Ուզում եմ, որ մարդիկ չհեռանան մեր երկրից

24/04/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքին հետեւում էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Նա ասաց, թե չգիտեր, որ այդ օրը հանրահավաք է լինելու, եկել է տեսնելու իտալացի երգիչ Անդրեա Բոչելլի` համերգի համար տեղադրված հզոր տեխնիկական միջոցները: Բայց Ա.Իսպիրյանն ավելացրեց, որ կմնա նաեւ հանրահավաքին: Օգտվելով առիթից` մի քանի հարց ուղղեցինք երգչին:

– Ձեր շատ գործընկեր երգիչ-երգչուհիներ կցվում են տարբեր կուսակցություններին ու մասնակցում են նրանց քարոզարշավին` մինչեւ քաղաքական գործիչների ելույթները երգում են ու այդպիսով կոչ են անում ընտրել տվյալ կուսակցությանը: Երբեմն նաեւ հայտարարում են, որ իրենք իշխանական այս կամ այն կուսակցությանն են ընտրում: Դուք չե՞ք մասնակցում քարոզարշավին:

– Ես ընդհանրապես չկամ ոչ մի քարոզարշավում: Կարող է նախագահական ընտրությունների ժամանակ լինեմ: Երբ ժամանակը գա, կասեմ, թե ում կողքին եմ կանգնած, բայց այս քարոզարշավներին ես չեմ մասնակցում:

– Ունե՞ք Ձեր նախընտրած նախագահի թեկնածուն:

– Դեռ ոչ: Չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, որ հետո սխալվեմ, որովհետեւ երբեմն ասում ենք ու սխալվում ենք նախագահի հարցում:

– Իսկ ինչո՞ւ նախագահական ընտրությունների դեպքում հնարավոր է Ձեր մասնակցությունը, իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում` ոչ:

– Որովհետեւ այս մի տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունները հավանաբար ցույց կտան ճիշտ նախագահի ընտրությունը:

– Զուտ արժանիքների առումով ի՞նչ որակի մարդ կարող է լինել Ձեր նախընտրած նախագահը, այն մարդը, ում քարոզարշավին կմասնակցեք:

– Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ: Պարզապես ես ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, այսպիսի ընկճված մարդիկ չտեսնեմ փողոցներում: Ուզում եմ, որ մարդիկ չհեռանան մեր երկրից: Չգիտեմ, թե որ նախագահը կամ ով կարող է այս վիճակից մեր երկիրը փրկել, շատ-շատ ահավոր վիճակ է: Մեր տնտեսությունը գտնվում է ահավոր վիճակում: Չգիտեմ, թե ինչ հրաշք պետք է լինի, որ փրկեն ժողովրդին այդ վիճակից: Այս ամեն ինչը տեսնելով` ես չեմ ուզում ոչ մի քաղաքական ուժի կողքին լինել:

– Ձեր կինը ԱՄՆ-ից է, Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել տեղափոխվել այդ երկիր, ինչպես դա անում են շատ երգիչներ: Ձեր կինը Ձեզ չի՞ հորդորել վերադառնալ:

– Ոչ մի դեպքում: Իմ կինն ավելի հայրենասեր է: Եվ որքան տեսնում ենք, թե մեր հայրենիքի վիճակը գնալով ինչպես է վատանում, տեսնում եք` ինչ վիճակ է ժողովրդի մոտ, այդքան մենք շատ ենք ուզում այստեղ ապրել ու ինչ-որ բանով օգտակար լինել: Երբ լավ լինի, կարող է գնանք: Ես իմ մասնագիտությամբ փորձում եմ օգտակար լինել գոնե մշակույթի ոլորտում, եւ պրոպագանդում եմ լավ երաժշտությունը: Գոնե մշակույթի մեջ փորձում եմ մի բան անել, որ այսօրվա վիճակից դուրս գա: Մշակույթի վիճակն էլ է շատ վատ: Հեռուստաէկրանից նայում ենք ֆիլմեր, որ ընդհանրապես չպետք է ցույց տալ:

– Ձեր կարծիքով` պետությունն իր «լուման» ունի՞, որ հեռուստատեսության ու ողջ մշակույթի վիճակն այդքան վատ է:

– Հնարավոր է: Միգուցե ճիշտ կադրային ընտրություն չեն արել: Հեռուստաընկերություններում պետք է ճիշտ մասնագետներ աշխատեն, որ ինչ-որ բան տան ժողովրդին: Եվ ոչ թե այնպես անեն, որ եղածն էլ վերցնեն: Մենք ունենք մշակութային արժեքներ, որոնք էկրանին չեն երեւում: յսօր ակումբներում հանճարեղ երաժիշտներ են ելույթ ունենում, ովքեր հեռուստաընկերություններում չեն երեւում: Հեռուստաընկերությունում պակասում են այն մասնագետները, որ այդ մարդկանց եթեր բերեն: