«Անի» հյուրանոցի ճարտարապետներն են Ֆենիքս Դարբինյանը, Ֆելիքս Հակոբյանը եւ Էդուարդ Սաֆարյանը, կոնստրուկտորներն են Գ. Բալայանը եւ Ա. Շահնազարյանը: «Անի Պլազա» հյուրանոցի պաշտոնական կայքի համաձայն, «Անի» հյուրանոցը գործարկվել է 1970թ. նոյեմբերի 29-ին, այն գործում էր «Ինտուրիստի» համակարգում: 1998թ. հյուրանոցը սեփականաշնորհվել է «Անի Ինթերփրայզիս» ընկերության կողմից, որի սեփականատերն ազգությամբ հայ, ամերիկացի գործարար է: Այսօր հյուրանոցն աշխատում է «Անի Պլազա Հոթել» անվանման ներքո:
«Մեդիամաքսի» «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» «Անի» հյուրանոցն է: Կառուցվելով 1970թ., այն շատ երեւանցիների համար դարձավ մի վայր, որտեղ կարելի էր ծանոթանալ օտարերկրացիների կյանքի տարբեր նրբերանգներին, կամ էլ առնվազն լավ ժամանակ անցկացնել` հյուրանոցի «Ուրարտու» ռեստորանում:
Հյուրանոցի ճարտարապետ Էդուարդ Սաֆարյան. Այն տարիներին Անիի մասին շատ քիչ էին խոսում
Ի սկզբանե «Անիի» երեք հեղինակներս` Ֆենիքս Դարբինյանը, Ֆելիքս Հակոբյանը եւ ես, նախագծել էինք Աբովյան փողոցի բնակելի շենքը, որի վերջում պետք է վեր խոյանար բարձրահարկ հյուրանոցային մասնաշենք: Սակայն հետո մտածեցինք, որ հարկավոր է հյուրանոցն առանձնացնել: Որոշվեց այն անվանել «Անի»` մեր հին մայրաքաղաքի անունն անմահացնելու համար: Այն ժամանակ Անիի եւ ընդհանրապես Արեւմտյան Հայաստանի մասին շատ քիչ էին խոսում:
Շենքի կառուցման ժամանակ օգտագործեցինք սեկցիոն տիպի կառույցների օրինակը: Վերեւի հարկում նախատեսում էինք կառուցել նաեւ մեծ լողավազան, բայց հետո մեզ ասացին, որ դա ընդունելի չէ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից: Այնպես որ` լողավազանի փոխարեն սրճարան նախագծեցինք: Հայաստան շատ զբոսաշրջիկներ էին այցելում, եւ ծրագիր կար ընդլայնել հյուրանոցը` հարակից տարածքների հաշվին: Հիմա «Անիի» հարեւանությամբ շինարարություն է ընթանում: Հենց այդ տարածքի համար ժամանակին նախագծել էի հյուրանոցի երկրորդ հատվածը, որտեղ կլինեին նաեւ շատրվաններ: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ դրան խանգարեցին: Հիշում եմ հյուրանոցի բացման արարողությունը: Մոսկվայից, Թիֆլիսից շատ հյուրեր ունեինք: Հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող ռեստորանում կազմակերպվել էր հատուկ ընդունելություն: Այդ տարի «Անիի» նախագիծն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության պատվոգրին` որպես տարվա լավագույն օբյեկտ:
«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյան. Բար մի կերպ էինք մտնում
1960-ական թթ. սկսվեց ազգային զարթոնքի շրջանը, երբ բարձրացվում էին Արեւմտյան Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության հարցերը: Հյուրանոցի անվան ընտրությունն այս իմաստով պատահական չէր: Հիշում եմ, երիտասարդ տարիներին մեզ շատ էր գրավում «Անի» հյուրանոցի բարը: Այնտեղ հայտնվելը դժվար էր` տարիքի պատճառով մեզ հաճախ ներս չէին թողնում: Մի կերպ ներս մտնելու համար ծանոթ էինք գտնում, համոզում բարմենին կամ հյուրանոցի դռնապանին:
«Անի» հյուրանոցի ավագ աշխղեկ Կառլեն Ղարիբյան. Քոչինյանն ասաց, որ սեղան չի նստի, մինչեւ բանվորներին ներս չթողնեն
«Անի» հյուրանոցի կառուցումը սկսվեց 1964թ.` ավագ աշխղեկ Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ: Նա կատարել էր միայն հողային աշխատանքները եւ հիմքերի կառուցումը: Նրանից հետո ավագ աշխղեկ նշանակվեց Վիկտոր Վիրաբյանը եւ մինչեւ 1967թ. նրա գլխավորությամբ կառուցվեց շենքի կմախքը` մինչեւ 5-րդ հարկ: 1967թ. ես նշանակվեցի հյուրանոցի ավագ աշխղեկ` շարունակելով Վիրաբյանի գործը: «Անին» առաջին 16 հարկանի շենքն էր Երեւանում: Հյուրանոցը կառուցում էր քաղաքային խորհուրդը, ֆինանսական միջոցները շատ սուղ էին: Այդ ժամանակ հանրապետությունը հասարակական շենքերի ֆինանսավորմանը քիչ միջոցներ էր հատկացնում, քանի որ առաջնայինը բնակելի շենքերի կառուցումն էր: Շինարարության սկզբնական արժեքը 3 մլն ռուբլի էր: Դա շատ քիչ էր, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակաշրջանում Թիֆլիսում «Իվերիա» հյուրանոցը կառուցվել էր 10 մլն ռուբլով, իսկ Ադրբեջանի «Բաքու» հյուրանոցը` 15 մլն ռուբլով: Նախագծով նախատեսվում էր հյուրանոցը շահագործման հանձնել 1970թ., քանի որ այդ տարի մեծ շուքով նշվելու էր ԽՍՀՄ ձեւավորման 50-ամյակը: Մեծ թվով հյուրեր էին սպասվում Երեւանում, եւ պետք էր արագացնել շինարարության ընթացքը: Քանի որ շինարարությունը ֆինանսական սուղ միջոցներով էր տարվում, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը միջնորդեց, որպեսզի հյուրանոցի կառուցմանն աջակցի «Ինտուրիստ» կազմակերպությունը: «Ինտուրիստի» հայաստանյան ներկայացուցիչ Իլյա Գեւորգովի ջանքերով լրացուցիչ միջոցներ տրամադրվեցին, եւ շինարարության արժեքը կազմեց 5 մլն` նախկին 3-ի փոխարեն: Դա թույլ տվեց, որպեսզի, օրինակ, արտասահմանից մահճակալներ ներկրենք 360-ից ավելի հյուրանոցային համարների համար: Նախագծի համաձայն, նախատեսվում էր ունենալ մեկ եւ երկու հոգու համար նախատեսված համարներ: Հյուրանոցն ունենալու էր ռեստորան երկրորդ հարկում`400-500 հոգու համար: Շինարարության ընթացքին ուշադիր հետեւում էր Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Նա առանց թիկնապահների ուղեկցության գալիս էր շինհրապարակ` Երեւանի քաղխորհրդի ղեկավար Գրիգոր Հասրաթյանի հետ: Հիշում եմ, մի անգամ պահակները չէին ճանաչել Անտոն Քոչինյանին եւ կոպիտ էին խոսել նրա հետ: Հյուրանոցի կառուցման վրա աշխատող բանվորները շատ մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին աշխատում: 3 տարի անց հյուրանոցը պատրաստ էր: Պաշտոնական բացման օրը «Ինտուրիստը» մեծ բանկետ էր կազմակերպել` ի պատիվ շինարարների եւ ղեկավարության: Ինձ հանձնարարել էին 10 ոսկյա կրծքանշան պատվիրել` «Անի» հյուրանոցի պատկերով: Առաջինը նվիրեցինք Անտոն Քոչինյանին, իսկ թվով 8-րդ կրծքանշանն ինձ հասավ: Բացման ժամանակ Ա. Քոչինյանը շրջեց հյուրանոցի բոլոր 16 հարկերով: Բացման օրը բանվորներին հանձնարարել էի գնալ տուն, գեղեցիկ հագնվել ու գալ բանկետի: Հյուրանոց վերադառնալով` պահակախումբը նրանց թույլ չտվեց ներս մտնել: Զայրացա ու բողոքեցի Ա. Քոչինյանին, նա էլ հայտարարեց, որ սեղան չի նստի, մինչեւ բանվորներին ներս չթողնեն: Քոչինյանը շատ ժողովրդական մարդ էր: Հենց բացման օրը «Զվարթնոց» օդանավակայանից միանգամից հյուրեր եկան հյուրանոց, շուրջ 200 հոգի, որոնց «Անիի» անձնակազմը միանգամից ընդունեց ու սպասարկեց:
Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյան. «Անիի» կառուցմանը նպաստել է նաեւ Շառլ Ազնավուրը
«Անի» հյուրանոցի կառուցման ծրագիրը 60-ականների սկզբից էր քննարկվում: Երեւանում այդ պահին ընդամենը 3 հյուրանոց կար` «Արմենիան», «Սեւանը» եւ «Երեւանը»: Զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի եւ Երեւանի նկատմամբ, սակայն քաղաքը զրկված էր հյուրերին ընդունելու պայմաններից: Այդ տարիներին շատ դժվար էր նման ծավալուն շինարարություն իրականացնելը` հարկավոր էր Մոսկվայից թույլտվություն եւ ֆինանսավորում ստանալ: Այդ հարցում շատ մեծ դեր ունեցավ «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գեւորգովը, ով շատ ճկուն մտածելակերպ ուներ: Արդյունքում` ստացանք չորս հյուրանոց կառուցելու թույլտվություն, որոնցից առաջինը «Անին» էր, այնուհետեւ` «Տուրիստը», «Դվինը» եւ Երիտասարդական պալատը («Կուկուրուզնիկ»): «Անիի» կառուցմանը նպաստել են նաեւ շատ նշանավոր մարդիկ, այդ թվում` Շառլ Ազնավուրը: Երբ 1964թ. Ազնավուրն առաջին անգամ այցելեց Հայաստան, նրան ցույց տվեցին «Անիի» մանրակերտը եւ խնդրեցին, որ Մոսկվայում «բարեխոսի» դրա համար: Չնայած նրան, որ «Անին» ստացավ տուրիստական, այլ ոչ թե առաջին կարգի հյուրանոցի կարգ` այն տարբերվում էր իր ինտերիերով, ուներ արտակարգ համեղ խոհանոց: Ժամանակին այնտեղ երգել է Լարիսա Դոլինան, նվագել են Լեւոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը: Երեւանի առաջին բարը նույնպես գտնվում էր «Անիում»: Բոլոր ճարտարապետների համար «Անին» յուրահատուկ վայր էր, քանի որ երկար տարիներ հունվարի 13-ին հենց «Անիի» ռեստորանում էինք նշում Հին Նոր տարին: Սայաթ-Նովա պողոտան բացվեց 1962-63թթ.: Երեւանը մեծ խանդավառություն էր ապրում: Մեր լավագույն նկարիչները, քանդակագործները, ճարտարապետները մասնակցեցին փողոցի կառուցմանը: Իրենց լուման ներդրեցին Ստեփան Քյուրքչյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը եւ այլք: Բազմաթիվ արձանիկներ, ցայտաղբյուրներ դրվեցին: Իսկ փողոցի վերջում գտնվում էր երեւանցիների կողմից շատ սիրված մի սրճարան, որի պատի մեջ տեղադրվեց Մինաս Ավետիսյանի որմնանկարը` Սայաթ-Նովայի պատկերով: Այժմ այդտեղ եւս սրճարան է` «Սայաթ-Նովա» համալիրը եւ, ի ուրախություն մեզ, սեփականատերերը գտան այդ որմնանկարը եւ տեղադրեցին ապակու տակ: Ամբողջ փողոցը ծառատնկվեց պտղատու ծառերով` կեռասենիներով: Յուրաքանչյուր ծառի հետ մի պատմություն էր կապված: Պատմում էին, որ մի անգամ վաղ առավոտյան տեսել են, թե ինչպես են Մինասը եւ Հենրիկ Իգիթյանը բարձրացել ծառը եւ կեռաս էին ուտում:
