Ծիծեռնակաբերդի խորհուրդը

26/04/2012

Երեւանն իր տարածքով փոքր է, սակայն մեծ է իր 2793-ամյա պատմությամբ: Երեւանի յուրաքանչյուր կտոր հողը հարյուրապատիկ մեծ է, քանզի հնամյա Էրեբունուց մինչեւ նորօրյա Երեւանը լի է պատմական նշանավոր իրադարձություններով, հուշարձաններով, կոթողներով, բազմաթիվ զբոսայգիներով` մեր մայրաքաղաքի պատմության լուռ վկաներով: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի ամենամեծ զբոսայգին Ծիծեռնակաբերդն է, ունի 132 հա տարածություն: Այստեղ է գտնվում XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաեւ` Սումգայիթյան եղեռնագործության զոհերի հուշարձանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը: Ծիծեռնակաբերդը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, մայրաքաղաքի արեւմտյան մասում: Թամանյանի նախագծի համաձայն` Երեւանը հետամնաց փոքրիկ քաղաքից պետք է վերածվեր առաջնակարգ մշակութային քաղաք-պարտեզի: Երեւանի հատակագծման մասին իր զեկուցման մեջ Թամանյանը նշում է. «Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք է ունենա կանաչ գոտենման փողոցներ եւ այգիներ, այսպես կոչված` «քաղաքի թոքեր», որոնցով մաքուր օդ է անցնելու դեպի քաղաքի կենտրոնը»: Ծիծեռնակաբերդի բլուրն ամայի տարածք էր, զուրկ բուսականությունից: 1949-ից այստեղ սկսվեց մասսայական ծառատունկ: Աստիճանաբար լերկ բլուրը վերածվեց կանաչ, փարթամ անտառի, որի շնորհիվ զգալի բարելավվեցին քաղաքի բնապահպանական պայմանները: Այգին դարձավ երեւանցիների սիրելի զբոսավայրերից մեկը, իսկ 1967-ից` Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի կառուցումից հետո` նաեւ ուխտատեղի, ոչ միայն աշխարհի հայերի, այլեւ Հայաստան այցելող մեր օտարերկրյա բարեկամների համար: Կան ղեկավարներ, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ կերտում են տվյալ ժամանակաշրջանի դիմագիծը: Սովետահայ պետական գործիչներ Յակով Զարոբյանը (1960-1966թթ.), Անտոն Քոչինյանը (1966-1974թթ.) եւ Կարեն Դեմիրճյանը (1974-1988թթ.) իրենց անուրանալի ավանդն են ունեցել Ցեղասպանության ճանաչման եւ միջազգայնացման բարդ, դժվարին, կարելի է ասել` նույնիսկ վտանգավոր գործընթացում: Նրանց համարձակությունը քաղաքական կամքը եւ դիվանագիտական ունակությունների արդյունքը` Հայերի ցեղասպանության համազգային զարթոնքից մինչեւ միջազգային ճանաչումն էր: Ցեղասպանության թեման երկար տարիներ արտաքուստ լռության էր մատնված, սակայն մոռացված չէր: Լրանում էր Ցեղասպանության 50-ամյակը: Ժողովուրդը, հատկապես` երիտասարդությունը, նախապատրաստվում էր այդ տխուր տարելիցին, նախապատրաստվում էր նաեւ հանրապետության ղեկավարությունը: ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Յա.Զարոբյանը 1964թ. դեկտեմբերի 13-ին ԽՄԿԿ ԿԿ-ին հիմնավորված նամակ է հղում ցեղասպանության 50-ամյակը պետականորեն նշելու մասին, ներկայացնելով նաեւ նախատեսված միջոցառումների ցանկը` նպատակ հետապնդելով, որպեսզի ժողովուրդների պատմության մեջ նմանօրինակ ողբերգություն չկրկնվի: Հայաստանի Կոմկուսի կենտկոմն այդ առիթով անհրաժեշտ համարեց իրականացնել մի շարք միջոցառումներ: 1965թ. ապրիլի 24-ին Երեւանի Օպերային թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Հանրապետությունում հայտարարվեց հուշարձանի կառուցման նախագծի մրցույթ: Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը եւ Արթուր Թարխանյանը մասնակցեցին մրցույթին, եւ հաղթեց նրանց նախագիծը: Նույն թվականի սեպտեմբերին սկսվեց հուշարձանի շինարարությունը: Ծիծեռնակաբերդի այգում վեր խոյացած հուշահամալիրի կառուցումը կապված է ՀԿԿ ԿԿ երեք 1-ին քարտուղարների` Յա.Զարոբյանի, Ա.Քոչինյանի եւ Կ.Դեմիրճյանի անունների հետ: Հեշտ չէր այդպիսի կարճ ժամանակահատվածում կառուցել հուշարձանը: Ըստ նախագծի` պետք է տեղադրվեին 12 մեծաչափ քարեր, սակայն այդպիսի քարեր հատելն անհնարին էր: Որոշում են քարերի չափսերը փոքրացնել կամ քարը փոխարինել բետոնով: Ճարտարապետները չեն համաձայնում, սակայն գտնում են լուծումը: Ս.Քալաշյանը Արթիկի քարհանքում նշանակվում է աշխղեկի օգնական: Նրան հաջողվում է մեծածավալ քարեր հատել հանքի առաջին շարքից: Հուշահամալիրի կառուցումը կապված էր նաեւ այլ դժվարությունների հետ, իսկ ժամանակը սահմանափակ էր: Որոշված էր կառույցն ավարտել մինչեւ 1967թ. նոյեմբերի 29-ը: Տագնապներ կային, որ այն չէին հասցնի ավարտել նշված ժամկետում: Երեւանի քաղկոմի քարտուղար Լ.Ղարիբջանյանը կառույցի շինարարության պատասխանատու է նշանակում Կարեն Դեմիրճյանին, ով այդ ժամանակ քաղկոմի քարտուղար էր: Հուշահամալիրի կառուցումը նա ղեկավարում էր մեծ պատասխանատվությամբ: Կ. Դեմիրճյանը գիտեր, թե Եղեռնի հուշարձանի կառուցումն ինչ է նշանակում հայ ժողովրդի համար: Եվ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա բարձրացավ XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժող հուշակոթողը: Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր, 1967թ. նոյեմբերի 29-ին` Հայաստանում Սովետական կարգերի հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած եւ Ծիծեռնակաբերդ զրահամեքենայով բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը, նա վառում է հավերժական կրակը եւ բարձրանալով ամբիոն` դիմում է ճառով ներկաներին. «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:

Հուշարձանը համալիր կառույց է, բաղկացած 3 կոթողից: Ձախ կողմից ձգվում է 100 մ երկարությամբ հուշապատը, որի վրա փորագրված են այն բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել ջարդերը: Կենտրոնում է գտնվում 30 մետր տրամագծով շրջանաձեւ դամբարանը` անծածկ տաճարը, դեպի կենտրոն խոնարհված 12 հսկա բազալտե պիլոններով, որի առանցքում վառվող անմար կրակը խորհրդանշում է Եղեռնի զոհերի հիշատակի հավերժությունը: Նրանից քիչ հետո վեր է խոյանում 40 մետրանոց հուշասյունը, որպես անշիրիմ նահատակների հավերժ կենդանի հուշարձան, որպես հայ ժողովրդի վերածննդի պայծառ խորհրդանիշ: Սովետական Հայաստանի մայրաքաղաքում հուշարձանի կառուցումն ու բացումն աննախադեպ իրադարձություն էր: Ժամանակակիցների եւ ականատեսների վկայությամբ` այդ օրը բազմամարդ էր Երեւանը: Հանդիսությանը մասնակցում էր 200.000-ից ավելի մարդ: Մինչեւ ուշ գիշեր չէր դադարում մարդկանց հոսքը, կուռ շարքերով շարունակվում էր նրանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի հուշարձան: Այն, ինչի ականատես եղավ հայ ժողովուրդն այդ օրը, հուզիչ էր եւ անմոռանալի: Սգո երթը վեր էր ածվել հաղթական քայլերթի: Հաղթահարելով բազում դժվարություններ` հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հաստատեց ի ցույց աշխարհի, որ կա, պիտի մնա եւ պայքարի մինչեւ արդարության հաղթանակը: Երեւանում վեր խոյացած հուշահամալիրը սովորական եւ հերթական կառույց չէ: Այն յուրահատուկ բարձրաճաշակ եւ խիստ ազդեցիկ կոթող է: Ծիծեռնակաբերդում առկա է պատմական անարդարության փաստը: Հնչող հոգեւոր երաժշտությունը ազդեցիկ տպավորություն է թողնում այցելուների վրա: Նրանք այստեղից հեռանում են տպավորված եւ տխուր մտորումներով:

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինն իր ելույթում նշել է. «Երեւանը մեզ համար ոչ միայն սովորական իմաստով մեր հայրենիքի մայրաքաղաքն է, այլեւ խորհրդանշում է երկրի եւ մեր ժողովրդի վերածնունդը: Պատահական չէ, որ մենք մեր հյուրերի հետ այսօր, քիչ առաջ, եղանք Եղեռնի հուշարձանի մոտ, աղոթելու մեր նահատակների հոգիների համար: Եղեռնի հուշարձանը հիշեցնում է մեզ մեր ժողովրդի նահատակությունը 1915թ.: Բայց Եղեռնի հուշարձանի բարձունքից իջնելով, տեսնում ենք այսօրվա Երեւանը` մայրաքաղաքը վերածնված Հայաստանի…»: Հետագայում Կ. Դեմիրճյանը եւս, հավատարիմ իր ազգային արմատներին, լինելով Ցեղասպանության ճանաչման համար Հայաստանում սկիզբ դրված գործողությունների ակունքներում, շարունակեց Ցեղասպանության հիշատակության ուղղությամբ տարվող աշխատանքները, էլ ավելի իմաստավորելով այդ գործընթացը: 1975թ. ապրիլի 14-ին ՀԿԿ ԿԿ-ն որոշում ընդունեց Հայերի ցեղասպանության 60-ամյակի կապակցությամբ միջոցառումների անցկացման մասին: Հարցը բարձրացվեց միութենական իշխանությունների առջեւ եւ իրականացվեց համազգային միջոցառում, պետական մակարդակով նշելու Ցեղասպանության 60-ամյակը:

1975թ. ապրիլի 24-ն առանձնակի օր էր: Առաջին անգամ այդ օրը պետականորեն նշվեց Հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցը: Ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ էր բարձրանում հանրապետության ղեկավարությունը` Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Նրանք ծաղկեպսակ դրեցին հուշարձանին: Այդ արարողությունը 1975թ. սկսած դարձավ պետական, հասարակական-քաղաքական միջոցառում, ազգային ավանդույթ եւ սրբազան ծես:

Թուրք իշխանամետ պատմաբան Քեմալ Չեքչեքը թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանեց` «Ցեղասպանության ոգեկոչումը հայերու մօտ կրոնի ու պաշտամունքի վերածված է»:

Այդ օրը առաջին անգամ տեղական ժամանակով ժամը 19:00-ին, հանրապետության ամբողջ տարածքով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հայտարարվեց Լռության րոպե, որը նույնպես դարձավ ավանդական: Հայերի ցեղասպանության 60-ամյակի առիթով սկիզբ դրվեց նաեւ մի այլ կարեւոր ավանդույթի` երկրի ղեկավարը` Կ. Դեմիրճյանը, ելույթ ունեցավ հանրապետական հեռուստատեսությամբ եւ ռադիոհեռարձակման ցանցով: Կ. Դալլաքյանը «Հուշապատում» գրքում գրում է. «Առաջին անգամ էր, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարը հեռուստատեսությամբ հանդես էր գալիս Ապրիլի 24-ի առիթով:

ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը ապրիլի 24-ի իր հեռուստաելույթում պաշտոնապես բարձրացրեց Հայկական հարցը` դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը, տալով քաղաքական գնահատական եւ որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Կ. Դեմիրճյանը ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ միշտ հորդորել է` ձերբազատվել զոհի բարդույթից։ «Լավատեսորեն հաղթահարենք ողբերգության հետեւանքները, միեւնույն ժամանակ` մոռացության չտալով մեր պատմության դաժան էջը»,- ասում էր նա: Մեծ իրադարձություն էր նաեւ մայրաքաղաք Երեւանի պատմության մեջ, երբ Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշարձանի հարեւանությամբ կառուցվեց Մարզահամերգային համալիրը, որի տեղի ընտրությունը միանշանակ չէր ընդունվում: Շատերն այն կարծիքին էին, որ զոհերի հուշարձանի կողքին չպետք է կառուցվի համերգային համալիր: ՄՀՀ-ի հանդիսավոր բացման արարողության ժամանակ Կ. Դեմիրճյանն իր ելույթում նշեց այն Ծիծեռնակաբերդում կառուցելու խորհուրդը. «Այսօր բացվող մարզահամերգային այս եզակի կառույցը` իր հրաշալի սանդղաշարերով, դահլիճներով ու շատրվաններով, Ծիծեռնակաբերդի այս բարձունքից դեպի գալիքը թեւածող հզոր թռչնի պես վեր է խոյացել մեր ժողովրդի ողբերգական անցյալի Եղեռնի զոհերի հուշարձանի կողքին, որպես խորհրդանիշը նրա վերածննդի, նրա այսօրվա բեղուն կյանքի եւ լուսավոր ապագայի»:

Ցավալի փաստ էր 1985թ. փետրվարի 15-ի ՄՀՀ-ի հրդեհը: Ուսումնասիրելով այդ առիթով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին ուղղված բազմաթիվ նամակներն ու հեռագրերը, համոզվում ենք, որ ազգաբնակչությունը հենց այդպես էլ ընկալում էր, որ Համալիրը մեր ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Այդ նամակներում մարդիկ իրենց ծառայությունն ու աջակցությունն էին առաջարկում Համալիրի վերանորոգման գործում: Դա եւս մի վառ վկայությունն էր ժողովրդի եւ հանրապետության ղեկավարի միասնության:

1995թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ զբոսայգում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այն կառուցվել է Մեծ եղեռնի հուշարձանի հարթակի հարավ-արեւմտյան հատվածում` ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ` Ս.Քալաշյան, Լ.Մկրտչյան, Ա.Թարխանյան), որով ամբողջացվել է Մեծ եղեռնի հուշահամալիրը:

Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգին բնության եւ ճարտարապետության բարձրարվեստ անսամբլի մի հազվագյուտ օրինակ է` ճարտարապետությունը դարձել է ասես բնության մի մասը, իսկ բնությունը` ճարտարապետության հարազատ միջավայր:

Հուշարձանը նոր էջ էր Երեւանի պատմության մեջ: Կառույցի առկայությունը մի նոր շունչ եւ ոգի հաղորդեց մայրաքաղաքի կյանքին, է՛լ ավելի բազմաբովանդակ դարձնելով մայրաքաղաքի առօրյան:

Հուշարձանը դարձավ մայրաքաղաքի այցեքարտը: Ծիծեռնակաբերդը բացման առաջին իսկ օրվանից Երեւանի ամենամասսայական եւ ամենաշատ հաճախելի վայրերից է: Այստեղ գալիս են ոչ միայն ապրիլի 24-ին, այլ տարվա բոլոր օրերին` տարբեր դավանանքի, քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, օտարերկրյա պետական պաշտոնական պատվիրակություններ, պետությունների ղեկավարներ, մայրաքաղաքում տեղի ունեցող միջազգային գիտաժողովների մասնակիցներ: Օտարերկրյա նշանավոր հայագետների, պատմաբանների, քաղաքական գործիչների շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում դարձել է քննարկման կարեւոր թեմա: (…) Հայոց ցեղասպանության հարցը դադարեց մտավորականության եւ սփյուռքի խնդիրը լինելուց, դառնալով համազգային խնդիր եւ պետական քաղաքականություն: Սկսած անցյալ դարի երկրորդ կեսից` փոխվեց օտարերկրյա պետությունների եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցների վերաբերմունքը հայերի Ցեղասպանության հարցի հանդեպ: Բազմաթիվ պետություններ եւ միջազգային կառույցներ ճանաչեցին եւ դատապարտեցին հայերի ցեղասպանությունը: Փոխվեց նաեւ ԽՍՀՄ-ի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանին եւ հայությանը հուզող հիմնախնդիրների հարցում:

Ամփոփելով վերը նշվածը եւ ներկայացնելով հայ ժողովրդի նորագույն պատմության խորհրդային ժամանակների ղեկավարների գործունեությունը Ցեղասպանության հարցի վերաբերյալ, պետք է նշեմ` թեեւ հաճախ են կարծիքներ հնչում, որ խորհրդային տարիներին հայերի ցեղասպանության հարցը փակ թեմա էր, սակայն այդպես չէ: Այդ են վկայում պատմական փաստերը: Անկախ ժամանակներից եւ իրադարձություններից, ըստ արժանվույն գնահատենք այն գործիչներին, որոնց հայրենանվեր գործունեությամբ է վերակառուցվել եւ գեղեցկացել Երեւանը: Գնահատենք նրանց ոչ միայն տարիների հեռվից, այլեւ պատմական համատեքստից` տվյալ ժամանակաշրջանի պայմաններից եւ իրադրությունից ելնելով: Եթե այսօր ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետության համար ավելի հեշտ է ազգային հարցեր բարձրացնելը, ապա անցյալ դարի երկրորդ կեսին այնքան էլ հեշտ չէր: Հայոց ցեղասպանության հարցը երկարատեւ պատմական գործընթաց է: Յուրաքանչյուր ղեկավարի ներդրումը այդ գործընթացի շարունակությունը ապահովող շղթայի մի անհրաժեշտ օղակ է, զարգացման հերթական փուլ:

Այսօր զբոսայգին այնքան էլ խնամված տեսք չունի, ինչպես նախկինում: Հեռվից անգամ նկատելի են չորացած ծառերն ու թփերը, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ: Խնամքի եւ ուշադրության են արժանի ոչ միայն այգու հուշահամալիրները, այլեւ զբոսայգին` «քաղաքի թոքերը», որի շնորհիվ բարելավվում է մայրաքաղաքի, հատկապես կենտրոնի բնակլիմայական միջավայրը:

Արուսյակ ՂԱՄԲԱՐՅԱՆ
«Կարեն Դեմիրճյանի թանգարանի» ավագ գիտաշխատող