«Փաստորեն, վարչապետն ինձ խաբեց»,- ասում է մանկատան նախկին սանը

26/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող նախկին հանրակացարանի շենքի քանդված դիմագծի կոշտ հետքերը տեսանելի էին անգամ հեռվից: Լուսանկարչական սարքով փորձում էի մոտեցնել պատկերը, որն անմիջապես լղոզվում էր այնպես, ինչպես իշխանությունների խոստումներն ընտրություններից հետո: Բորբոսնած հացի կտորի նմանվող շենքը, պատշգամբի պարանին խիտ կախված գունավոր լվացքն ու բակի կանաչ տարածությունը կոնտրաստային տրամադրություն էին ստեղծում: Քիչ անց պատշգամբում երեւացին հանրակացարանի բնակիչները: Հանրակացարանը պարսպում էր աղյուսե պատը, ու, կարծես, դա ընդգծում էր այն հստակ սահմանը, որն առկա էր դրսի եւ ներսի «իրականությունների» միջեւ: Հանրակացարանի բակ տանող ճանապարհն անցնում էր ծառերի միջով: Այստեղ, ինչպես ասացին բնակիչները, խնամում-կերակրում են շներին, որոնցից ամեն մեկն ունի իր տերը: Ծառի տակ նստած հսկա սպիտակ շունը ծուլաբար նայում էր շուրջը, հետո հարեւանցի հայացք ձգում իրեն մոտեցած կնոջը: «Մի՛ վախեցիր, իրանք էլ ստեղի բնակիչներ են»,- ասաց հանրակացարանի բնակչուհին: Հանրակացարանի հարկաբաժիններից մեկում ապրում են հիմնականում մանկատան նախկին երեխաները: Գայանեն նույնպես ապրում է այդ հարկաբաժնում: Նա արագ-արագ ինձ ուղեկցեց իր սենյակ` այլեւս ուշադրություն չդարձնելով հատակին շարված ծաղկավոր կաթսաներին, որոնք լցվում էին նեխած առաստաղից թափվող ջրով: Թվում էր` այս շենքում հատակն ու առաստաղն ապրում են կողք կողքի` երկուսն էլ թաց, խոնավ ու «տխուր» վիճակում էին: «Տարիներ առաջ հանրակացարանը սեփականաշնորհվեց, բայց մենք էնքան գոհ ենք էդ մարդուց, որ մեզ մի հատ նեղություն չի տալիս, չի ասում` փող տվեք»,- իրավիճակին ծանոթացնում էր Գայանեն: Այս խոսքերը, սակայն, ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան մխիթարություն: Գայանեի ասելով` իրենք չգիտեն, թե ո՞վ է սեփականացրել շենքը, միայն գիտեն, որ հանրակացարանի սեփականատիրոջ անունն Արայիկ է: «Հես ա Ձեզ կտանեմ իմ սենյակը ցույց կտամ: Չգիտեմ, բայց մեկ էլ տեսար` կարող ա օգնեն, չէ՞»,- հանրակացարանի նեղ միջանցքով անցնելով` ասում էր Գայանեն: Նրա սենյակ տանող ճանապարհը մի երկար «ճամփորդություն» էր թվում, որի ընթացքում զգում էի Գայանեի հուզմունքը, ում ավելի շատ անհանգստացնում էր այն հարցը, թե արդյո՞ք կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն իրեն… Հանրակացարանի նեղ միջանցքի երկու կողմերին ցաքուցրիվ դրվել էին բնակիչների իրերը` սառնարան, տաշտեր… Գայանեն պատասխան էր ակնկալում, սակայն ես չէի կարող ստել նրան` ասելով, թե հոդվածը մեծ արձագանք է ունենալու, մարդիկ օգնելու են: Պատասխանի փոխարեն` միայն ժպտացի: Հարթակի սենյակներից մեկի դուռն առանց ճռռոցի բացվեց:

 

Գայանեն ներս մտավ` կանչելով ինձ: «Տեսեք` էս ա վիճակը: Մի քանի օր առաջ անձրեւներից սենյակս փչացավ: Ստիպված ուրիշ սենյակ եմ տեղափոխվել»,- նշեց հանրակացարանի բնակչուհին: Նրա խոսքով` ինքը որեւէ հնարավորություն չունի սենյակը վերանորոգելու, իսկ տեղական իշխանություններն այդպես էլ այդ հարցում իրեն չեն ընդառաջում: Ավելի ուշ Գայանեն ինձ ուղեկցեց այն սենյակը, որտեղ այս օրերին ապրում է իր ընտանիքը` ինքն ու իր երկու տղաները: «20 տարի ա` ապրում եմ էս հանրակացարանում: Մանկատնից ինձ տեղափոխեցին այստեղ, եւ էդպես: Աստծո կամոք ապրում ենք: Հույս ունենք, որ մի օր բնակարան կստանանք, բայց օրեցօր կորցնում ենք նաեւ էդ հույսը»,- ասաց մանկատան նախկին սանը: «Տղաներիցս մեկը 20 տարեկան ա, մյուսը` 18: Մայիսին գնալու ա բանակ, բայց չեմ ուղարկելու, որովհետեւ ինձ գցեցին քաշքշուկի մեջ ու 6 ամիս ա` զրկվել եմ նպաստից: Տղաս պիտի անձնագիր հաներ, «Փարոսի» հետ կապված էր էդ հարցը: Մինչ օրս Զինկոմիսարիատը փաստաթուղթ չի տալիս, որ էրեխեն անձնագիր հանի: Տենց էլ իմ էրեխու նպաստը կտրեցին, պարտքերս էլ մինչեւ օրս կուտակված են, չեմ կարողանում փակել»,- ասաց Գայանեն: Նրա ասելով` նախորդ տարի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր հանրակացարանի բնակիչներին: «Ես ամեն ինչը ներկայացրեցի վարչապետին, ու ինքը խոստացավ, որ ես 6 ամսվա նպաստը կստանամ, բայց` անարդյունք: Չեղավ: Փաստորեն, խաբեց: Հայաստանի երրորդ մարդը խաբեց ինձ»,- ասաց Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանի բնակչուհին: Գայանեի ասելով` իրենց ընտանեկան նպաստը կազմում է 19.500 դրամ: «Էդ ժամանակ մեծ տղաս ծառայում էր Վայքում: Դուք պատկերացրեք իմ վիճակը, որ ես էդքան բանը ներկայացրեցի վարչապետին: Առաջ ուրիշների տներում մաքրություն էի անում, գործը շատ-շատ էր, բայց հետո թեւս թուլացավ: Դե, փոքրուց էլ ծեծ եմ կերել, ու էդ ցավը դեռ կար իմ մեջ, դեռ մանկատնից: Ողնաշարի խնդիրներ ունեի»,- պատմում էր Գայանեն: «Փոքրուց էլ մենք էս ձեւ ենք եղել: Մեր մարմինն արդեն կոփված ա: Բաղնիք չունենք, տուալետում ենք ջուրը տաքացնում: Տուալետն էլ բացօթյա է, պատուհան չկա, ու էդ ձեւով լողանում ենք: Լողանալուց հետո էլ մարմինս չեմ զգում: Չենք կարում նորմալ լողանալ: Ջուրն էնքան որ լցնում ենք վրաներս ու գալիս ենք տուն,- ասաց Գայանեն` շարունակելով,- Ամեն անգամ, որ նայում եմ Ցեղասպանության մասին ֆիլմերը, հիշում եմ իմ մանկությունը: Ես առաջին դասարանի էրեխա էի, մասնիկներ պիտի գծեի, ու հենց ծուռ էի գծում`պարկետով խփում էին ձեռներիս: Էլ կարայի՞ր դրանից հետո գծեիր: Պահարանի ձողով, որի վրա շորեր են կախում, մեզ ծեծում էին: Գիտե՞ս` ի՞նչ օրեր ենք տարել»: Մանկատան նախկին սանի պատմածներն անհավանական կինոնկար էին հիշեցնում, որի դրվագների դաժանության մասին նա պատմում էր անվրդով, հանգիստ: Նրա խոսքով` նախկինում էլ մանկատանը եղել են բռնաբարություններ, եւ ինքը չի զարմանում, երբ այսօր բարձրաձայնում են այդ մասին: Կինը հիշեց նաեւ մանկատանն անցկացրած սոված գիշերները: «Փոքր հաց էին տալիս, չէինք կշտանում: Հացը դնում էինք նասկիների մեջ, որ հետո ուտեինք: Բայց որ հետո տեսնում էին էդ, մեզ ծեծում էին, ասում էին` խի՞ էս հացը դրել նասկուդ մեջ: Չենք իմացել, թե գիշերները քնելն ինչ է: Եթե դու սոված լինես, կարա՞ս գիշերը քնես: Դրա համար մեզ գիշերները մայկա-տրուսիկով հանում էին ու ստիպում էին նստել-վեր կենալ մինչեւ լույս: Տենց ուժասպառ էինք լինում, ու դրանից հետո էդ վիճակով գնում էինք դասի: Դե, ոչ քնել էինք, ոչ հաց էինք կերել, ոչ էլ դաս էինք արել, ու հենց դրա պատճառով էլ մի հատ էլ դասի ժամանակ էինք ծեծ ուտում: Մի խոսքով` դաժան կյանք»,- պատմում էր Գայանեն: Նա մինչեւ 16 տարեկանը մնացել է Սովետաշենի մանկատանը, հետո դուրս էր եկել մանկատնից ու 3 տարի աշխատել կար ու ձեւի արտադրամասում: Այնուհետ ամուսնացել է, բայց ամուսնությունն ավելի շատ դառնություն է պատճառել իրեն, քանի որ, ըստ նրա, ամուսինը սպանություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: «Էս կյանքից վաբշե հիասթափված եմ: Էս իմ ցավը կտանեմ մինչեւ կյանքիս վերջ,- խորը հոգոց հանելով` ասաց Գայանեն` ավելացնելով,- Գիտե՞ք` ես արտաքուստ կասեմ-կխոսեմ-կխնդամ, բայց ներքուստ լացում եմ: Ծնված օրվանից մայրս չկար իմ կողքին: Մայրս 18 տարեկանում ինձ ծննդաբերելու ժամանակ սեղանին ա մնացել,… ու տենց ես հայտնվել եմ մանկատանը: Երբ մեծացա, ծնողներիս նամակ էի գրել, բայց` անարդյունք: Մայրիկիս գտա գերեզմանում, ու հասկացա իմ ամբողջ կենսագրությունը: Հայրս էլ ամուսնացած ա, ուրիշ ընտանիք ունի: Գիտեմ` ով ա հայրս, տեսել եմ, բայց չեմ էլ ուզում մտածել նրա մասին: Աստված որ ասում ա` ներիր-կներվես, էդպես եմ շարժվում: Ես ներել եմ հորս: Մենք մանկատան էրեխեքով էդպես ենք` ինչքան էլ մեզ ցավ պատճառեն, մեկ ա` մենք էլի ներում ենք մարդկանց: Էս կյանքում իմ միակ ուժը երեխաներս են»:

Ու իսկապես, Գայանեի համար այլեւս սովորական են դարձել այն դժվարություններն ու ցավը, որն ինքն ունի: Նա իր երկու որդիների հետ ապրում է մի փոքրիկ սենյակում, որտեղ որդիներից մեկը քնում է հատակին: «Եթե վարչապետն եկավ, տեսավ էս վիճակը ու չկարողացավ լուծել էս հարցը, ուրեմն` թող ինքը հելնի, մեկ ուրիշը գա նստի ու զբաղվի էդ հարցով: Ես ձմեռը սոված օրեր եմ անցկացրել, պարտքեր եմ արել խանութներում` հույս ունենալով, որ վարչապետը խոստացել ա, ու ես կստանամ իմ 6 ամսվա գումարը` 120.000 դրամը: Բայց հիմա ես մնացել եմ շվարած»,- ասաց Գայանեն` փորձելով հասկանալ նախընտրական շռայլ կարգախոսները, որոնց, սակայն, ինքն այլեւս չի հավատում…