«Անիի» վաճառքի եւ մարքեթինգի մենեջեր Նելլի Ալեքսանյան, ով աշխատում է հյուրանոցում բացման օրվանից
Հյուրանոցի բացման օրը հյուրեր ունեինք Լիբանանից, Ֆրանսիայից: Տարբեր տարիներին հյուրանոցը սպասարկել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի մարդկանց: Մեզ մոտ ապրել են հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, երգչուհիներ Ալլա Պուգաչովան, Սոֆիա Ռոտարուն: Նրանց երկրպագուները գալիս էին հյուրանոցի մուտքի մոտ ու նրանց տեսնելու հնարավորություններ փնտրում: Այն ժամանակ սովետական քաղաքացիների համար «Ինտուրիստի» հյուրանոցները հասանելի չէին` մենք հիմնականում սպասարկում էինք արտասահմանցի հյուրերին: Հյուրանոցի ողջ կահույքը ներկրվել էր Ֆինլանդիայից, պաստառները մետաքսյա էին: Մեր հյուրանոցն առանձնանում էր նաեւ նրանով, որ ուներ մառան, որտեղ կազմակերպվում էին հայկական գինիների, կոնյակների, ավանդական ուտեստների համտեսներ, ինչն ուղեկցվում էր հայկական ժողովրդական երաժշտությամբ: Երեւանում ճանաչված էր մեր հյուրանոցի ռեստորանը, որի խոհարարները եւ անձնակազմի անդամները վերապատրաստման հատուկ դասընթացներ էին անցնում ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ավստրիայում: Սպասարկումը ամենաբարձր մակարդակի վրա էր, հյուրերը միշտ գոհ էին մնում:
Դասախոս Ալինա Թարջումանյան. Մեր շենքի տղաներն «Անիի» բոլոր սենյակների հեռախոսահամարների «կարտոտեկա» ունեին
Նախկինում Սայաթ-Նովան շատ նեղ փողոց էր` հին, խարխուլ տներով: Մեր ընտանիքն ապրում էր այդ տներից մեկում, իսկ երբ հին տները քանդեցին եւ դրանց փոխարեն բնակելի շենքեր կառուցեցին, մենք էլ բնակարան ստացանք` «Անի» հյուրանոցի անմիջապես դիմացը գտնվող շենքում: Այդ ժամանակ «Անին» նոր էր կառուցվում: Չգիտեինք, որ հյուրանոց է կառուցվում, կարծում էինք, որ հերթական բնակելի շենքն է լինելու: Երբ աշխատանքներն ավարտվեցին, «Անին» Երեւանի առաջին բարձրահարկ շենքն էր: Հյուրանոցի տակ գտնվում էր «Ուրարտու» ռեստորանը, որտեղ հայրս էր աշխատում: Ռեստորանի համար նախատեսված շատ մթերքներ Մոսկվայից էին ստանում: Ամիսը մեկ անգամ հայրիկիս այցելում էր Խթը-ի աշխատակիցը եւ հարցաքննում. ո՞ւմ հետ է շփվել, արդյո՞ք նրան տարադրամ չեն առաջարկել, եւ այլն: Շենքի վերեւում նույնպես ռեստորան կար, որտեղ հիմնականում հարսանիքներ էին կազմակերպվում: Լավ հիշում եմ, ինչպես հարսն ու փեսան մի փոքր կանգնում էին հյուրանոցի գլխավոր մուտքի առաջ, այնուհետեւ` վերեւ բարձրանում: Բնականաբար, երաժշտության ձայները լսվում էին մինչեւ առավոտ: Աջ կողմի վրա գտնվում էր «Ձյունիկ» պաղպաղականոցը: Այնտեղ վաճառում էին քաղաքի առաջին գունավոր պաղպաղակը: Փողոցի անկյունում մանր դեղին ծաղիկներ էին աճում: Թաղի երեխաները քաղում էին դրանք, նվիրում տուրիստներին եւ փոխարենը` ծամոն ստանում: Իսկ լեհ տուրիստները մեր շենքի մուտքերում արագ-արագ իրենց ապրանքն էին վաճառում: Իհարկե, «Անին» թաղի տղաների ուշադրության կիզակետում էր: Դրան զգալիորեն նպաստում էր այն փաստը, որ զբոսաշրջիկ աղջիկները երբեմն սիրում էին պատշգամբներում արեւային լոգանքներ ընդունել: Մեր շենքի տղաները նույնիսկ «կարտոտեկա» ունեին` հյուրանոցի բոլոր սենյակների հեռախոսահամարներով: Նրանք պատշգամբից հետեւում էին աղջիկներին եւ զանգահարում էին նրան, ում հավանում էին: Տպավորվել է նաեւ, որ տուրիստները հաճախ իրենց սրբիչները կախում էին պատշգամբներում, եւ քամին փախցնում էր դրանք եւ օդում պտտում: Սայաթ-Նովան նաեւ «Վարդերի փողոց» էին անվանում` պողոտայի ողջ երկայնքով բազմատեսակ վարդեր էին տնկված: Մինչեւ 80-ականները կային նաեւ պտղատու ծառեր, եւ գարնանը վարդերը եւ ծառերը միաժամանակ էին ծաղկում: Ծառերի ճյուղերը կախվում էին բերքի ծանրությունից: Իհարկե, անցորդներն օգտվում էին բարիքներից, իսկ գիշերները սկսվում էր իսկական բերքահավաք` շենքի բնակիչներն իրենց պատշգամբներից հավաքում էին ծառերի վերեւի` «ամենաքաղցր» բերքը:
Տիգրան Լիլոյան. «Այդ ի՞նչ բուդկա ես կառուցել «Անիի» գլխին»
Հայրս` Հենրիկ Ցոլակի Լիլոյանը, 1982-89թթ. Հայաստանի «Ինտուրիստի» վարչության պետն էր (այդ գերատեսչության ամբողջական անվանումն էր` Հայկական ԽՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչություն, իսկ դրա ղեկավարը մտնում էր կառավարության կազմի մեջ): Մի անգամ, վաղ առավոտյան, ժամը 07։45-08:00-ն, մեր տանը հնչեց հեռախոսի զանգը.
– Ձեզ հետ կխոսի Կարեն Սերոբիչը (Դեմիրճյանը.- Տ.Լ.),- հայտնեց կանացի ձայնը:
– Այդ ի՞նչ բուդկա ես կառուցել «Անիի» գլխին,- հորս խստորեն հարցրեց Կենտկոմի առաջին քարտուղարը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Դեմիրճյանն ինչ-որ տեղ էր գնում Սայաթ-Նովա պողոտայով եւ հանկարծ մի շինություն է նկատում «Անի» հյուրանոցի տանիքին, որն իրեն տարօրինակ էր թվացել: Անմիջապես զանգահարել էր` ավտոմեքենայից: Պարզվեց, որ դա մի կցակառույց էր, որի նպատակը հյուրանոցային վերելակների մեխանիզմները ձմեռային ցրտից պահպանելն էր: Իհարկե, հանրապետություն ղեկավարի կամքով «բուդկան» ապամոնտաժվեց: Ընդհանուր առմամբ, Դեմիրճյանը շատ խստապահանջ էր Երեւանի ճարտարապետական տեսքի նկատմամբ: Օրինակ, չէր թույլատրվում օդորակիչներ տեղադրել Պետպլանի պատուհաններին (այժմ դա ՀՀ ֆինանսների նախարարության շենքն է)` Կառավարության շենքի ճակատը չփչացնելու համար: Նույն պատճառով օդորակիչներ չուներ նաեւ Կենտկոմի շենքը` ճակատային մասում:
Ջազմեն Արմեն Թութունջյան` Չիկո. Անմոռանալի երեկո անցկացրինք BB King-ի հետ
1975-1980թթ. աշխատում էի «Անիի» ռեստորանում` Լեւոն Մալխասյանի, Ալիկ Զաքարյանի, Գեորգի Մանգասարյանի եւ Գագիկ Եփրեմյանի հետ: Ասեմ, որ այնտեղ աշխատանք ստանալը հեշտ չէր: «Ինտուրիստի» երաժշտական մակարդակը հսկում էր Մշակույթի նախարարությունը: Հաշվի էին առնվում նաեւ հնչող երաժշտության հեղինակային իրավունքները` հեղինակները հոնորարներ էին ստանում: Մայրս հայերենի ուսուցչուհի էր, նրա` մի ամսվա վաստակած աշխատավարձը ես մեկ օրում էի ստանում, երբեմն` ավելին: Այդ գումարներով շատ լավ ճապոնական տեխնիկա, գործիքներ, ձայնասկավառակներ էինք ձեռք բերում: Երաժշտական առումով չէի «կեղտոտվում»` նվագում էինք ջազային ստանդարտներ, արտասահմանյան հիթեր, հայկական էստրադա, ժամանակակից նորաձեւ երաժշտություն: Մի հայտնի կատակ կա` երեկոներից մեկի ընթացքում մեր երգիչը երգում էր հերթական երգը, երբ նրան մոտեցրեցին պատվիրված երգի գումարը, եւ նա շարունակեց երգել. «Բարի Արագիլ, տար տուր Մալխասին»:
Երեւանը շատ առաջադեմ քաղաք էր: Կանանց ու աղջիկների ռեստորան գալն ընդունված էր ու նորմալ էր դիտվում: Այս կուլտուրան Թիֆլիսում չկար` ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին մեր ռեստորանը լի էր վրացիներով: Ռեստորան այցելելը մատչելի էր բոլորի համար, նույնիսկ այն մարդիկ, ովքեր համեստ էին ապրում, ամիսը մեկ-երկու անգամ ռեստորան էին գալիս: 1 անձը, վճարելով 8 ռուբլի, ստանում էր 2 ճաշատեսակ, աղցաններ, հյութեր ու կոնյակ: «Անին» երկու մուտք ուներ` գլխավորը, որը մինչեւ այժմ էլ կա, եւ կողքի մուտքը` ամառային բացօթյա սրճարանի հարեւանությամբ: Ներս էինք մտնում այդ մուտքից, բարձրանում երկրորդ հարկ ու հայտնվում ռեստորանում: Ես փողոցին մեջքով էի նստում: Իմ ետեւում` դիմացի մայթում, այժմյան «Լեւոն Թրավլ» գրասենյակի փոխարեն` երաժշտական գործիքների հայտնի խանութն էր: Ռեստորանի դահլիճը երկու թեւ ուներ` աջ ու ձախ: Այնքան մեծ էր, որ միաժամանակ սպասարկում էր տեղացիներին, արտասահմանցիներին եւ հատուկ հյուրերին: Առանձնացված էր նաեւ ընդունելությունների համար նախատեսված բանկետային դահլիճը: Ռեստորանի յուրահատուկ խորհրդանիշը «վալյուտնի բար»-ն էր: Հաճախորդները պետք է այս բարից օգտվելու համար արտարժույթ ունենային, այսինքն` այն նախատեսված էր միայն արտասահմանցիների համար: Հետագայում թույլ տվեցին, որ բարից նաեւ ռուբլով օգտվեն: 1979թ. BB King-ն ու իր բենդը եկան Երեւան: Նրանք կանգ էին առել «Անիում»: Դա առիթ էր մեզ համար, որ շփվենք նրանց հետ: Նրանք եկան, տեղավորվեցին հյուրանոցում, վերցրեցին գործիքներն ու եկան մեզ մոտ` միասին նվագելու: Անմոռանալի երեկո էր: Բազմաթիվ հայտնի հյուրեր էին կանգ առնում այստեղ: Որպես ֆուտբոլի մեծ երկրպագու, հիշում եմ, որ հաճախ այստեղ էին մնում հայտնի ֆուտբոլիստներ, անգամ Մյունհենի «Բավարիան»: Լարիսա Դոլինայի անունը 1970-ական թվականներին միայն նեղ շրջանակներում էր հայտնի: Նա Օդեսայից էր ժամանել ու բնակություն հաստատել Երեւանում: Երեկոները մեզ հետ էր երգում, իսկ ցերեկները` «Սերպանտին» խմբում: Նրա տաղանդը ակնհայտ էր, մենք զարմացել էինք, թե որքան արագ նա հայերեն սովորեց ու հանգիստ խոսում էր: Որոշ ժամանակ ռեստորանում վարիետե էր աշխատում, որի համար դահլիճում բեմ էր տեղադրվել, որը մնաց նաեւ վարիետեի փակվելուց հետո: Այնտեղ երիտասարդներ էին հավաքվում` մարզերից կամ սփյուռքահայեր: Այդ ժամանակ շատ նորաձեւ էր դիսկո երաժշտությունը, ու այդ երիտասարդները դիսկո պարողների խումբ էին ձեւավորել: Այդ ժամանակների ամենահայտնի երգերից էր` «Kung Fu fighting»-ը, որի ժամանակ տղաները ոտքերով քունգ-ֆուի շարժումներ էին անում: Շատ հաճախ բուռն վեճեր էին բռնկվում, որոնք, սակայն, հազվադեպ էին կապված լինում մեզ` երաժիշտներիս հետ: Ամեն դեպքում, մեր եւ մատուցողների միջեւ հաստատվել էր ամուր միություն` միասին կռվում էինք նրանց հետ` մինչեւ ոստիկանների ժամանելը:
Դավիթ Ալավերդյան. Սայաթ-Նովա պողոտան դեռ նման լկտիություն չէր տեսել
«Անի» հյուրանոցի հետ իմ անմիջական ծանոթությունը շատ անսպասելի եղավ: Մինչ այդ բազմիցս անցել էի «Անիի» կողքով, բայց երբեք չէի մտածի, որ իմ առաջին լուրջ աշխատավայրը կարող է հենց այնտեղ լինել: 1992թ. սեպտեմբերին «Մերկուրի» ընկերության հովանավորությամբ ստեղծվեց «Բրավո» երիտասարդական շաբաթաթերթը: Ես ու Արա Թադեւոսյանն առաջարկ ստացանք պատրաստել դրա երաժշտական բաժինը: Այդ ժամանակ ես նոր էի փոխադրվել 2-րդ կուրս, իսկ Արան մի քանի օր առաջ ընդունվել էր ԵՊՀ: Հիշելով դպրոցական տարիները` մենք խելամտորեն հրաժարվեցինք մեզ առաջարկված 603 սենյակից, որը որոշակի բացասական ասոցիացիաներ էր առաջացնում, եւ էջադրողի հետ միասին` տեղավորվեցինք 602-ում: «Անին» արդեն գրեթե չէր գործում որպես հյուրանոց, կիսադատարկ էր, իսկ ներքեւի հարկերը զբաղեցրել էին բազմաթիվ փոքր «օֆիսներ», որոնք ծնվում եւ մեռնում էին մեր աչքերի առջեւ: Ասենք, երեկոյան մեր կողքին մի հարեւան էր, իսկ առավոտյան դռան վրա արդեն այլ կազմակերպության ցուցանակ էր կախված: Սակայն շուտով «Մերկուրին», որն անշարժ գույքով էր զբաղվում եւ բուռն զարգացում էր ապրում, գրավեց ամբողջ հարկը: Մեզ էլ առաջարկեցին տեղափոխվել 7-րդ հարկ, ուր թերթին, որն այն ժամանակ արդեն 30.000 տպաքանակով էր հրատարակվում, մի ամբողջ թեւ տրամադրեցին: Հյուրանոցի նախասրահը բավականին խղճուկ տպավորություն էր թողնում, վերեւի հարկերը դեռեւս շարունակում էին սպասարկել հյուրերին, բայց երբ վրա հասավ 92-ի ձմեռը, նրանց չնչին հոսքն էլ ընդհատվեց, փոխարենը` հյուրանոցում եւս սկսեցին հովհարային անջատումները: Դրանք հիմնականում երեկոյան ժամերին էին լինում` 7-ից հետո, երբ մյուս «օֆիսներն» արդեն ավարտած էին լինում աշխատանքը, մինչդեռ մեզ համար դա աշխատանքի ամենաակտիվ ժամանակն էր: Բանն այն է, որ ցերեկային ժամերին մեր երկու համակարգիչներն էլ զբաղեցնում էին լրագրողներն ու մուտքագրողները, որից հետո սկսվում էր թերթի էջադրման եւ ձեւավորման գործընթացը: Այսպիսով, երբ հյուրանոցում, ինչպես եւ ողջ երկրում, սկսեցին անջատել էլեկտրաէներգիան, մենք հայտնվեցինք փակման եզրին: Ելքը մեզ հուշեց իրավիճակը: Նոյեմբերին գնեցինք երկու հատ բենզինային «դվիժոկ», տեղադրեցինք դրանք… հյուրանոցի 7-րդ հարկում` մեր սենյակների պատշգամբներում, եւ երբ սկսում էր հովհարային անջատումը, դիմացի շենքի բնակիչների բարձրաձայն անեծքների ներքո միացնում էինք մեր համակարգիչները դվիժոկներին եւ ավարտին հասցնում թերթը: Ենթադրում եմ, որ նման լկտիություն Սայաթ-Նովա պողոտան դեռ չէր տեսել, բայց դիմացի շենքերի բնակիչները, այդ թվում` նաեւ մեր կուրսի «Պոնչ Կարենը», դեռ չգիտեին, որ մենք կպատրաստենք եւս մեկ բացառիկ «շոու», որն այսօր` տարիների հեռավորությունից, ինձ էլ է խելահեղություն թվում: Յուրաքանչյուր սենյակ ուներ մեկ կամ առավելագույնը` 2 բանալի: Նյութերը սենյակներից հիմնական համակարգիչ էինք տեղափոխում նախնադարյան դիսկետներով, որոնք փչանալու մեծ հակում ունեին: Երբ պարզվում էր, որ դիսկետը փչացել է, անհրաժեշտություն էր առաջանում սենյակից կրկին բերել նյութը: Եվ քանի որ բանալին չկար, հեռախոսներն էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով անջատված էին, մնում էր մեկ ելք. պատշգամբից պատշգամբ ցատկոտելով` հասնել անհրաժեշտ սենյակ, բացել պատշգամբի դուռը, գրել նյութը դիսկետի վրա եւ նույն ճանապարհով հետ վերադառնալ: «Անիի» պատշգամբների ճաղավանդակներն էլ կարծես ստեղծած լինեին մեկից մյուսը թռչկոտելու համար, եւ որոշ ժամանակ անց ոչ միայն խմբագրության տղաները, այլեւ որոշ աղջիկներ` հաղթահարելով մի քանի պատշգամբ, բերում էին անհրաժեշտ նյութը: Բայց երբ մի օր մեր կուրսի Կարենենց տանից տեսա «շոուն», հասկացա, թե ինչ սարսափ են ամեն անգամ ապրում մարդիկ, երբ տեսնում են մերոնց` պատշգամբից պատշգամբ անցնելիս: Այդ օրն էր, երբ «պատշգամբային հեղափոխությունը» արգելեցինք: Զարմանալի է, բայց 92-93 թվերը, որոնք շատերի մոտ ասոցիացվում են մթի, պատերազմի, սովի, ծայրահեղ չքավորության հետ, ինձ համար մեր լավագույն տարիներից են: Գուցե պատճառն այն է, որ հենց այդ տարիներին` նեղության մեջ, ձեռք բերեցի իմ լավագույն ընկերներին, ովքեր հիմա էլ կողքիս են: Կամ գուցե այն, որ չնայած մթին եւ քաղցին, մեծ հավատ կար, որ ամեն ինչ լավ է լինելու… Ինչեւէ, մինչ օրս էլ «Անիի» մասին մնացել են միայն վառ ու հաճելի հուշեր: Մի օր անպայման կգնամ եւ կայցելեմ ինձ հարազատ դարձած 703 սենյակ, ուր «Բրավոն» լքելուց հետո երբեք չեմ գնացել:
Էդուարդ Սաֆարյան. Ի՞նչ է լինելու «Անիի» հարեւանությամբ
Նոր նախագծի համաձայն, «Անին» ունենալու է նախագահական հարկաբաժին, որում կլինեն անձնակազմի համար նախատեսված սենյակներ, ընդունարան եւ լողավազան: Հյուրանոցի ներսի բակում նախատեսվում է կառուցել ձմեռային այգի, որի մեջտեղում կլինի շատրվան ու փոքրիկ սրճարան: Այգու ներքեւի հարկում կլինի մառան, ինչպես ժամանակին «Դվին» հյուրանոցում էր: «Անիի» հարեւանությամբ` դեպի Աբովյան փողոցի կողմը, կկառուցվի նաեւ նոր բազմաֆունկցիոնալ համալիր` «Ուրարտու» անունով: Համալիրի ամենավերին հարկում բացօթյա սրճարան կլինի, որը պտտվող է լինելու, եւ մարդիկ հնարավորություն կունենան տեսնել քաղաքի տեսարանը:
«Մեդիամաքս». Չնայած Էդ. Սաֆարյանն ասում է, որ այս նախագծերը «համաձայնեցված են», մեզ չհաջողվեց կապվել «Անի Պլազայի» ղեկավարության հետ` պարզելու համար. արդյո՞ք դրանք որեւէ առնչություն ունեն հյուրանոցի հետ: Տեղեկություններ ունենք, որ «Անիի» հարեւանությամբ ներկայումս կառուցվող շենքը հյուրանոցի հետ որեւէ կապ չունի:
mediamax.am
Տպագրվում է կրճատումներով