«Կարեւորը՝ կարդան գիրքը»,- ասում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

24/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի երկրորդ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, ինչպես նաեւ` ուսանողներ: «Մենք գիրքը հրատարակելու ժամանակ հաճախ այսպիսի մի հարցադրման առաջ էինք կանգնում` արդյո՞ք մեզ պետք են այսպիսի ուղղակի զուգահեռներ հելլենական կիսաստվածների եւ կիսամարդկանց դիվանագիտական հարաբերությունների, ու մեկ էլ հանկարծ` երեկվա ինչ-որ մի թեմայի հետ` Ելցինի հարաբերությունը Մուհամադ Քադաֆիի հետ: Արդյո՞ք այդ թռիչքի մեջ չենք կորցնում ինչ-որ բաներ: Բայց հետո պարզեցինք, որ դա մի հետաքրքիր ֆանտասմագորիա է բերում: Շատ հետաքրքիր գրիչ ունի Արման Նավասարդյանը»,- շնորհանդեսին ներկա գտնվողներին ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդմոն Գազազյանն էլ իր խոսքում նկատեց. «Այս գրքի հեղինակն, իրոք, պրոֆեսիոնալ է: Այդ առումով գրվածքն այնքան հիմնավոր է, որ իսկույն ընկալվում է նույնիսկ նրանց կողմից, ովքեր դիվանագիտության հետ դեռ չեն շփվել: Արման Նավասարդյանը ժամանակները կարողանում է կապել իրար հետ: Երբ մենք նայում ենք Հերմեսից մինչեւ նոր Հունաստան այդ ամբողջ հսկա շերտը, տեսնում ենք, որ մարդիկ գործել, պայքարել են այնպես, ինչպես հիմա ապրում են տարբեր մարդիկ տարբեր երկրներում: Խոսքն այն մասին է, որ մենք գործ ունենք խորը պրոֆեսիոնալի հետ, որը լավ ընկալում է ամեն ինչ եւ կարողանում է արժանվույն գնահատականներ տալ»: Վերջինս բարձր գնահատեց նաեւ հեղինակի հումորի զգացումը, որն առկա է նաեւ գրքում: Բանախոսը կրկին ընդգծեց գրքում առկա զուգահեռների մասին` միեւնույն ժամանակ զարմանալով, թե ինչպես է Ա. Նավասարդյանին հաջողվել այդչափ «հրաշալի ձեւով անել դա»: Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ խոսեց դիվանագիտությանը սերտորեն առնչվող հոգեբանության մասին: «Դիվանագիտական գործունեությունն ինձ հետաքրքրում է վաղուց: Որպես հոգեբան` մենք միշտ հետաքրքրվում ենք մարդկային գործունեության տարբեր տեսակներով, որոնցից մեկը դիվանագիտական գործունեությունն է: Տարիներ առաջ, երբ Նավասարդյանն աշխատում էր Խորհրդային Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում, միասին ձեռնարկեցինք հոգեբանական հետազոտություններ, բայց հետո նա գնաց իր ճանապարհով` դիվանագիտական աշխատանքի, եւ մենք նվիրվեցինք հոգեբանական ուսումնասիրություններին: Եվ ահա, վերջացնելով իր մասնագիտական գործունեությունը, մենք կրկին հանդիպեցինք: Երբ մենք քննարկեցինք, հանգեցինք այն եզրակացության, որ հսկայական փորձը եւ գիտելիքները, որ նա ձեռք է բերել տարիների ընթացքում, նա պետք է անպայման օգտագործի, դրսեւորի Հայաստանին նոր օգտավետ գործունեության մի ամբողջ շարք նվիրելու համար»,- ասաց Ա. Նալչաջյանը: Վերջում իր խոսքն ասաց նաեւ Արման Նավասարդյանը. «Կա մի շատ կարեւոր բնազդ մարդու մեջ` նկատվելու եւ ըստ արժանվույնս գնահատվելու բնազդը, որը շատ ավելի կարեւոր է, շատ ավելի անանց է, քան մյուս բոլոր բնազդները մարդու մեջ: Համենայնդեպս, դա ծնվում է առաջին օրվանից, երբ մարդը գալիս է ընդհանուր գիտակցության, հասկանում է աշխարհը եւ մինչեւ հեռանում է այս աշխարհից: Ասածս այն է, որ երբ մենք անում ենք մի բան` լինի դա ձեռքի աշխատանք, մտքի աշխատանք, անպայման պետք է, որ դա գնահատվի, նկատվի: Դերասանն ուզում է, որ իրեն ծափահարեն, եթե ստեղծագործում ես, գրում ես` պետք է նկատվի դա: Իսկ գրքի պարագայում ամենակարեւորն ինձ համար այն է, որ գիրքը կարդացվի` կարեւոր չէ` ի՞նչ գնահատական կստանաս, բայց կարդան գիրքը»: Նա` համեմատելով իր սերնդակիցներին այսօրվա երիտասարդության հետ, որպես բացասական երեւույթ` ընդգծեց գիրք չկարդալը` ասելով, որ որեւէ բան չի կարող փոխարինել գրքին, ինչը, սակայն, այսօրվա երիտասարդությունը չի գիտակցում: «Գիրքը թթվածին էր մեզ համար, ու նաեւ այսօր է դա մեզ համար այդպես»,- ասաց Արման Նավասարդյանը` հորդորելով վերականգնել գիրք կարդալու սովորությունը, ինչին, ըստ նրա` չի կարող փոխարինել ոչ ինտերնետը, ոչ էլ մեկ այլ բան: