Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ ՀԱԿ անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ով, հասկանալի է` առաջադրվեց, քանի որ Խ. Սուքիասյանին չթույլատրեցին գրանցվել: Վերջինս դա համարում է անօրինական եւ իշխանությունների կողմից գործադրվող ճնշում ընդդիմության նկատմամբ: Նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է` ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իր առաջադրումը ՀԱԿ-ում համարում են սխալ` պատճառաբանությամբ, թե չպետք է առաջադրվեր այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու հավակնություն ուներ Խ. Սուքիասյանը: «Ճիշտն ասած, ես չգիտեմ` որտեղ է գրված, որ իմ թեկնածությունն առաջադրելը սխալ է: Երբ ես հայտարարեցի, որ այս ընտրատարածքում առաջադրելու եմ իմ թեկնածությունը, դեռեւս ոչ ոք չէր հայտարարել, որ ինքն էլ նման մտադրություն ունի: Բացի դրանից, իմ իմանալով` ընդդիմությունը, մասնավորապես` ՀԱԿ-ը, գրեթե բոլոր ընտրատարածքներում էլ ունի առաջադրված թեկնածուներ: Չեմ ուզում խորանալ օրենքի մեջ, որովհետեւ կարծում եմ` հիմքեր ունեցել են, որ Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել: Սակայն, կրկնում եմ` չեմ ուզում ներքաշվել այդ խնդրի մեջ: Մի շարք այլ թեկնածուներ եւս չեն գրանցվել, եւ ի վերջո, եթե կա օրենք, ապա վերջին հաշվով` պետք է պահպանել այդ օրենքի տառը` անկախ այն հանգամանքից, թե ում է այն վերաբերում: Ի վերջո, մեր բոլորի պահանջն ու ցանկությունն այն է, որ օրենքը գերակա լինի մեր երկրում: Եթե մենք պահանջում ենք, որ օրենքը գերակա լինի, ապա այն պետք է գործի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերի դեպքում: Նույն ընդդիմադիր ուժերի ցանկությունը եւս այն է, որ օրենքը գերակա լինի, եւ հավասար պայմաններ լինեն բոլորի համար»,- ասել է Գ. Նուշիկյանը: