչեւ կրակոցները կավարտվեն, կխաղաղվի իրավիճակը, հետո դուրս գան: Իսկ վաղն էլ շարունակելու ենք անցնել մեր սովորական աշխատանքին»:
Ս. Գորգինյանի փոխանցմամբ` Ապրիլի 24-ին իրենք զգուշացրել էին գյուղացիներին դաշտեր չգնալ, իսկ ապրիլի 25-ին գյուղի բնակիչներն անցել են առօրեական աշխատանքին: Ի դեպ, նշենք, որ գյուղի բնակչության թիվը 668 է: «Գյուղն ավելի դժվար ու դաժան պայմաններ է պատվով անցկացրել: Փառք Աստծո, որ երեկվա դեպքից մարդկային կորուստ, վիրավորներ չկային գյուղում»,- ավելացրեց Դովեղի գյուղապետը: