Նոր Նորքում բնակիչների հետ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանը բավականին մտահոգված տեսքով երկար ժամանակ ինչ-որ բան էին քննարկում: Փորձեցինք Ռուբեն Հայրապետյանից ճշտել, թե ո՞րն է նրանց մտահոգության պատճառը: Արդյո՞ք հանդիպումն իրենց սպասելիքները չարդարացրեց:
– Հակառակը, շատ լավ էր, ամեն ինչը` բարձր մակարդակով, ժողովուրդը նորմալ մասնակցում էր, իրենց խնդիրներով դիմեցին նախագահին: Պարզապես օրվա վերջ է, հոգնում ենք: Կարող է դեմքի միմիկաներից ինչ-որ բաներ զգաք, բայց այդպես չէ:
– Իսկ դժվար չե՞ն նման հանդիպումները, երբ շատ մարդիկ մոտենում են, սոցիալական ու այլ հարցեր են բարձրացնում, ինչ-որ բաներ են խնդրում:
– Ես հաճույք եմ ստանում դրանից: ինձ համար ամենահաճելի բանն այն է, որ շփվում ենք մարդկանց հետ ու նրանց խնդիրները լուծում ենք: Մի քիչ առաջ, որ մոտենայիք մեզ, կտեսնեիք, որ մարդիկ եկել էին եւ ընդամենը շնորհակալություն էին հայտնում: Ես էլ չեմ հիշում, թե երբ եմ օգնել նրանց: Ես էլ ասում էի, թե` խնդրում եմ, շնորհակալություն չասեք, թե չէ էլ չեմ օգնելու: Մարդիկ մոտենում` խնդրանքով դիմում են, նամակներ են հանձնում: Հաճելի է, լուծում ենք: Ես հաճույք եմ ստանում, որ կարողանում եմ մեր քաղաքացուն օգնել:
– Իսկ միգուցե հոգեբանորեն դժվա՞ր է այդքան շատ խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելը:
– Իհարկե, դժվար չէ ինձ համար, որովհետեւ, եթե առաջներում մարդիկ գումար էին խնդրում, հիմա նման բան չկա: Հիմա մարդկանց 90 տոկոսը պարզապես իր նկատմամբ անարդար քայլերի համար է լուծում խնդրում: Մի տղա մոտեցավ, հայտնեց, թե անարդար կերպով իրեն ուզում են «ԱրմենՏելից» կրճատել: Խնդրում է իրեն տեր կանգնել: Նման հարցեր լսում ես ու, երբ կարողանում ես օգնել, լավ ես զգում:
– Իսկ «ԱրմենՏելում» դուք կարո՞ղ եք հարց լուծել: Չէ՞ որ դա մասնավոր ընկերություն է: Ավելին` պատկանում է ռուսական ընկերությանը:
– Իհարկե, ես կփորձեմ խնդրել, որ այդ տղային օգնեն: Կարծում եմ, որ ինձ կհաջողվի: Բազմաթիվ հարցերով էլ իրենք են ինձ դիմում:
– Իսկ ընտրական այս պրոցեսում քաղաքական դաշտից ի՞նչ տպավորություն ունեք: Կարծեք թե երկու թեւերի է բաժանվել` իշխանական եւ հակաիշխանական:
– Ես չեմ կարող ասել, թե երկու թեւեր կան: Հակառակը` մի քանի թեւերի են բաժանված: Պարզապես ձեզ այդպես է թվում, որովհետեւ մի թեւ կա, որը մյուսին, անմարդկայնորեն չափերն անցած` վիրավորում է: Կամ էլ, պայքարը ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ չի, պայքարը բոլոր կուսակցությունների մեջ է: Ավելի շուտ գաղափարական կուսակցությունների, քան` ավազակախումբ ՀԱԿ-ի մեջ: Նրանք վիրավորում են ու հայհոյում: Համենայնդեպս հավասար պայքար է գնում: Եթե չլինեն այդ վիրավորանքները, մնացած ամեն ինչ նորմալ է:
– Բայց ձեր կողմից էլ վիրավորանքներ հնչում են:
– Բան չունեմ ասելու, կարող է` կա: Այնուամենայնիվ, դա լավ բան չէ: Եթե մենք էլ ենք անում, սխալ ենք անում: