Կամ` կամ

24/04/2012

«Կան մարդիկ, որ մինչեւ ժամը 1-ը` ընդմիջման ժամը, իշխանություն են, ընդմիջումից հետո դառնում են ընդդիմադիր»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` գնահատելով նախընտրական քարոզարշավի անցած ընթացքը: Հարցին` արդյո՞ք ԲՀԿ-ին նկատի ունի, Շարմազանովը պատասխանել է. «Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պատասխանատվությունից խուսափել: Մի բան հաստատ է` քաղաքականության մեջ չեն լինում «կիսա» վիճակներ: Կամ ընդդիմություն ես, կամ իշխանություն: Երրորդը չկա»: Շարմազանովն անդրադարձել է նաեւ արտախորհրդարանական ընդդիմությանը, որը, նրա կարծիքով, երկակի ստանդարտներ է կիրառում իշխանություններին քննադատելիս: «Արտախորհրդարանական ընդդիմությունը, որն իրեն հայտարարում էր քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքար մղող, այսօր ընտրողաբար է մոտենում: Կոալիցիայի մի մասին քննադատում է, մյուս մասին` չի քննադատում: Կարծես թե Հայաստանի երկու մարզում կյանքը շատ բարգավաճել է, չորս նախարարություններում կյանքը շատ փայլուն է եղել եւ բարգավաճել է, որեւէ պրոբլեմ չի եղել, իսկ մնացած մասում շատ վատ է եղել»,- ասել է նա։