«Իշխող կուսակցությունն այս փուլում ամենահանդուրժողն է»,- գնահատելով նախընտրական քարոզարշավի առաջին կեսը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Միանշանակ Հանրապետականը իր քարոզչությունը չի տանում ընդդեմ ինչ-որ մեկի, շատ դեպքերում հայհոյանքների չի էլ պատասխանում»,- ասել է նա` մատնանշելով մի քանի ուշագրավ հանգամանքներ, որ դրսեւորվել են քարոզարշավի առաջին 15 օրերի ընթացքում. մեկը, որ իշխող կոալիցիային անդամակցող որոշ քաղաքական գործիչներ` «օր օրի ավելի են խստացնում իրենց հռետորաբանությունը` մոռանալով, որ իրենք էլ իշխանության մաս են եւ պատասխանատվություն են կրում վիճակի համար»: «Կան մարդիկ, որ մինչեւ ժամը 1-ը` ընդմիջման ժամը, իշխանություն են, ընդմիջումից հետո դառնում են ընդդիմադիր»,- ասել է նա: Հարցին` արդյո՞ք ԲՀԿ-ին նկատի ունի, Շարմազանովը պատասխանել է. «Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պատասխանատվությունից խուսափել: Մի բան հաստատ է` քաղաքականության մեջ չեն լինում «կիսա» վիճակներ: Կամ ընդդիմություն ես, կամ իշխանություն: Երրորդը չկա»: Մյուս հետաքրքիր հանգամանքն, ըստ նրա, այն է, որ ընդդիմությունը երկակի ստանդարտներ է կիրառում իշխանություններին քննադատելիս: «Արտախորհրդարանական ընդդիմությունը, որն իրեն հայտարարում էր քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքար մղող, այսօր ընտրողաբար է մոտենում: Կոալիցիայի մի մասին քննադատում է, մյուս մասին` չի քննադատում: Կարծես թե Հայաստանի երկու մարզում կյանքը շատ բարգավաճել է, չորս նախարարություններում կյանքը շատ փայլուն է եղել եւ բարգավաճել է, որեւէ պրոբլեմ չի եղել, իսկ մնացած մասում շատ վատ է եղել: Բայց ինձ ավելի շատ մեկ այլ բան է անհանգստացնում: Ցավով պետք է նշեմ, որ իմ երկրի առաջին նախագահը, ով նաեւ Կոնգրեսի առաջնորդն է, իրեն թույլ է տալիս հանրության հետ հանդիպումների ժամանակ կոռեկտության բոլոր սահմաններն անցնել եւ նաեւ մեր ազգային անվտանգությանը վնասող հայտարարություններ անել»: